«Վանեցյանի այս քայլը զուտ քաղաքական է, որի նպատակն է «ավելի շատ տարածք վերցնել»». Արթուր Սաքունց

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից հիմնադրամի ստեղծումն ու դրա միջոցով զանգվածային լրատվամիջոցներին դրամաշնորհներ տալը բացարձակ քաղաքական ծրագիր է։ 

«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ հավելելով՝ ինչպես ստեղծվել է, այնպես էլ ժամանակի ընթացքում կվերանա այդ հիմնադրամը։

«Հաշվի առնելով ԱԱԾ նորաթուխ գեներալի հավակնությունները՝ հանդես գալու քաղաքական դաշտում, դա հերթական քայլն է։ Դա նոր երևույթ չէ, այն, որ իրենք մարդու իրավունքներին մոտենում են ըստ քաղաքական նպատակահարմարության, սա այդ մոտեցման տիպիկ արտահայտությունն է, որը որևէ ընդհանրություն չի կարող ունենալ մարդու իրավունքների հետ»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը։ 

Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ավելի վաղ քաղաքականությամբ զբաղվելու, կուսակցություն ստեղծելու հայտ էր ներկայացրել։

Նրա ղեկավարած «Հայրենիք» զարգացման հիմնադրամն այս օրերին հայտարարել է դրամաշնորհային մրցույթներ լրատվամիջոցների ու լրագրողների համար՝ «Մարդու իրավունքների պաշտպանությունը արտակարգ դրության (ֆորս մաժորի) պայմաններում և հետևանքների վերացումը» թեմայով։ 

Իրավապաշտպանի խոսքով՝ «Վանեցյանի այս քայլը զուտ քաղաքական է, որի նպատակն է «ավելի շատ տարածք վերցնել»»։

«Նա մարդ է, ով, մեղմ ասած, շատ խիստ վերապահումներ ուներ մարդու իրավունքների նկատմամբ, որը դրսևորվել է թե հրապարակային հայտարարություններում, թե արտահայտություններում։ Մարդ է, ով մարդու իրավունքների բացարձակ խախտումների, այդ թվում՝ սպանությունների, հրապարակային ձերբակալությունների, ազատազրկումների հետ կապ ունեցող Չեչնիայի բռնապետ Կադիրովի հետ իր բարեկամական ու ընկերական կապերն ի ցույց է դնում։ Եվ այն, որ այդ մարդը կարող է որևէ հավակնություն ունենալ մարդու իրավունքներով զբաղվելու, պարզապես աբսուրդ է»,- ասում է Սաքունցը։

Ըստ իրավապաշտպանի՝ դա այլ կերպ, քան մարտահրավեր հենց մարդու իրավունքներին, հնարավոր չէ գնահատել։

Նրա խոսքով՝ լրատվամիջոցների հետ աշխատանքի առումով Արթուր Վանեցյանն ունի յուրահատուկ փորձ։ Շատ հետաքրքիր է իմանալ՝ թե հրապարակայնության և թափանցիկության տեսանկյունից ինքն ինչպե՞ս է պատկերացնում իրավիճակը կամ իր հիմնադրամով ինչ քայլ կարող է կատարել այդ ուղղությամբ։

«Ուշագրավ է նաև փաստը, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում կա մարդ՝ Արսեն Բաբայանը, որը երկար տարիներ քրեակատարողական համակարգում մամլո խոսնակ է աշխատել։ Եվ իր գործունեության ընթացքում ամբողջ մոտեցումը եղել է քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ահազանգերը կոծկելը և իրականությունը թաքցնելը։ Այնպես որ, ես բացարձակ քաղաքական ծրագիր եմ համարում սա, որի նպատակն է ուղղակի ինչ-որ տարածք ձեռք բերել»,- ասաց նա։

Սաքունցի խոսքով՝ այն ընկալումները, որոնք իրենք ունեն մարդու իրավունքների մասին, այդ ընկալումներից ու մոտեցումներից ելնելով՝ մարդու իրավունքների պաշտպանությունը քաղաքական գործիք է նրանց համար, որը աղճատված, խեղաթյուրված պատկերացումների հետևանք է։

«Այդ պատկերացումներն ամբողջովին համընկնում են բռնատիրական ու ավտորիտար կառավարման բնույթին ու էությանը, որը մենք տեսնում ենք Ռուսաստանում։ Եվ բռնատիրական ու ավտորիտար կառավարման նկատմամբ անձամբ Վանեցյանն իր բարեհաճությունը չի էլ թաքցրել»,- հավելում է իրավապաշտպանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am