Դաժան անցյալ, անորոշ ներկա ու անհույս ապագա. 22 տարի առաջ «Պրագա» հյուրանոցում օթևանած ընտանիքներն առ այսօր կրում են «փախստական» պիտակը

60-ականների Երևանի ամենաշքեղ ինտուրիստ հյուրանոցներից մեկը`«Պրագան», այսօր անմխիթար տեսք ունի: Մութ, նեղ միջանցքներում խոնավությունից պոկվել է մանրահատակը, թափվել պատի ծեփը:
Միայն գետնի քրքրված ու թաց կարմիր կարպետն է փաստում, որ այստեղ ժամանակին հարուստ օտարերկրացիներ են օթևանել։ 1988 թվականի Բաքվի ջարդերից մազապուրծ 37 ընտանիք է ապաստան գտել այստեղ ու ապրում է մինչ օրս, 1997 թվականից արդեն տանտիրոջ` սեփականատիրոջ կարգավիճակով:
Առաջին հարկի շքամուտքում երեսի վրա գետնին ընկած լալիս է երկու տարեկան  շեկլիկ մի տղեկ, ոտքերն ու ձեռքերը գետնին է խփում` քույրերը տուն են մտել ու մոռացել են նրան ներս թողնել:
Քիչ անց դուռը բացում է յոթ տարեկան Վալյան ու եղբորը գրկած ներս տանում: Ներսում կիսախավար է, պատերը սև են, գետնին թղթեր կան թափթփված։ Սենյակում, որ նրանց տունն է, հազիվ են տեղավորվել երկու մահճակալ, նեղ բազմոց, մեկ աթոռ և մի փոքրիկ սեղան:

Սեղանի վրա կրծած եգիպտացորեն են ու կեղտոտ ափսեների կույտ: Քիչ այն կողմ էլեկտրական ջեռոցի վրա երեխաների տատը` տիկին Էմման, հավի կոտլետ է տապակում:

Տիկին Էմման ասում է, թե Բաքվում կոսմետոլոգ է աշխատել, կոսմետոլոգ են եղել նաև նրա մայրն ու տատը.

«Տատս մեծ, շքեղ սալոն ուներ»,- սիրում է հիշել նա:

Փոքրիկ սենյակում ամենուր երեխաներ են, ծիծաղելով իրար ձեռից թռցնում են տաք-տաք կոտլետներն ու արագ կուլ տալիս` յուղոտ ձեռքերը տատից թաքուն սրբելով անկողնուն, որն առանց այդ էլ կեղտոտ է:

Հավի կոտլետները գնում են «Սթար» սուպերմարքեթից, պատմում է Էմման. «Ակցիա ա` էժան ենք առում`հին են»:

«190 դրամ` 6 հատը»,- գոռում է 10 տարեկան Ամինան:

Տիկին Էմման տասը թոռ ունի. երկու աղջիկներից մեկը յոթ երեխա ունի, մյուսը` երեք: Երկուսն էլ ամուսին չունեն: Ցերեկը նրանք կա´մ աշխատանքի են լինում, կա´մ գնում են աշխատանք փնտելու, իսկ երեխաների մասին հոգում է տատը:

Երկու աղջիկները նույն շքամուտքում իրար դիմաց սենյակներ ունեն:

60-ամյա Էմման գիշերում է յոթ երեխա ունեցող աղջկա տանը: Նրանց ընտանիքը օրական 10-15 հաց է գնում:

«Հացը ոնց որ ոսկի լինի»,- ասում է Էմման ու պատմում, որ երբեմն տանը ուտելիք չի լինում, երեխաներն աղ են ցանում հացին և ուտում:

Տիկին Էմմայի 13-ամյա գեղեցկադեմ թոռնուհին հասունանալով ծանր է տանում ընտանիքի սոցիալական վիճակը. դպրոցում տղաներից մեկն ասել է. «Էս փախստականի շո՞ր ես հագել»: Աղջիկը չի ցանկանում դպրոց գնալ:

Դպրոց գնալու ժամն է, դպրոցից ուշացող 9-ամյա Աննան արագ-արագ հագնվում է, դպրոցական սպիտակ կոշիկները անկողնու մեջ է պահում, որ չկեղտոտվեն:

Ներս է վազում Ամինան, նա էլ է պատրաստվում դպրոց գնալու: Ամինան ցուցադրաբար ոտքը մտցնում է ամառային մաշված սանդալի մեջ ու փորձում ապացուցել, որ բութ մատը գետնին է քսվում:

«Ի´նձ տուր կոշիկներդ»,- ցածրաձայն ասում է նա:

«Էմմա´, փո´ղ տուր»,- նվվում է Աննան` դիմելով տատին ու, ստանալով 100 դրամանոց, իր սպիտակ կոշիկներով արագ դուրս է փախչում:

«Էմմա´, ես էսօր դպրոց չեմ գնա, ինձնից գրքի փող են ուզում»,- նվնվում է Ամինան:

«Էմմա~, փո´ղ տուր` Վինքսի տիպ առնեմ»,- միանում է մյուս թոռնուհին, նրան էլ միանում են մյուս թոռները, ու փոքրիկ սենյակը սկսում է թնդալ «Էմմա~, փո´ղ տուր»-ներով:

Նույն հարկում է ապրում 77-ամյա Վարսենիկ Զախարյանը: Նրա գլուխը ցավում է շենքի երեխաների բարձրացրած աղմուկից:

Երեք օր է` ջերմում է, բայց շուկա է գնացել:

