Հնարավոր է այս անգամ Իրանը ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ կոմպրոմիսների գնա. Ժաննա Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Ժաննա Վարդանյանը 

– Տիկի՛ն Վարդանյան, վերջին շրջանում Իրան-Թուրքիա հարաբերություններում նկատվող ակտիվությունը ինչո՞վ է պայմանավորված. օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարարն էր Իրանում, առաջիկայում նախատեսվում է ԻԻՀ նախագահի այցը Թուրքիա:

– Թե՛ Հաքան Ֆիդանի այցը Իրան, թե՛ արված հայտարարությունները կրում էին ճանաչողական բնույթ: Գիտենք, որ Էրդողանի վերընտրվելուց հետո ձևավորվեց նոր կառավարություն, և այդ նոր կառավարության ձևավորումից հետո նմանատիպ այցեր տարածաշրջանային երկրներ չէին եղել, ու այս այցը կարելի է որակել որպես ճանաչողական այց: 

Թուրքիայի արտգործնախարարն այցի ընթացքում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, քննարկվել է հարցերի բավական լայն շրջանակ՝ սկսած տնտեսական համագործակցությունից վերջացրած մինչև իսկ ջրի խնդրով: Այսինքն՝ բոլոր ոլորտներում եղել են ճանաչողական բնույթի քննարկումներ: 

Մյուս կողմից՝ կարծում եմ, որ այցը նաև միտված էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի Անկարա կատարելիք այցը նախապատրաստելուն, քանի որ եղավ հայտարարություն, որ առաջիկայում Անկարայում անցկացվելու է երկու երկրների ռազմավարական հարաբերությունների գերագույն խորհրդի նիստը, որի նպատակով էլ Ռայիսին մեկնելու է Անկարա: Նշեմ, որ այս խորհուրդը, որը գոյություն ունի Թուրքիայում, կան բոլոր երկրներում, ու սա ամենևին էլ նորություն չէ, որոշակի հետաձգումներով, սակայն նիստերն անցկացվում են: 

Սա նաև դիրքորոշումների հստակեցմանն ուղղված այց էր. քննարկվել են տարածաշրջանային տարբեր հարցեր, առաջնային օրակարգում են եղել Սիրիայի խնդիրն ու նաև Հարավային Կովկասը: Իրանցի երեք պաշտոնյաների հետ հանդիպումներում էլ քննարկվել են այդ հարցերը, ու իրանական կողմը հանդես է եկել իր մշտական դիրքորոշմամբ և՛ Սիրիայի դեպքում, որ պետք է հարգվի այդ երկրի տարածքային ամբողջականությունը, և՛ Հարավային Կովկասի դեպքում, որ Իրանի համար տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունը և պատմական երթուղիների արգելափակումն անընդունելի են: Պատմական երթուղի ասելով՝ նկատի ունեն Հայաստան-Իրան սահմանը, այսինքն՝ այս պահի դրությամբ մենք կարող ենք արձանագրել, որ ինչքան էլ Թուրքիայից ու Ադրբեջանից աշխատում են իրանական ուղղությամբ և փորձում են Իրանին համոզել ու կոմպրոմիսների գնալ, այնուամենայնիվ, Իրանի դիրքորոշումը առայժմ մնում է նույնը: 

– Այսինքն՝ Իրանը շարունակո՞ւմ է անընդունելի համարել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի իրականացումը:

– Այո՛, իրանական կողմի դիրքորոշումն այսօր էլ շարունակում է նույնը մնալ, մենք չունենք այլ հիմքեր պնդելու, որ կարծես թե իրանական կողմն ունի դիրքորոշման փոփոխություն: Ավելին՝ վերջին շրջանում իրանցիները նորից ակտիվացել էին ամենատարբեր մակարդակով իրենց դիրքորոշման մասին բարձրաձայնել: Բոլոր ուղղություններով, որ այս երեք տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել իրանական կողմի դիրքորոշումներին, դրանք մնացել են անփոփոխ: Սա իհարկե չի նշանակում, որ ամեն ինչ շարունակվելու է այսպես:

