2018 թվականի հոկտեմբերի 10-ին ցավով տեղեկացանք արցախյան հերոսամարտի մասնակից, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի անժամանակ մահվան մասին։ «Ընդդեմ Իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը իր խորին ցավակցություն ու զորակցությունն է հայտնում Արայիկ Խանդոյանի ընտանիքին ու մերձավորներին և խոր վշտի այս ծանր պահին մաղթում արիություն ու ոգու կորով:
«Ընդդեմ Իրավական կամայականության» հասարակական կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանը հանդիսացել է Արայիկ Խանդոյանի փաստաբանը և բազմիցս բարձրաձայնել է իր պաշտպանյալի հանդեպ տեղի ունեցող դաժան և անմարդկային վերաբերմունքի, խոշտանգման դեպքերի մասին։
Մասնավորապես՝ 2017 թվականի դեկտեմբեր ամսին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից Արայիկ Խանդոյանը տեղափոխվել էր բանտի նկուղի պատժախց, որտեղ համաձայն Արա Ղարագյոզյանի դիտարկումների եղել է անմարդկային պայմաններ՝ սահմանված սենյակային ջերմաստիճանից ցածր ջերմաստիճան, խոնավություն, ցածր սանիտարահիգիենիկ պայմաններ։
Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսի 28-ին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 28-ի դատական նիստի օրը ուղեկցող գումարտակի ոստիկանները բռնություն են կիրառել «Սասնա ծռեր» խմբի 5 անդամների՝ Արեգ Կյուրեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Սմբատ Բարսեղյանի, Արայիկ Խանդոյանի և Գագիկ Եղիազարյանի նկատմամբ:
Ընդ որում, բռնի ուժ է կիրառվել ոչ միայն դահլիճից հեռացնելիս, այլև՝ ամբաստանյալների համար նախատեսված խցերում: Ըստ պաշտպանների հայտարարությունների՝ 10-15 ոստիկան Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ղազարյանի գլխավորությամբ խցերում շարունակել են ծեծը, որի արդյունքում Արեգ Կյուրեղյանը, Մխիթար Ավետիսյանը, Սմբատ Բարսեղյանը, Արայիկ Խանդոյանը և Գագիկ Եղիազարյանը ստացել են մարմնական վնասվածքներ:
Վնասվածքներն արձանագրվել են քրեակատարողական հիմնարկներում մարմնական զննության ժամանակ, ինչպես նաև՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից: Արայիկ Խանդոյանի և Արեգ Կյուրեղյանի պաշտպանները ԶԼՄ-ներին հաղորդել են, որ իրենց պաշտպանյալները ստացել են մի շարք մարմնական վնասվածքներ: Արայիկ Խանդոյանի պաշտպանը հայտարարել է, որ Ա. Խանդոյանը կապտուկներ ունի դեմքին, բավական խորը վնասվածքներ ոտքերի վրա, և ոստիկանները ոտքերով հարվածել են նրա երիկամներին: Փաստաբանի պնդմամբ Արայիկ Խանդոյանը պաշտպանյալը բուժօգնության կարիք ունի, բայց մինչև հիմա նրան որևէ դեղորայք չեն հատկացրել, ստացել է ուղեղի ցնցում, սակայն նրան համապատասխան բժշկական օգնություն չի ցուցաբերվել։
2017 թվականի հուլիսի 29-ին «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու փաստով փաստաբան Արա Ղարագյոզյանը Դատախազություն հաղորդում է ներկայացրել։ Դեպքի առթիվ Հատուկ Քննչական Ծառայության կողմից հարուցել է քրեական գործ, սակայն, գործով ոչ մի անձ պատասխանատվության չի ենթարկվել։
«Ընդդեմ Իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է Արայիկ Խանդոյանի հանդեպ բռնության դեպքերի ոչ լիարժեք և անաչառ քննություն իրականացնելը։ Պետական կարևորագույն ինստիտուտի՝ դատական համակարգը անարգած, մեղադրյալների նկատմամբ բռնություններ կատարած ոստիկանության աշխատակիցներ դեռևս չեն ենթարկվել օրենքով սահմանված պատասխանատվության։ «Ընդդեմ Իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը պահանջում է ՀՀ իրավապահ մարմիններից իրականացնել անաչառ և թափանցիկ քննություն՝ ոստիկանության աշխատակիցների գործողությունների օրինականությունը և համաչափությունը պարզելու, բոլոր մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով։
«Ընդդեմ Իրավական կամայականության» հասարակական կազմակերպություն