#Intercheck. Ուկրաինայի պատերազմը՝ ապատեղեկատվության հեղեղի պատճառ․ FIP.am

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:

Տարածաշրջան

Միջազգային և տարածաշրջանի փաստեր ստուգողների ուշադրությունների կենտրոնում են փետրվարի 24-ին Ուկրաինայում Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողությունները և դրանց հետ կապված ապատեղեկատվությունը: Մասնավորապես, Factcheck.kz կայքից ղազախստանցի փաստեր ստուգողները ստուգել էին, իբրև թե CNN-ի ռեպորտաժից արված մի սքրինշոթ, ըստ որի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետաձգել է Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկը մինչև այդ երկիր ամերիկյան զենքերի մատակարարումը:

Հենց CNN-ի ներկայացուցիչները հերքել էին նկարի իսկությունը՝ պնդելով, որ նման տեղեկություն իրենք չեն տարածել այդ պահի դրությամբ: 

Վրացական factcheck.ge-ն ստուգել է մի տեսանյութ, որն իբրև թե պատկերում էր, թե ինչպես է Ռուսաստանի օդային դեսանտը վայրէջք կատարում Խարկովում: 

Իրականում տեսանյութը հին է: Դրա սկզբնաղբյուրը 2016 թվականի հնության է և ներկայացնում է օդային դեսանտի վարժանքը Ռուսաստանում ՝ Դոնի Ռոստովում:

Ադրբեջանական Fakt Yoxla-ն ստուգել է պատերազմի հետ կապված մի քանի տեսանյութերի և լուսանկարների իսկությունը: Մասնավորապես, փետրվարի 24-ին տարածվել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նկարը զինվորական համազգեստով՝ տպավորություն ստեղծելով, թե Զելենսկին հենց այդ պահին ռազմական հագուստով շրջում է Կիևի փողոցներում: Սակայն նկարը հին էր և արվել էր 8 օր առաջ, երբ Ուկրաինայի նախագահը այցելել էր Դոնեցկի հետ շփման գիծ:

Միջազգային 

Բրիտանական Reuters գործակալության փաստեր ստուգողները պարզել են, որ համացանցում միլիոնավոր դիտումներ հավաքած տեսանյութը, որը իբրև թե պատկերում է ռուսաստանյան զինուժի հարձակումը Ուկրաինայի վրա, իրականում հատված է Arma 3 կոչվող տեսախաղից: 

Arma 3-ը ռազմական խաղ է և առաջին անգամ չէ, որ օգտագործվում է տարբեր կոնֆլիկտների ժամանակ ապատեղեկատվություն տարածելու նպատակով: 

Ամերիկյան Snopes-ն անդրադարձել է Միացյալ Թագավորության թագուհու վերաբերյալ տարածված կեղծ լուրին: Մասնավորապես, սոցիալական ցանցերում  տարածվեցին տեղեկություններ, թե Եղիսաբեթ 2-րդը մահացել է փետրվարի 22-ին: Այս լուրի պատճառը, թերևս, այն է, որ 95-ամյա թագուհու մոտ օրեր առաջ կորոնավիրուս էր ախտորոշվել, սակայն նա չի մահացել և այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ: 

Փաստերի ստուգման հարթակ