Թեև հոկտեմբերի 3-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է կառավարության հստակ դիրքորոշումը Ռուսաստանի կողմից իրականացվող աղմկահարույց «Համերկրացիներ» ծրագրի վերաբերյալ` ԱԺ ամբիոնից հայտարարելով, թե «այն ձևով ու ֆորմատով, որով ծրագիրն իրականացվում է այլ հանրապետություններում, մեզ համար ընդունելի չէ», այնուամենայնիվ, Հայաստանի բնակիչներին շահավետ պայմաններ առաջարկող ծրագիրը շարունակում է նույն ռիթմով աշխատել` Ռուսաստանի տարբեր մասերում «ապաստան» տրամադրելով բազմաթիվ մարդկանց:
«Ռուսաստանի իշխանությունները նույնպես զարմացած էին վարչապետի այս հայտարարությամբ և նույնիսկ իրենց բացասական գնահատական տվեցին` նշելով, որ եթե Հայաստանի կառավարությունը մտահոգված է իր երկրից արտագաղթով, ապա թող իր բնակչության կենսամակարդակը բարձրացնի»,- ասում է քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը, ով ամբողջ աղմուկը որակում է որպես իմիտացիա և կապում է գալիք նախագահական ընտրությունների հետ:
2013-ի նախագահական ընտրություններին ընդառաջ արտագաղթի թեման հիմնական շահարկումների առիթ է` իշխանությունների վարած քաղաքականությունը քննադատելու համար: Թեև մասնագետները նշում են, որ այս ոլորտում ամբողջական ուսումնասիրություն գոյություն չունի, այնուամենայնիվ, իրավիճակն իրոք անհանգստացնող է նույնիսկ ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տրամադրած միջազգային ուղևորափոխադրումների վերաբերյալ տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2012 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը (հանրապետությունից մեկնածների թվի գերազանցումը հանրապետություն ժամանածների թվին) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 7,2 հազարով կամ 8,0%-ով և կազմել -97,1 հազար մարդ:
Հիմնական ուղղություններից մեկը, ինչպես միշտ, մնում է Ռուսաստանը, քանի որ ի տարբերություն, օրինակ` եվրոպական երկրների, վիզային ռեժիմի խոչընդոտ գոյություն չունի, և մարդիկ կարողանում են երկրում ոչ լեգալ գտնվելով աշխատել և ապահովել Հայաստանում մնացած իրենց ընտանիքներին:
Այս առումով 2006-ից մեկնարկած ՌԴ միգրացիոն ծառայության «Համերկրացիներ» ծրագիրը գրավիչ պայմաններով և առաջարկվող փաթեթով լավ հնարավորություն է ընձեռում ԱՊՀ երկրների բնակիչներին ընտանյոք հանդերձ օրինական հիմունքներով տեղափոխվել Ռուսաստանի` հիմնականում ծայրամասային բնակավայրեր` տրամադրելով ինչպես աշխատանք, այնպես էլ տուն, հոգալով տեղափոխման և հարակից բոլոր ծախսերը:
«Երկար տարիներ մարդիկ այդ ծրագրով գնացել են, և ոչ մեկը դրան ուշադրություն չի դարձրել: Քանի որ նախընտրական քարոզարշավն արդեն սկսված է, ՀՀ կառավարությունն ասում է, որ մտահոգված է արտագաղթով, թեև գործնականում ոչ մի քայլ չի արել: Իսկ ինչքանով է մտահոգված, սա ընդամենն կեղծ աղմուկ է»,- ասում է վերլուծաբան Երվանդ Բոզոյանը:
Չնայած մինչև անցյալ տարի ծրագրի շուրջ խոսակցություններն ավելի բուռն էին, քանի որ ի տարբերություն ներկայիս լուռ աշխատաոճի, գրավիչ ռադիո, հեռուստատեսային, ինչպես նաև օնլայն հնարավորություններն օգտագործելով, «Համերկրացիներ» ծրագիրը գովազդվում էր` ավելի ու ավելի շատ մարդկանց ներգրավելով, այնուամենայնիվ մեկամյա լռությունից հետո կրքերը բորբոքվեցին այն բանից հետո, երբ ծրագիրը դյուրացնելու նպատակով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոփոխություններ կատարելու հրամանագիր ստորագրեց` ծրագրի տևողությունը դարձնելով անժամկետ:
