Սեռով պայմանավորված հղիության ընդհատումնե՞ր. ՄԱԿ-ը փորձում է հասկանալ, թե ինչո՞ւ են Հայաստանում ավելի շատ տղաներ ծնվում, քան` աղջիկներ

Սեռով պայմանավորված հղիության ընդհատումնե՞ր. ՄԱԿ-ը փորձում է հասկանալ, թե ինչո՞ւ են Հայաստանում ավելի շատ տղաներ ծնվում, քան` աղջիկներ
Սեռով պայմանավորված հղիության ընդհատումնե՞ր. ՄԱԿ-ը փորձում է հասկանալ, թե ինչո՞ւ են Հայաստանում ավելի շատ տղաներ ծնվում, քան` աղջիկներ

Հայաստանում վերջին շրջանում նկատվող տղաների և աղջիկների ծնելիության անհամաչափությունը ստիպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամին (ՄԱԲՀ/UNFPA) հետազոտություն անցկացնել` պարզելու, թե արդյոք Հայաստանում սեռով պայմանավորված հղիության ընդհատումներ արվո՞ւմ են: Հետազոտության արդյունքները պատրաստ կլինեն արդեն այս տարվա նոյեմբերին:

«Նպատակ ունենք պարզելու` եթե Հայաստանում գոյություն ունի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների պրակտիկա, ապա որո՞նք են այն գործոնները, որոնք բերում են այդ ընդհատումներին: Ո՞ր սեռի երեխաների առկայության դեպքերում են ավելի շատ ընտրում ընդհատումը: Ինչո՞ւ է մի սեռի երեխան հայկական ընտանիքում ավելի բարձր գնահատվում, քան` մյուս սեռի երեխան: Ո՞րն է դրա հիմքը և պատճառները: Ի՞նչ կարելի է անել, որպեսզի հավասարակշռել իրավիճակը»,- «Մեդիալաբին» ասում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Գարիկ Հայրապետյանի խոսքով` իրենց հետազոտության համար հիմք են հանդիսացել հենց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վերջին մի քանի տարիների հրապարակած տվյալները:

«1992 թվականից հետո ծնված տղա երեխաների թիվը սկսեց շեղում արձանագրել` դեպի ավելացում: Բնության կողմից հաստատված հարաբերակցությունն այնպիսին է, որ 100 նորածին աղջիկների համեմատությամբ ծնվում է 105-106 տղա: Սակայն Հայաստանում, 1992 թվականից սկսած, տեղի է ունեցել շեղում, և մասնավորապես վիճծառայության տվյալներով` վերջին տարիների ընթացքում այդ շեղումը հասել է միջին 115 տղա`100 աղջիկ երեխաների համեմատ: Սա արդեն զգալի` մոտ 10 տոկոս շեղում է, որը հետագայում կարող է խնդիրներ առաջացնել մեր ազգաբնակչության կառուցվածքում»,- ասում է Հայրապետյանը:

Ստեղծված անհավասակշռության մասին ահազանգում է նաև Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը: ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի տվյալներով` 2009 թվականին 20,7 հազար ծնված աղջկա դեպքում տղաների թիվը կազմել է 23,6 հազար, իսկ անցյալ տարի` 20,9 հազար աղջկա դեպքում ծնվել է 23,8 հազար տղա:

Վիճակագրության համաձայն` սեռային անհավասակշռությունը հօգուտ ծնվող տղաների սկսել է զգացվել դեռևս 90-ականների սկզբին, սակայն առավել ակնհայտ է դարձել վերջին տարիներին: Գարիկ Հայրապետյանը այս հանգամանքը բացատրում է նաև գիտության զարգացմամբ, երբ հնարավոր է դարձել հատուկ սարքավորումների միջոցով պարզել ապագա երեխայի սեռը:

«Արդյոք մենք պե՞տք է մտահոգվենք, որ սա նպատակադրված գործողությունների հետևանք է: Այսինքն` տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ, երբ շուկայում հայտնվեցին ուլտրաձայնային սարքավորումներ, դրանք, բացի այն, որ շատ օգտակար են տարբեր առողջական խնդիրներ հայտնաբերելու համար, նաև ի վիճակի են պարզելու ապագա երեխայի սեռը»,- ասում է Հայրապետյանը` հավելելով, թե այդ հարցի պատասխանը ամենայն հավանականությամբ «այո» է:

Այդուհանդերձ, նրա խոսքով` քանի դեռ չեն ամփոփվել հետազոտության արդյունքները, գուցե դեռ վաղ է այդ մասին հաստատակամ խոսել:

