Նա/Նե հատուկ մրցանակ` Փառանձեմ Հովհաննիսյանին. IWPR. «Մեդիալաբի» լրագրողը «հիանալի աշխատանք էր կատարել»

Նա/Նե  հատուկ մրցանակ` Փառանձեմ Հովհաննիսյանին. IWPR. «Մեդիալաբի» լրագրողը «հիանալի աշխատանք էր կատարել»
Նա/Նե հատուկ մրցանակ` Փառանձեմ Հովհաննիսյանին. IWPR. «Մեդիալաբի» լրագրողը «հիանալի աշխատանք էր կատարել»

Երեկ կայացած Նա/Նե Ամենամյա լրագրողական մրցույթում «Մեդիալաբի» լրագրող Փառանձեմ Հովհաննիսյանը Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի կողմից (IWPR) արժանացավ հատուկ մրցանակի` «Պատերազմի ազդեցությունը կանանց վրա» թեմայով լավագույն լուսաբանման համար:
Փառանձեմ Հովհաննիսյանի` Պատերազմ խաղաղության մեջ. «Ոչ ոքի չեմ ատում, բայց կատեմ, եթե ինձ կայանալու դաշտ չտան միայն նրա համար, որ ձեռքեր չունեմ» նյութը, որը պատում է պատերազմի հետեւանքով ձեռքերից եւ ոտքից զրկված Մերի Մեժլումյանի մասին:
«Երբեք չէի համարձակվում ասել` ինչ եմ երազում դառնալ, որովհետև մտածում էի՝ մարդիկ կծիծաղեն ու կասեն՝ դու ձեռքեր չունես, չես կարող հասնել երազանքիդ: Բայց ինչքան մեծանում` ավելի եմ համոզվում, որ մոդել դառնալու իմ երազանքը ինձ հետ մեծանում է»,- «Մեդիալաբի» հոդվածում պատմում է 26-ամյա Մերի Մեժլումյանը, ով կյանքում չնայած դժվարությունների հաջողությունների է հասել ու պայքարում է իր երազանքների համար:
Ըստ Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության, առավելագույն միավորներ հավաքելով` Փառանձեմ Հովհաննիսյանի հոդվածը ժյուրի կողմից լավագույնն է ճանաչվել:

Մամլո հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Փետրվարի 12-ին տեղի ունեցավ ամենամյա Նա/Նե լրագրողական մրցույթի 5-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը, որտեղ Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը (IWPR) «Պատերազմի ազդեցությունը կանանց վրա» թեմայով լավագույն լուսաբանման համար հանձնեց իր կողմից սահմանած հատուկ մրցանակը։

IWPR հայաստանյան գրասենյակի ղեկավար Սեդա Մուրադյանը 100 000 ՀՀ դրամի չափով մրցանակը հանձնեց «Մեդիալաբ» լրատվական կայքի լրագրող Փառանձեմ Հովհաննիսյանին` Պատերազմ խաղաղության մեջ. «Ոչ ոքի չեմ ատում, բայց կատեմ, եթե ինձ կայանալու դաշտ չտան միայն նրա համար, որ ձեռքեր չունեմ» նյութի համար:

Ըստ ժյուրիի անդամների`հաղթողը հիանալի աշխատանք էր կատարել. առաջին հերթին հոդվածի համար ճիշտ հերոսուհի էր ընտրել գենդերային խնդիրների տեսանկյունից, ներկայացրել էր հերոսուհու էությունը ճշտությամբ արտացոլող բնավորության արտահայտիչ եւ աչքի ընկնող հատկանիշների միջոցով`քաջալերելով նրան խոսել իր նախընտրած լեզվով:

Հեղինակը կարողացել էր ավարտուն տեսք հաղորդել հոդվածին մի շարք մանրամասների միջոցով, ինչպես, օրինակ, լուցկի վառելը կամ սուրճ եփելը:

Վերոնշյալ նյութը արժանացել էր IWPR-ի կողմից ձևավորված ժյուրիի առավելագույն գնահատականներին` հավաքելով 258 միավոր ըստ հետևյալ չափանիշների.

• Նյութի մասնագիտական արժեքը` անաչառության, լրագրողական էթիկայի տեսանկյունից

• Լեզվի և գրավոր խոսքի որակը

• Օգտագործված գրաֆիկական պատկերների, տեսաշարի որակը

• Նյութի`գենդերային կարծրատիպերը խորացնելու և/կամ կոտրելու հավանականության աստիճանը

• Նյութի սոցիալական կարեւորությունը, արժեքը, յուրօրինակությունն ու տեղեկատվության պատշաճությունը:

• Հակամարտության կողմերի մասին ներկայացված տեղեկատվության հավասարակշռվածությունը

• Ինչքանով է նպաստում նյութը /պատերազմը վերապրած կողմերի/ հանդուրժողականությանը և խտրականության վերացմանը

• Պատերազմական գոտու բնակչության կյանքի անվտանգությանը չվնասելու աստիճանը

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը շնորհավորում է բոլոր մրցանակակիրներին»:

© Medialab.am