Պատգամավոր Մհեր Սահակյանն ազատ է արձակվել

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն ազատ է արձակվել ձերբակալված անձանց պահման  վայրից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին, Սահակյանը ասաց, որ Ազգային ժողովի փակ քննարկման ժամանակ Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մի քանի անգամ ագրեսիվ վարքագիծ է դրսևորել։

«Հերթական անգամ նման վարքագիծ դրսևորելու ժամանակ փորձեցի նրան սաստել, նկատողություն անել՝ պահանջելով, որ հարգալից վերաբերվի ընդդիմադիր պատգամավորներին։ Դրանից նա ավելի ոգևորվեց, կանգնեց նստած տեղից, քայլեց դեպի ինձ, ասաց, թե ում վրա ուզի՝ կարող է գոռալ։ Այդ պահին, երբ մոտենում էր ինձ, հաշվի առնելով իշխանական պատգամավորների, նույն Վլադիմիր Վարդանյանի վարքագիծը, որ իրեն թույլ է տվել հարվածել ընդդիմադիր պատգամավորի, դիմեցի անհրաժեշտ պաշտպանության և մեկ անգամ հարվածեցի իրեն»,- ասաց Սահակյանը։

Պատգամավորը պնդում է՝ հարվածել է ձեռքով, որից հետո ձեռքը կոտրվել է։

«Չցանկանալով, որ վեճը տարածվի, ընդլայնվի՝ հեռացել եմ նիստերի դահլիճից և գնացել մեր փորձագետների սենյակ»,- նշեց Սահակյանը։

Պատգամավորը վստահեցրել է, որ ինքը դիմել է անհրաժեշտ պաշտպանության. 

«Եթե վարույթ իրականացնող մարմինը կգնահատի, որ անցել եմ այդ սահմանը, պատրաստ եմ պատասխան տալ»,- հավելեց Սահակյանը։