Երբ կկարծեմ, որ տապալել ենք անվտանգության համակարգը, հրաժարական կտամ ու դուրս կգամ քաղաքականությունից․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախաձեռնությանը իր պաշտոնանկության նպատակով հասարակական հարթակ ստեղծելու վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, որ անլուրջ է վերաբերվում այդ նախաձեռնությանը։

«Համարում եմ, որ լուսանցքից դուրս գալու այլ տարբերակներ կան, պետք է ուրիշ բան փորձեն: Անկեղծ ասած՝ նախ անլուրջ եմ վերաբերվում: Երկրորդը՝ քաղաքական ուժն իր կշիռը վաղուց կորցրել է: Յուրաքանչյուր նախաձեռնություն՝ նույնիսկ իմ հրաժարականի հետ կապված, արդեն առիթ կարող է ստեղծել, որ ակտիվանան: Ես ուրախ եմ, որ իրենց էլ եմ առիթ տվել, որ քաղաքական ակտիվության թեմա գտնեն»,- նշեց Սիմոնյանը:

Ըստ ԱԺ նախագահի՝ ՀԱԿ-ն ակտիվանալու համար կարող էր այլ հարթակ ստեղծել, օրինակ՝ Լաչինի միջանցքի հետ կապված ինչ-որ հարթակ՝ օգտագործելով միջազգային նախկին փորձը:

 Նա վստահեցրեց, որ իշխող քաղաքական ուժի թիմի ներսում որևէ նման թեմա չկա: