Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հնդկական Կալկաթայի մրցաշարում տարած հաղթանակը նվիրել է Հայաստանին:
«Ես անչափ ուրախ եմ, որ հաջող հանդես եկա Հնդկաստանի Կալկաթա քաղաքում և կարողացա հաղթել կայծակնային շախմատի մրցաշարում: Այս պահին, ինչպես աշխարհի յուրաքանչյուր հայ, իմ մտքերը իմ երկրի հետ են, և ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ իմ ազգը կկարողանա ապրել խաղաղության մեջ, վերակառուցել և վերախմբավորել այն ամենը, ինչ մենք գնահատում ենք:
Ես ուզում եմ իմ հաղթանակը նվիրել Հայաստանին, իմ բոլոր հայրենակիցներին, նրանց, ովքեր ընկան մարտի դաշտում Արցախի ու Հայաստանի համար, և նրանց, ովքեր ապրեցին ու պայքարում են մեր ազգի համար։ Իմ հաղթանակը նվիրում եմ մեր բոլոր հերոսներին և մեր քաջարի քույրերին ու մայրերին։Քանի դեռ մենք հավատում ենք և ամուր կանգնած ենք մեր ոտքերի վրա, մենք անմահ ենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սոցցանցերի իր էջերում գրել է Արոնյանը:
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է հնդկական Կալկաթա քաղաքում անցկացվող Tata Steel India մրցաշարում: 18 տուրի արդյունքում հայ գրոսմայստերն ու Հնդկաստանի ներկայացուցիչ Արջուն Էրիգայսին կիսում էին առաջին հորիզոնականը՝ 11,5-ակսն միավորով:
Թայ-բրեյքի երկու պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի, և պայքարը շարունակվեց արմագեդոնում, որտեղ Արոնյանը հաղթանակ տարավ սպիտակ խաղաքարերով: Մրցաշարին մասնակցում էր 10 շախմատիստ: