«Փաշինյանը փորձում է Սահմանադրության փոփոխությամբ վերահաստատել իր լեգիտիմությունը, ժամանակ ձգել». Դավիթ Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը

– «Փորձերը մեկնաբանելու, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում խաղաղության պայմանագրի ստորագրմանը խանգարող որևէ դրույթ կա, իրականության հետ որևէ կապ չունեն։ Ինչպես ասել եմ՝ խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքում Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մի շարք հոդվածների շուրջ համաձայնության գալ, և դրանցից մեկն այն մասին է, որ կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրության վրա՝ խաղաղության պայմանագրի որևէ դրույթի կատարումից հրաժարվելու համար։ Հետևաբար, ՀՀ-ի օրենսդրության մեջ խաղաղության պայմանագրի իրագործմանը խոչընդոտող որևէ դրույթ չկա, և սա ոչ միայն քաղաքական, այլև փորձագիտական գնահատական է»,- գործադիրի այսօրվա նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Պարո՛ն Ստեփանյան, եթե այսպես է, ապա նույն Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ շաբաթներ առաջ խոսեց Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին, հայտարարությունների հակասականությունը հասկանալի՞ է ձեզ համար։

– Ես ձեզ նախապես ասեմ, որ ձեր հարցի հստակ պատասխանը երևի թե միայն Նիկոլ Փաշինյանը կարող է տալ, որովհետև նա այս վերջին մեկ շաբաթվա, տասը օրվա ընթացքում այնքան իրար հակասող բաներ է ասել։ Ես կարող եմ ձեզ տալ մի վարկած ուղղակի, սա ընդամենը վարկած է, որովհետև մենք վերջնական ո՛չ Սահմանադրության փոփոխությունների կոնցեպտն ենք տեսել, ո՛չ հասկանում ենք՝ իրականում ի՛նչ է ուզում Նիկոլ Փաշինյանը։ 

Ուղղակի՝ որպես վարկած, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանը փորձում է Սահմանադրությունը փոխելու այդ հանրաքվեն իրականում վերածել արտահերթ ընտրությունների, այսինքն՝ փորձում է հերթական անգամ ամրապնդել իր լեգիտիմությունը:  Հիմա նա չի կարող գնալ արտահերթ ընտրությունների, որովհետև ունի շատ լուրջ կասկածներ, որ արտահերթի վերջնարդյունքում ինքը կարող է և իշխանություն չլինել, 2021-ին դա միանշանակ էր, հիմա միանշանակ չէ։ Նա փորձելու է մեզ դնել «այո՛»-ի կամ «ո՛չ»-ի ընտրության առջև, կապել այդ ընտրությունը պատերազմի հավանականության հետ, այսինքն՝ եթե դուք ասում եք՝ «ո՛չ», ապա մեղքը ձեր վիզը, հետևաբար լինելու է պատերազմ, դուք եք պատասխան տալու։ 

44-օրյայի ժամանակ ոչինչ չգիտեինք, չէ՞, պատերազմը սկսվեց, հետո բոլորը Փաշինյանին մեղադրեցին, հիմա ինքն անելու է հետևյալ կերպ, ասելու է՝ եթե դուք ասում եք «ո՛չ», իսկ պատերազմից խուսափելու ճանապարհը «այո՛»-ն է, սա մեզ տալիս է գոնե ինչ-որ շանս, վաղն Ալիևը որ հարձակվեց, ուրեմն մեղավորը դուք եք լինելու։ 

Կառուցելով այդ Սահմանադրության նախընտրական կամպանիան դրա հիման վրա՝ նա փորձելու է ստանալ այդ «այո՛»-ն, ստանալով, ասելու է, որ դրանով ժողովուրդը հերթական անգամ ապացուցում ու հաստատում է, որ ինքը լեգիտիմ իշխանություն է։ Ես հիմա ուղղակի սա եմ տեսնում, որովհետև այլ բացատրություն, հաշվի առնելով Փաշինյանի խոսույթում այդ հակասությունները, ես չեմ տեսնում։ 

– Այսինքն՝ հիմա ավելի շատ նա փորձում է գնալ արտահերթ ընտրությունների՞, ոչ թե Սահմանադրության փոփոխության, թե՞ սխալ հասկացա ձեր միտքը։

– Նա փորձում է Սահմանադրության փոփոխությամբ վերահաստատել իր սեփական լեգիտիմությունը ու հերթական անգամ խառնել բոլորի խաղաքարտերը, այդ թվում նաև՝ ներքին, հերթական անգամ ձգել ժամանակ, նույն Ալիևի հետ հարաբերություններում։ 

