Խմելու ջրի կորուստը կազմում է 63 տոկոս․ ՏԿԵ նախարարը նվազման միտում է տեսնում

Հայաստանի ջրային ոլորտում բավականին ծանր և բարդ իրավիճակ է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

«Ջրային ոլորտում բավականին ծանր և բարդ իրավիճակ է․ մի կողմից բախվում ենք առկա ենթակառուցվածքների վիճակի հետ, որոնք, մեղմ ասած, լավ վիճակում չեն, մյուս կողմից բախվում ենք կլիմայական ազդեցություններին և նրանց հետևանքով մի շարք ջրաղբյուրների հետ կապված հարցերին, առկա ջրի պաշարներին՝ լինեն խմելու, ոռոգման, թե ջրամբարային ջրեր։ 2023 թվականը բավականին բարդ և ծանր տարի էր այդ առումով։

Խմելու ջրի կորստի պատկերը կազմում է 63 տոկոս, որը սարսափելի մեծ թիվ է, բայց 2018 թվականին այդ թիվը կազմում էր 73 տոկոս։ Այսինքն՝ իրականում ինչքան էլ 63 տոկոսը սարսափելի է, ապա 73 տոկոսը ավելի սարսափելի էր, և թվերի այս տարբերությունը  ցույց է տալիս, որ այս ոլորտում իրականում աշխատանք կա, կորուստների նվազում կա, այլ բան է, որ բոլորս կցանկանայինք ավելի արագ տեմպով իջեցնել այս կորուստները։

Նույնը վերաբերվում է ոռոգման ջրի ոլորտին, որտեղ, իհարկե, պատկերը մի փոքր մեղմ է։ Այստեղ ջրի կորուստը կազմում է 44-45 տոկոս՝ 2018 թվականի 46 տոկոսի համեմատ։ Այսինքն՝ 1 տոկոսից ավել նվազում ունենք»,- ասաց Սանոսյանը։