Միացյալ Նահանգները կրկնել է Լաչինի և Աղդամի երթուղիները միաժամանակ բացելու կոչը

Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը։

«Մենք կրկնում ենք Լաչինի և Աղդամի երթուղիները միաժամանակ բացելու կոչը, որպեսզի ապահովվի առաջին անհրաժեշտության հումանիտար բեռների առաքումը Լեռնային Ղարաբաղի տղամարդկանց, կանանց և երեխաներին։ Մենք ղեկավարներին կոչ ենք անում չանել գործողություններ, որոնք ավելացնում են լարվածությունը և շեղում են այդ նպատակից։ Մենք հետևողականորեն ընդգծել ենք դեպի Լեռնային Ղարաբաղ երթուղիների բացման և կողմերի միջև երկխոսության անհրաժեշտությունը։ Չնայած կարևոր է, որպեսզի Լեռնային Ղարաբաղն ունենա վստահություն վայելող ներկայացուցիչներ այս գործընթացի համար, բայց, ինչպես մենք արդեն ասել ենք անցյալում, մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և սուվերեն պետություն։ Դրա համար էլ մենք չենք ճանաչում այսպես կոչված նախագահական ընտրությունները, որոնց մասին հայտարարվել է վերջին օրերին»,- ասել է Միլերը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է հետևողականորեն աջակցել չլուծված հարցերը երկխոսության միջոցով լուծելու՝ Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին։

Միլերը չի համաձայնվել լրագրողի այն դիտարկմանը, թե զոհաբերում են մարդկանց իրավունքները՝ հանուն խաղաղ բանակցությունների․

«Զոհաբերում ե՞նք մարդկանց իրավունքները։ Ես հենց նոր ասացի, որ մենք ցանկանում ենք, որ երկու երթուղիները բացվեն առաջին անհրաժեշտության հումանիտար օգնությունը Լեռնային Ղարաբաղ առաքելու համար, և պետքարտուղար Բլինքենը հանգստյան օրերին դա հստակ հասկացնել է տվել Ադրբեջանի  և Հայաստանի ղեկավարներին»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարը։