«Հանցավոր ռեժիմի հին,ավանդական, պապական ստուգված մեթոդները մատաղի նման ընդունելի են նաև այսօր». Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը

Տիկի՛ն Կարապետյանց, 2018-2021 թվականներին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցրած Հայկ Գրիգորյանին Ազգային ժողովը 75 կողմ, 0 դեմ ձայներով ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Իշխանական թիմի կողմից առաջադրված թեկնածուին կողմ են քվեարկել նաև ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունից: Ինչպե՞ս եք գնահատում այս ընտրությունը:

– Խիստ բացասական եմ վերաբերվում միայն այն փաստին, որ նման թեկնածու առաջադրելու միտք կարող էր ինչ-որ մեկի մեջ առաջանալ, բայց այլևս չեմ զարմանում, որովհետև բազմաթիվ նմանատիպ թեկնածուների առաջադրման ենք ականատես եղել, ու նրանց ի հայտ են բերել ոչ թե տարբեր այլ կառույցներ, որոնց վրա իշխանությունն «ազդեցություն չունի», այլ ի հայտ են բերվել հենց խորհրդարանական մեծամասնության կողմից:

Եթե նախկինում բացառապես միայն իրենց խմբակցության կողմից էին միաձայն ընդունվում այդ կասկածելի ու դատապարտելի կերպարները, հիմա արդեն ընդդիմության հետ համատեղ են քվեարկում Հայկ Գրիգորյանի օգտին: Սա մեկ բանի մասին է խոսում, որ Հայկ Գրիգորյանը բոլորի սրտով է՝ թե՛ նախկինների, թե՛ ներկաների:

Շնորհավորում եմ, խաղաղ պայմաններում սպանված զինվորների գործերի բազմաթիվ դրվագներով պատասխանատվության ենթակա անձի չկատարած գործողությունները և փաստացի նաև խաղաղ պայմաններում սպանված զինվորների արյունը նաև այդ կնոպկա սեղմողների վրա է: Նախկինում քննադատում էինք այն կառույցներին, որոնք լավ չէին աշխատում, տարբեր անհատների, որոնք լավ չեն աշխատել, նաև փորձագետների, բայց պարզվում է, որ միայն նրանք չէ, որ հանցավոր են եղել, հանցավոր են նաև նրանք, ովքեր համարում են, որ այս գործողությունները ենթակա են միանձնյա ներումներ ստանալու:

– Գուցե այս կադրերով իշխանությունը փորձում է կոտրել դատական համակարգի այն դիմադրությո՞ւնը, որի մասին խոսում էր Նիկոլ Փաշինյանը:

– Տրամաբանական գիծը չեմ հասկանում, թե այս նշանակումներով ո՛նց են փորձում կոտրել այդ դիմադրությունը: Ո՛չ, սա գալիս է ապացուցելու այն թեզը, որ որևէ փոփոխության անհրաժեշտություն ու կարիք այս իշխանությունը ոչ ժամանակին, ոչ էլ հիմա չի տեսնում ու չի պատրաստվում ոչ մի գործողություն իրականացնելու: Սա ուղղակի իրենց իշխանությունը երկարացնելու, ժողովրդին հերթական անգամ ստի ու կեղծիքի մեջ պահելու դրսևորումներից մեկն է: Սա ապտակ է հատկապես նրանց, ովքեր հերթական անգամ իրենց ձայնն են տվել Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին՝ հուսալով, որ տված մուրճի օգնությամբ բարեփոխումներ կիրականացվեն:

Արդյունքում տեսնում ենք, թե ինչպես են բարեհաջող կարողանում Մնացական մարտիրոսյանները, Հայկ գրիգորյանները, խունդկարյանները ու այսպիսի այլ կերպարներ հայտնվել բարձրագույն դատական ատյաններում: Սա վկայում է, որ հանցավոր ռեժիմի հին, ավանդական, պապական ստուգված մեթոդները մատաղի նման ընդունելի են նաև այսօր:

– Տիկի՛ն Կարապետյանց, եթե այս նշանակումներով այդ դիմադրությունը, որի մասին խոսում էին, չի կոտրվելու, ապա ստացվում է, որ դիմադրությունը չի՞ եղել, թե՞ դա չեզոքացնելու ցանկություն չկա:

– Դիմադրություն իհարկե պետք է լիներ ու կար, բայց այն, ինչ անում են իշխանությունները, դիմադրության դեմ պայքար չէ, ընդհակառակը՝ նախկինում դիմադրություն իրականացրած մարդկանց ավելի բարձր պաշտոնի են նշանակում:

Ցանկացած իշխանություն, եթե չկան հասարակական պահանջ ու վերահսկողություն, ցանկություն ունի դառնալ անկառավարելի ու ունենալ իրենց անձնական օգտագործման դատական և այլ համակարգեր: Հետևաբար այս նշանակումները խոսում են այն մասին, որ իրենք անձնական օգտագործման համաձայնության են եկել այս բոլոր կերպարների հետ:

Կան գործեր, որոնցով այս մարդիկ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեին, բայց այդ գործերն առաջ չեն գնում, ու որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում, փոխարենը նրանց նշանակում են բարձր պաշտոնի, հետևաբար այդ մարդիկ համաձայնության են եկել, որ հիմա էլ ծառայելու են այս իշխանությանը, փոխարենը՝ իրենց վերաբերյալ քրեական գործերն առայժմ մնալու են օդից կախված: Որ պահից դադարեն այդ հրամանները կատարել, այդ պահից կսկսեն աշխատել այդ գործերը: Իսկ ցանկացած գործողություն, որը կտեսնեք, ու կհայտարարվի, որ դրանք հեղափոխական են կամ ուղղված են բարեփոխումների, իմացեք, որ տոտալ սուտ է, որովհետև ոչ մի գործողություն չի հուշում, որ այս իշխանությունը գնում է փոփոխությունների ճանապարհով:

Ես հիշում եմ՝ ինչպես էր արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանն ասում՝ «Մեր աշխատանքի արդյունքը կտեսնեք 4-5 տարի հետո»: Հեղափոխությունից անցել է գրեթե հենց այդքան, ու մենք տեսնում ենք հանցավոր ռեժիմի կարկառունների վերադարձն ու ավելի բարձր պաշտոններում նշանակվելը, սա՞ էր պարոն Բադասյանի ու գործող իշխանությունների խոստացած բարեփոխումը:

– Այսպիսի կադրերով համալրված դատական համակարգից ի՞նչ ակնկալել:

– Նույնը, ինչ եղել է նախկինում: Ոչ մի արդարադատություն: Արդարադատությունն այս մարդկանց հետ կապ չի ունեցել նախկինում, կապ չունի հիմա և կապ չի ունենալու ապագայում: Այս մարդկանց համար կա միայն մեկ նպատակ՝ զբաղեցնել ավելի բարձր պաշտոններ և ունենալ մեծ հնարավորություններ, ծառայել այն իշխանություններին, որն իրենց պաշտոնը կբարձրացնի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am