Հրամանագրով նաև մի շարք փոփոխություններ կատարվեցին, մասնավորապես, զգալի դյուրացվեց ծրագրին դիմելու ընթացակարգը, ինչպես նաև հնարավորություն ընձեռվեց Ռուսաստան մեկնող ընտանիքների կազմում ընդգրկել նաև տատիկ-պապիկներին, չափահաս տարիքի քույր-եղբայրներին: Այսինքն` ստեղծվեցին բոլոր պայմանները մեծ ընտանիքներով Հայաստանից հեռանալու համար:
Տիգրան Սարգսյանի հայտարարության պատասխանը չուշացավ Ռուսաստանի կողմից: Հայաստանում ՌԴ դեսպանը, կոշտ գնահատականներ հնչեցնելով, հայտարարեց, որ «Ռուսաստանը բռնի ուժով Հայաստանի քաղաքացիներին Ռուսաստան չի տանում»:
«Ի՞նչ է, հայերին ինչ-որ մեկը հարկադրաբա՞ր է Ռուսաստան տանում: Եթե մեր միգրացիոն ծառայության ծրագիրը փակենք, դուք կարծում եք` մարդիկ չե՞ն մեկնի Ռուսաստան»,- հոկտեմբերի 10-ին հրավիրած մամուլի ասուլիսում ասաց դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն`նշելով, որ մարդիկ մեկնում են, քանի որ օբյեկտիվ պատճառներ ունեն, և որ ԱՄՆ-ի «Գրին քարտ» ծրագրով Հայաստանից ավելի շատ մարդ է մեկնել, քան «Համերկրացիներ» ծրագրով:
Թեև «Գրին քարտին» մասնակցելով չի պարտադրվում հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, ինչը «Համերկրացիների» պարտադիր պայմաններից մեկն է, այնուամենայնիվ, ամեն ինչ մի քիչ էլ հեռուն գնաց:
Հոկտեմբերի 12-ին հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում հայկական կողմը կրկին կտրուկ դիրքորոշում արտահայտեց «Համերկրացիների» հասցեին, այս անգամ արդեն` արձանագրության տեսքով:
«Հայկական կողմն արձանագրել է, որ կտրականապես դեմ է ծրագրին,- լրագրողներին տեղեկացրեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` հավելելով,- Հայաստանի տարածքում գործողությունները որոշում է Հայաստանը: Քանի որ մենք դեմ ենք արտահայտվել այդ ծրագրին, բնական է, որ այն չի կարող իրականացվել»:
Սակայն տարիներ շարունակ Ռուսաստանի վարած քաղաքականության դեմ լռություն պահպանող կառավարության անհասկանալի պոռթկումը միանշանակ չի ընդունվել:
«Կառավարությունը հերթական անգամ իմիտացիայով է զբաղվում, ինչպես մյուս բոլոր ոլորտներում: Եթե նա իսկապես մտահոգված լիներ, ապա գործնական քայլերի կդիմեր»,- նշում է Երվանդ Բոզոյանը:
Տասնամյակներ շարունակ Հայաստանի բնակիչների համար Ռուսաստանը աշխատանքային միգրացիայի ամենանախընտրելի ուղղությունն է: Ոչ լեգալ աշխատելով Ռուսաստանում` տասնյակ հազարավոր հայ տղամարդիկ փաստացի պահում են Հայաստանում մնացած իրենց ընտանիքներին: Սրա վառ վկայությունը նաև բանկային փոխանցումներն են, որոնց առյուծի բաժինը ընկնում է Ռուսաստանին:
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների` այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի տրասֆերտների ընդհանուր ծավալի ավելի քան 80%-ը հոսել է Ռուսաստանից: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանից Հայաստան անցյալ տարվա համեմատությամբ այս տարի տրանսֆերտների ծավալն աճել է 12%-ով և կազմել 707.4 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, նույն ժամանակահատվածում, օրինակ` ԱՄՆ-ից փոխանցումները ևս աճել են մոտ 5 %-ով, սակայն կազմել են ընդամենը 39.8 մլն ԱՄՆ դոլար:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ասում է, որ իշխանությունները ծրագրեր փակելու փոխարեն պետք է մտածեն արտագաղթի պատճառները վերացնելու մասին, քանի որ եթե մարդիկ որոշել են հեռանալ, ապա ամեն դեպքում կհեռանան: Նա ասում է, որ «փակվում են արտագաղթի ճանապարհները, բայց մեծացվում են արտագաղթի պատճառները»:
«Ռուսաստանն իր ժողովրդագրության հարցն է լուծում, մինչդեռ նույն խնդիրը Հայաստանում խիստ մտահոգիչ է»,- ասում է Խառատյանը:
«Միևնույն է, այն մարդիկ, որոնք գնալու են, շարունակելու են դուրս գնալ, պարզապես Ռուսաստանը կոորդինացնում է հայերի արտագաղթը»,- հավելում է Երվանդ Բոզոյանը:
© Medialab.am