Ղրիմի իշխանությունները տարհանում են այրվող զինամթերքի պահեստի մոտ գտնվող 4 գյուղերի բնակիչներին

Ղրիմի 4 գյուղերի բնակիչներ շուրջ մեկ օրով տարհանվելու են զորավարժարանում բռնկված հրդեհի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը։

Իր հերթին «Газета» պարբերականը հաղորդում է, որ այրվում է զինամթերքի պահեստ։ Ըստ տեղի բնակիչների՝ հրդեհից 5 կմ շառավղով անդադար պայթյուններ են լսվում։ Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։

«Mash» Telegram ալիքը դեպքի վայրից տեսանյութ է հրապարակել։

Ավելի վաղ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել էր, որ Կիրովսկի շրջանի զորավարժարանում բռնկված հրդեհի պատճառով արգելափակվել է «Տավրիդա» մայրուղին։ Լաստանավային անցումը և երկաթուղային տրանսպորտն աշխատում են բնականոն հունով։