Այսինքն՝ այստեղ մի քանի նպատակ կա․ Ալիևն ինչի՞ համար անցկացրեց արտահերթը, որ խաղաղության պայմանագիրը չստորագրի, հիմա Փաշինյանը երկար մտածել է, որոշել, որ ավելի ճիշտ կլինի, որ ինքն էլ այսպես վարվի, որովհետև այլ պատճառ, որը կարող եմ ձեզ հիմնավորել ու բացատրել՝ չեմ կարող։ Սա է, ուրիշ բան ուղղակի չկա։

– Հիմա, եթե մի շաբաթ հետո, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարի, թե Հռչակագիրը խանգարում է խաղաղությանը, այդ դեպքում ինչպե՞ս հասկանանք սա։

– Փաշինյանը չէ՞, որ ասում է՝ չի խանգարում։ 

– Այո՛, բայց սրանից առաջ ասում էր՝ խանգարում է, պարո՛ն Ստեփանյան։

– Դե որ չի խանգարում, բա ինչպե՞ս է խանգարում։ Էլի եմ ասում, որ իրար հակասող բաներ է ասում, վաղը կարող է ասել, որ՝ այո՛, խանգարում է։ Կրկնում եմ՝ մինչև կոնցեպտը չտեսնեմ, ես չեմ կարող վերջնական կարծիք հայտնել, բայց եթե մենք ուշադիր փորձենք հասկանալ, թե ի՛նչ է կատարվում, իրոք, մեր Սահմանադրության, Հռչակագրի մեջ հնացած պատկերացումներ են, բայց փորձել այդ պատկերացումները փոխելով՝ խուսափել պատերազմից, առնվազն քաղաքականապես սխալ է, քաղաքական հեռատեսություն չէ։ 

Սահմանադրությունը պետք է փոխվի, բայց ասել, որ եթե Սահմանադրությունը փոխենք՝ Ալիևը չի հարձակվի, չի լինում նման բան, Ալիևը լրիվ այլ պատճառով է հարձակվում։ Ու եթե, իրոք, Ալիևի համար Սահմանադրությունն ու Հռչակագիրը այդպիսի մեծ նշանակություն ունենային, ապա Ալիևը երեկ հերթական անգամ չէր ասի՝ «մինչև Հայաստանն իր օրենսդրությունը չփոխի, պայմանագիր չեմ ստորագրի», որովհետև սա աշխատում է իր դեմ, մենք դա լսում ենք, չէ՞։ Այսինքն՝ Ալիևը Հայաստանում շատացնում է «ո՛չ»-ի կողմնակիցներին, իսկ դա անում է, որովհետև դա աշխատում է Փաշինյանի դեմ։ Եթե Ալիևին հակառակը պետք լիներ, նա հիմա կսսկվեր ու ընդհանրապես չէր խոսի այդ մասին, որ Փաշինյանն այդ ամենը փաթեթավորեր, դներ մեր գրպանը։ Ես այլ տրամաբանություն չեմ տեսնում, գոնե հիմա։ 

– Հաշվի առնելով Ներքին Հանդի սահմանային վերջին էսկալացիան՝ լայնածավալ պատերազմի հավանականությունը որքա՞ն եք գնահատում։

– Ես չեմ տեսնում այդ հավանականությունը, ես ասել եմ դա առաջ ու ասում եմ հիմա։ Հերիք է պատերազմով մեզ վախեցնել, ես հիմքեր չեմ տեսնում դրա համար այսօր, Ալիևը դեռ պետք է Լեռնային Ղարաբաղում էթնիկական զտումը մարսի, քանի չի մարսել ի՞նչ պատերազմ, գոնե հիմա հավանականությունը չեմ տեսնում, բայց դա չի նշանակում, որ յոթ ամիս հետո դա չի լինի։ 

Սահմանային նմանատիպ էսկալացիաներ եղել են 2003 թվականից, երբ Ալիևը եկել է իշխանության, որովհետև նա դա ընտրել է ճնշման միջոց ու շարունակելու է այնքան, քանի դեռ կա ալիևյան ռեժիմը, կամ քանի դեռ մեր երկրների միջև վերջնականապես խաղաղություն չի հաստատվել։ Մինչև այս երկուսից մեկը չլինի, նմանատիպ էսկալացիաներ անընդհատ են լինելու։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am