Մեկնարկել են 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքները

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքների մեկնարկի մասին։

Գյուղատնտեսության ոլորտում գործող տնտեսվարողները կարող են գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրեր կնքել «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ», «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունների գրասենյակներում։

2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվող մշակաբույսերի ցանկն ընդլայնվել է, դրանում ներառվել են կարտոֆիլ, սալոր, ձմերուկ/սեխ մշակաբույսերը։

Ապահովագրական պայմանագրերի կնքման համար սահմանված են հետևյալ հստակ ժամկետները․

– գարնանային ցրտահարություն ռիսկից խաղող, ծիրան, դեղձ մշակաբույսերի ապահովագրությունը կիրականացվի Արմավիր, Արարատ, Վայոց ձոր, Կոտայք, Տավուշ, Արագածոտն մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է փետրվարի 20-ը,

– կարկտահարություն և գարնանային ցրտահարություն ռիսկերից վաղահաս կարտոֆիլի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 10-ը,

– կարկտահարություն և հրդեհ ռիսկից դեղձի, կարկտահարություն և գարնանային ցրտահարություն ռիսկերից՝ միջին-վաղահաս, միջին-ուշահաս և ուշահաս կարտոֆիլի և սալորի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 20-ը,

– կարկտահարություն և հրդեհ ռիսկից՝ խաղող, ծիրան ապահովագրությունը Արմավիր, Արարատ, Վայոց ձոր, Կոտայք, Տավուշ, Արագածոտն և կարկտահարություն ռիսկից՝ սալորի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 25-ը,

– կարկտահարություն ռիսկից խնձորի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է ապրիլի 20-ը,

– կարկտահարություն ռիսկից ձմերուկի, սեխի ապահովագրություն կիրականացվի Արմավիր, Արարատ, Արագածոտն մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է ապրիլի 25-ը,

– կարկտահարություն, կարկտահարություն և հրդեհ ռիսկից աշնանացան և/կամ գարնանացան հացահատիկ (ցորեն, գարի և վարսակ) ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մայիսի 1-ը։

Տնտեսավարողները ունեն հնարավորություն կնքելու պայմանագրեր՝ ռիսկերի համակցմամբ.

Ø կարկտահարություն և հրդեհ, գարնանային ցրտահարություն ռիսկերի համակցմամբ խաղողի, ծիրանի և դեղձի ապահովագրության համար պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը,

Ø կարկտահարություն կամ գարնանային ցրտահարություն ռիսկերի համակցմամբ վաղահաս կարտոֆիլի պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 10-ը,

Ø կարկտահարություն կամ գարնանային ցրտահարություն ռիսկերի համակցմամբ սալորի, միջին-վաղահաս, միջին-ուշահաս և ուշահաս կարտոֆիլի պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 20-ը։

Պետության կողմից կսուբսիդավորվի ապահովագրավճարի 50-60 %-ը։