«Կամաց-կամաց քինացի-եկա, ախր, օգնող չունեմ, մենակ եմ»,- հուզվում է տիկին Վարսիկը:

Տղային ու ամուսնուն կորցրել է Բաքվում. «Քացիներով էնքան են ծեծել` երկուսին էլ սպանել են»:

Վարսիկն ամուսնու և տղայի հետ աշխատել է «ալյումինի զավոդում»: Պատմում է, որ հենց գործարանում էլ սպանել են հարազատներին:

Աշխատողներից մեկը վազելով եկել, պատմել է նրան ու զգուշացրել, որ տուն էլ չփախչի, որովհետև հայերի տները քանդում են:

«Հենց զավոդից Շահումյանի քուչի հայկական եկեղեցի գնացող տռալեյբուս կար, նստեցի ու փախա: Էնտեղից էլ աերապորտ ու`Հայաստան»,- պատմում է նա ու կոկիկ տան դարակից հանում Բաքվի տան բանալին` միակ իրը, որ բերել է այնտեղից:

Տիկին Վարսիկը կողքի զբոսայգում արևածաղիկ է վաճառում: Ասում է, որ առևտուրը վատ է, սակայն որպեսզի տնից դուրս գա, մարդկանց հետ շփվի` գերադասում է աշխատել:

Տիկին Վարսիկի գլխավերևում է ապրում 77 տարեկան Սոնյա Ամիրյանը` տղայի, հարսի և երեք թոռնիկների հետ` 2, 3 և 5 տարեկան:

Նրանց տանը զինվորական կարգուկանոն է, երեք երեխաներն ամեն օր օգնում են մորը սենյակը հավաքելու: Երկտեղանի մահճակալին երեք երեխաների հետ միասին են քնում ամուսինները:

Պահարանում իրարից 5 սանտիմետր հեռավորությամբ շարված հախճապակե սպասքն ու բաժակներն ազդում են տիկին Սոնյայի նյարդերի վրա. «Առնող լիներ` ծախեի, փոխարենը երեխեքի համար միրգ առնեի»,- ասում է նա:

Տիկին Սոնյան երկու տղա զավակ է ունեցել, մեծը ծառայելիս է եղել ադրբեջանական բանակում. «Թուրքերը սպանեցի~ն ամուսնուս էլ, տղայիս էլ»,- աչքերը սրբելով` պատմում է տիկին Սոնյան:

Նա ցավով է հիշում Բաքվում ապրած կյանքը, իրենց տունը. «Ինձ բոլորը բախտավոր էին համարում»:

Նա երեք երեխա է ունեցել, լավ ամուսին: Տղաները երաժշտական գործիք են նվագել, աղջիկը երգել է. «Բոլորը հավաքվում, լսում էին, է~, բախտ մնաց: Տունս լիքը-լիքը, մե~ծ: Էկա էս խցի մեջ եմ ապրում: Ջհայնամը տունը, բալիս թողեցի էնտեղ, բալիս»:

Արցունքները մաքրելով ասում է, որ հեռուստացույցով լսել է, թե Բաքվի հայկական գերեզմանները ջարդել են:

Տիկին Սոնյան պատմում է, որ 1988 թվականին վախից գիշերները չի քնել: Երբ ադրբեջանցիները հարձակվել են իրենց շենքի վրա ու սկսել դուռը ջարդել, արթուն է եղել. «Պարան կապեցի, երկրորդ հարկից փախանք ես ու ողջ մնացած տղաս»:

Ադրբեջանցի հարևանը, ում հետ մտերիմ են եղել, տաքսի է կանչել, զգուշացրել, որ մեքենայում հայերեն չխոսեն և ուղիղ օդանավակայան գնան: Աղջիկն այդ ժամանակ արդեն ամուսնացած է եղել և ապրել է Արցախում:

Տիկին Սոնյայի տղան տրոլեյբուսի վարորդ է, ստանում է 50.000 դրամ, աշխատանք ունենալու պատճառով նրանց ընտանիքը զրկվել է «Փարոսի» դրամական օգնությունից:

«Բա էդքան քիչ փողով ընտանի՞ք կպահեն»,- ջղայնանում է նա:

«Ահազանգ» բարեգործական հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ջ. Երեմյանցն ասում է, որ փախստականների մեծ մասն ունի թեև շատ փոքրիկ, բայց սեփականաշնորհված տարածք:

Բացի փոքր տնից, շատ ավելի վատ է այն, որ այս մարդիկ մինչ օրս կրում են «փախստական» անունը և դանդաղ են ինտեգրվում Հայաստանում. «Կարծում եմ` լեզուն է պատճառը: Նաև այն, որ այս մարդիկ աշխատանք չգտան Հայաստանում, այնինչ շատերը բարձրագույն ավարտածներ էին, այդ պատճառով էլ չշփվեցին տեղի բնակչության հետ, չմերվեցին»:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության տվյալներով` Հայաստանում բնակվում է Ադրբեջանից բռնագաղթած շուրջ 313 հազար հայ փախստական:

Մարդկանց դժվար կենցաղին հաճախ գումարվում է երևանցիների անբարյացակամ վերաբերմունքն ու «փախստական» պիտակը, որը տարիների ընթացքում իմաստափոխվել է` վիրավորական իմաստ ձեռք բերելով:

«Փախստական» պիտակն այս մարդիկ կրում են 22 տարի շարունակ, իսկ բառի հետևում դաժան անցյալ է, անորոշ ներկա և անհույս ապագա:

Արփի Մաղաքյան

Լուսանկարները` Իննա Մխիթարյանի

© Medialab.am