Մոնտեվիդեոյում կհիմնադրվի Հայոց ցեղասպանության թանգարան

Մոնտեվիդեոյում կհիմնադրվի Հայոց ցեղասպանության թանգարան
Մոնտեվիդեոյում կհիմնադրվի Հայոց ցեղասպանության թանգարան

Հուլիսի 17-ին Ուրուգվայի Նախագահական պալատում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում` Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության թանգարան հիմնելու մասին պաշտոնական հայտարարության առիթով: Միջոցառմանը ներկա էին Ուրուգվայի մշակույթի և կրթության նախարարը, Արգենտինայում և Ուրուգվայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, կառավարության, օրենսդիր մարմնի երկու պալատների, հասարակական կազմակերպությունների, ուրուգվայահայ համայնքի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Հանդիսության սկզբում ընթերցվեց Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի ուղերձը, որով վերջինս ողջունում էր այս կարևոր նախաձեռնությունը և նշում, որ թանգարանի հիմնումը կօգնի վառ պահել հիշողությունը մի ցեղասպանության մասին, որը ցնցել է համայն մարդկությունը։ Ելույթներով հանդես եկան Ուրուգվայի մշակույթի և կրթության նախարարը, Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը և դեսպան Մելիքյանը։

Հայաստանի կառավարության անունից խորին երախտագիտություն հայտնելով Ուրուգվայի իշխանություններին և նախաձեռնության հեղինակներին` դեսպանը նշեց, որ սա ևս մեկ կարևոր և պատմական քայլ է արդարության վերականգնման ճանապարհին և հերթական հիմնավոր պատասխանը ժխտողականությանն ու այլատյացությանը։

Թանգարանի կառուցումը սկսելու նպատակով առաջիկայում կձևավորվի պետական հանձնաժողով։ 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամլո հաղորդագրությունը:

© Medialab.am