ՌԴ վարչապետը կարևորեց ԵԱՏՄ-ում կլիմայական օրակարգի ձևավորումը

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կլիմայական օրակարգը ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության նոր և հեռանկարային ուղղություններից մեկն է համարում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին իր ելույթում Միշուստինը նշեց, որ ԵԱՏՄ-ում բոլորը շատ լավ հասկանում են իրենց պատասխանատվությունը շրջակա միջավայրի վիճակի համար։

«Պետք է առավել ակտիվ լինենք  և մասնակցենք գլոբալ օրակարգի ձևավորմանը։ Կլիմայի խնդիրները միայնակ արդյունավետ լուծել հնարավոր չէ։ Միայն միավորելով ջանքերը՝ մենք կլուծենք այդ խնդիրը», – հայտարարեց Միխայիլ Միշուստինը։

Ըստ ՌԴ վարչապետի՝ ավելի վաղ ԵԱՏՄ երկրների ղեկավարները կլիմայի վերաբերյալ հատուկ հայտարարություն էին ընդունել: 

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր միասնականացնել ստանդարտները ածխածնի հաշվետվության ոլորտում, քննարկել կլիմայական նախագծերի և տեխնոլոգիաների ստեղծումը, որոնք հիմնված են առանց ածխածնի էներգիայի աղբյուրների վրա։  Ռուսաստանը պատրաստ է ակտիվ աշխատել մոտեցումների համաձայնեցման ուղղությամբ, որպեսզի լիարժեք օգտագործվի մեր երկրների կուտակած փորձը, այդ թվում ՝ «կանաչ» տեխնոլոգիաների ոլորտում»,- եզրափակեց Միշուստինը։