«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը
– Պարո՛ն Բադալյան, Նիկոլ Փաշինյանի ելույթը Գյումրիում՝ կապված թալանի հետ, քննարկման մեծ ալիք է բարձրացրել: Ընդդիմադիր թեկանծուներին անդրադառնալով՝ Փաշինյանը նշել է. «Գյումրու ընտրապայքարը նրանց համար գողացվածն ու թալանվածը պաշտպանելու վերջին ճակատամարտն է»: Դուք ինչպե՞ս եք գնահատում Փաշինյանի ելույթը Գյումրիում:
– Այդ ելույթն այլևս նորություն չի պարունակում, քանի որ յոթ տարվա ընթացքում նա աղետի գոտում ոչ մի բան չի արել, բացարձակապես ոչինչ՝ ոչ մի նոր շենք, ոչ մի շինություն չկա, այսինքն՝ ցույց տալու ոչինչ չունի, էլի հին թեման, բայց արդեն նոր անվանումներով է ներկայացնում:
Եթե առաջ նախկինների թալանածը պետք է վերադարձներ, հետո կառավարությունը դարձավ նախկինների պեռաշկիները հատ-հատ վերադարձնող, հիմա էլ վերադարձվող «ապրանքատեսակն» է փոխվել, քանի որ նորություն չունի ասելու՝ հինը կրկնում է այլ երանգով, այլ տեսքով:
– Այդ հին ասելիքը որքանո՞վ է ազդելու մարդկանց վրա, որ մարդիկ իրենց քվեն տան իշխանության ներկայացուցչին:
– Սարիկ Մինասյանին ձայն են տալու, որովհետև նա վարչապետի թիմակիցն է, ոչ ավել, ոչ պակաս: Եթե իշխանության ներկայացուցչի դեմ կարողանան ուժեղ պայքար մղել, ինչն այս պահին տեսանելի է, ցուցադրում են նրա նախկին հանրապետական լինելը, ԼՀԿ-ական լինելը, իսկ երբ դա ցույց են տալիս, դա մինուս է բերում իրենց թիմակցին: Իհարկե չեն կարող շատ պակասեցնել վարկանիշը, որովհետև վարչապետի այն միջուկային ընտրազանգվածը ամեն դեպքում գնալու է ու ընտրի տվյալ թեկնածուին, քանի որ նրան պաշտպանում է վարչապետը: Այսինքն՝ այստեղ վարչապետի ձայների հարցն է, այլ ոչ թե թիմակցի, այս պահը պետք է հասկանալ: Հիմա ինչքա՛ն ձայն կբերի՝ շատ դժվար է ասել, որովհետև, կրկնում եմ, նորություն չկա ելույթում, չես կարող նույն ճաշը յոթ տարի մատուցել հանրությանը, նա էլ ուտի, բայց, ասում եմ, կա այն միջուկային ընտրազանգվածը, որը, անկախ վարչապետի ասածներից, ընտրելու է նրան:
– Նկատի ունեք, որ Գյումրու ընտրությունները ավելի շատ Նիկոլ Փաշինյանի վստահության ընտրությո՞ւն է լինելու, այսինքն՝ պարզ կլինի, թե քանի՛ տոկոսն է աջակցում վարչապետին:
– Չէ-չէ, դրանք համայնքային ընտրություններ են, ուղղակի տվյալ թեկնածուն՝ ով էլ լինի, իր ստացած ձայների համար պարտական է լինելու վարչապետին, բայց սա վարչապետի վստահության հանրաքվեն չէ, ստացած տոկոսների համար նա պարտական է լինելու վարչապետին:
– Այսինքն՝ կարող ենք ասել, որ դրանք Նիկոլ Փաշինյանի՞ ձայներն են:
– Ինչ-որ չափով կարող ենք ասել, բայց կարող են լինել նաև մարդիկ, որոնք դեմ լինելով վարչապետին՝ ձայն տան Սարիկ Մինասյանին ինչ-ինչ հանգամանքներից ելնելով:
– Պարո՛ն Բադալյան, ասացիք, որ յոթ տարվա մեջ նոր ասելիք չունի, դրա համար էլ հինն է կրկնում, ինչո՞ւ չկա այդ նորությունը:
– Վերջերս, ինչպես տեսնում ենք, վարչապետը սկսել է վիճակագրի դեր կատարել. երկու-երեք օրը մեկ ինչ-որ բան է գրում, թե այսինչ թաղամասում 7 հեկտար հող վերադարձվեց, այնտեղից՝ մեքենա և այլն: Ինչու չունի նորություն, որովհետև պետք էր աղետի գոտի վերականգնել, բայց նայելով իր քաղաքական թիմի ինտելեկտուալ հնարավորություններին, պարզ է, որ նրանք ի վիճակի չեն, երբ էկոնոմիկայի նախարարն ասում է՝ չնայած շները ոռնում են, միևնույն է, քարավանը գնում է: Ինչ-որ մեկը կարծում է, որ այդ մակարդակի տեր մարդը կարո՞ղ է տնտեսություն զարգացնել:
– Թեև պաշտոնական քարոզարշավը չի մեկնարկել, բայց կան թեկնածուներ, որ ակտիվ են, ինչպե՞ս եք գնահատում կիրառվող տեխնոլոգիաները:
– Հիմնականում համայնքային առանձնահատկությունները հաշվի առնելով են գործում, համայնքային առանձնահատկությունները բնորոշող սլոգաններն են դնում՝ մերը շեշտելով: Դե, նաև հակաքարոզչություն է կիրառվում մրցակիցների նկատմամբ: Ստանդարտ տեխնոլոգիաներով փորձում են ինչ-որ գործընթաց իրականացնել, դեռ քարոզչական պարզ տեխնոլոգիաներ են կիրառում:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