Ըստ Հայրապետյանի` ՄԱԿ-ի կողմից անցկացվող հետազոտության ընթացքում հարցումներ են կատարվել ոչ միայն տնային տնտեսություններում (ամբողջ Հայաստանի տարածքում), այլ նաև` հիվանդանոցներում, արհեստական ընդհատման դիմող կանանց շրջանում, ինչը հետազոտություն անցկացնողներին հնարավորություն կտա ավելի հստակ պատկերացում կազմելու երևույթի և դրա դրդապատճառների մասին:

Սակայն մասնագետներին ոչ միայն խնդրի պատճառներն են հուզում, այլ նաև` հետևանքները, որոնք բավական մտահոգիչ կարող են լինել:

«Այս երևույթը կարող է առնչվել և ազդեցություն ունենալ թե ժողովրդագրական իրավիճակի, (որ արդեն մտահոգիչ է Հայաստանում) և թե հասարակության զարգացման վրա: Ունենալով ծնելիության լուրջ անկում 80-ականների համեմատությամբ, մոտ երկու անգամ աղջիկ երեխաների թվաքանակը պակասեցնելով` մենք կարող ենք մտնել մի կախարդական շրջան, երբ այդ անկումը յուրաքանչյուր նոր սերնդի հետ ավելի կխորանա, քանզի չեն ծնվի այն մայրերը, որոնք պետք է ծնունդ տան հետագայում: Երբ մենք ասում ենք, որ Հայաստանի անվտանգության համար մեզ պետք են զինվորներ, ապա չպետք է մոռանանք, որ բավարար թվով զինվորներ ծնվելու համար մեզ պետք են այդ զինվորների մայրեր»,- ասում է Հայրապետյանը:

Նրա տվյալներով` Հայաստանում տարեկան մոտ 3000-4000 տղա ավելի է ծնվում, քան աղջիկները, ինչը, Հայրապետյանի կարծիքով, նշանակում է, որ մոտ 20 տարի հետո մենք կունենանք կանանց և տղամարդկանց թվի բավական մեծ անհամապատասխանություն, և մոտ 40.000-50.000 տղամարդ դժվարության առաջ կկանգնի իրենց համար զույգ գտնելու հարցում:

«Այս երևույթն ինքնին մտահոգիչ է: Դիտարկենք, թեկուզ, Չինաստանի օրինակը, որտեղ նույն սեռով պայմանավորված հղիության ընդհատումների պատճառով սկսած 70-ականներից այսօր, տարբեր գնահատականներով, մոտ 40-60 մլն տղամարդ չի կարողանում գտնել իր զույգին: Նույն ժամանակահատվածում այդ երկրում, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, մոտ 25 տոկոսով աճել է հանցագործությունների թիվը: Անհամեմատ բարձրացել է կանանց թրաֆիքինգի դեպքերի թիվը, քանզի նրանց գողանում և տեղափոխում են այն տարածաշրջաններ, որտեղ նկատվում է ամենամեծ սեռային անհավասարությունը: Կարևոր եմ համարում նշել, որ նման իրավիճակում, այսինքն` կին գտնելու դժվարության, ավելի հաճախ հայտնվում են տնտեսապես ավելի քիչ ապահովված տղամարդիկ, այսինքն` աղքատները: Սա ստեղծում է ևս մեկ նախադրյալ այդ տղամարդկանց շրջանում հանցագործության բարձրացման և հանցագործ խմբերի ձևավորման համար»,- ասում է Հայրապետյանը:

Այս հարցով մտահոգություններ է արտահայտել նաև ԵԽԽՎ մինչծննդյան սեռի ընտրության հարցերով զեկուցող Դորիս Ստամպը, որն իրավիճակի գնահատման նպատակով հունիսին այցելել էր Հայաստան` հանդիպումներ ունենալով ԱԺ նախագահի, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների հետ:

Ստամպը մտահոգություն է հայտնել, որ տղաների թվի աճը կարող է պայմանավորված լինել մինչծննդյան տեխնոլոգիաների արագ զարգացմամբ, երբ ծնողները, նախապես իմանալով երեխայի սեռը, որոշում են ընդհատել հղիությունն այն դեպքում, երբ ապագա երեխան իգական սեռի է:

«Առայժմ հայտնի չէ, թե դա ինչպես է տեղի ունենում, և ինչ պատասխանատվություն են կրում ծնողներին ապագա երեխայի սեռը հայտնող բժիշկները,- այցից հետո «Մեդիլաբին» ասել է Ստամպը` հավելելով, – հարկ է լրացուցիչ ուսումնասիրել այս հարցը: Զեկույցը, որում կխոսվի ԵԽԽՎ անդամ երկրների` ընտանիքի պլանավորման ժամանակ այս միտումը հաղթահարելուն ուղղված ջանքերի անհրաժեշտության մասին, ԵԽԽՎ քննարկմանը կներկայացվի հոկտեմբերին»:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am