Հայաստանում 2024-ից փուլային եղանակով կներդրվի առողջության ապահովագրության համակարգ

Փետրվարի 2-ին կառավարությունը հավանության արժանացրեց առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգը։ 

Առողջության ապահովագրության համակարգը ներդրվելու է փուլային եղանակով՝ 2024-ից։ 2025-ին ապահովագրության համակարգում կներառվեն թոշակառուները։ Նախատեսվում է, որ մինչև 2027-ը ողջ բնակչությունը պիտի ներառված լինի համակարգում։ 

Կառավարության նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, սակայն, չմանրամասնեց, թե ապահովագրության ներդրման դեպքում քաղաքացիների կողմից կատարվելիք համաֆինանսավորումն ինչ չափով է լինելու և ինչ մեխանիզմով է այն կատարվելու։ 

Ավանեսյանն ասաց, որ առողջապահության ծախսերի փոխհատուցման ներկա մեխանիզմը ոչ թե կանխարգելում, վաղ հայտնաբերում ու ժամանակին է անդրադառնում առողջական խնդիրներին, այլ հետաձգում է դրանք՝ հետագայում շատ ավելի թանկ ծառայությունների դիմաց վճարելով։ 

«Մենք տեսնում ենք, որ առողջապահական աղետալի ծախսերն իսկապես առաջնային պատճառներից են, որ հանգեցնում են ընտանիքների ծայրահեղ աղքատացմանը»,- հայտարարեց Ավանեսյանը։

Ըստ առողջապահության նախարարության՝ բնակչության շուրջ 9%-ի մոտ սպառողական ծախսերի ավելի քան 25%-ը կազմում են առողջապահական ծախսերը, որի հետևանքով վերջիններիս շուրջ 6%-ը աղքատանում է, ինչն ամենաբարձր ցուցանիշներից մեկն է տարածաշրջանում։ 

Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այս տարվա ընթացքում կհստակեցվի ծառայությունների փաթեթը, որը ներառված է լինելու առողջության ապահովագրության համակարգում։ Բացի այդ, կհաստատվեն փաթեթի գներն ու կորոշվեն պետության կողմից համաֆինանսավորման չափերը։