– Միտումներ տեսնո՞ւմ եք, որ հնարավոր է այդ դիրքորոշումների փոփոխությանը հանգեցնեն:

– Այսօր որևէ ցուցիչ չկա, որ իրանական կողմը գնում է դեպի դիրքորոշման փոփոխություն, որովհետև նրանց հռետորաբանությունը լրիվ նույնն է, ինչ այս երեք տարիների ընթացքում: Բայց պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակաբար աշխատում են այդ ուղղությամբ, որ հասնեն Իրանի դիրքորոշման փոփոխության, հետևաբար չպետք է բացառենք, որ կարող է լինել իրավիճակ, երբ Իրանը կարող է կոմպրոմիսի գնալ այդ երկրների հետ: 

– Իրանը տարածաշրջանային ընդհանուր զարգացումներո՞ւմ է փորձում ակտիվ դերակատարում ունենալ, թե՞ միայն «Զանգեզուրի միջանցքի» մասով է այդ ակտիվությունը դրսևորվում:

– Իրանն իհարկե ցանկանում է շատ ավելի ակտիվ դերակատարում ունենալ: Մերձավոր Արևելքում Իրանը շատ ավելի ակտիվ է, ու այդ ակտիվությունը դրսևորվում է Սիրիայում, Իրաքում, Եմենում, ու, բնականաբար, Իրանն իրեն պատկերացնում է որպես տարածաշրջանային լիդեր կամ ցանկանում է լինել լիդերներից մեկը: 

Իրանը ցանկություն ունի Հարավային Կովկասում լինել շատ ավելի ակտիվ, քան հիմա է, հենց այս պատճառով է, որ հաճախ են այնտեղից առաջ քաշում այն թեզը, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ, ու դրա համար էլ առաջարկում են Աստանայի մոդելի կիրառումը Հարավային Կովկասում, այսինքն՝ Իրան, Թուրքիա, Ռուսաստան ձևաչափով խնդիրների կարգավորում: 

Մյուս ծրագիրը, որն Իրանը այս համատեքստում առաջ է տանում, 3+3 ձևաչափն է, որի գործարկումը, կարծես թե, այնքան էլ իրատեսական չէ: Այսինքն՝ Իրանի ծրագրերը, հատկապես հիմա, երբ իր ազգային շահերին ուղղված հստակ սպառնալիքներ է տեսնում, բնականաբար, շատ ավելի լայն են: Այլ հարց է, թե որքանո՛վ են այլ դերակատարները դրանում շահագրգռված, ու որքանո՛վ է Իրանին հաջողվում շատ ավելի ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացներին:

– Տիկի՛ն Վարդանյան, տեղեկատվական ոլորտում բազմաթիվ են հրապարակումները, թե Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների գնալ, Սյունիքը կտրել Հայաստանից և այլն: Եթե Ադրբեջանը նման քայլի գնա, իրանական միջամտությունը որքանո՞վ կլինի այդ գործընթացներին կամ կլինի՞ ընդհանրապես որևէ միջամտություն:

– Իրականում դժվար հարց է, ու շատ դժվար է միանշանակ պատասխան տալ, համենայնդեպս, իրանական կողմի քաղաքականությունն այն է, որ իրենք ձգտում են իրավիճակը վերահսկելի պահել ու փորձել կանխել պատերազմը: Իսկ հնարավոր պատերազմի դեպքում դժվար է ասել, թե իրանական կողմը ի՛նչ գործողությունների կդիմի: 

Իրանում ևս, տարբեր ձևաչափերով, դիտարկում են այդ սցենարները, բայց կոնկրետ գործողությունների մասով կդժվարանամ ասել: Պետք է հաշվի առնել նաև այդ կոմպրոմիսների պահը, որ հնարավոր է այս անգամ Իրանը ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ գնա կոմպրոմիսների: Այսինքն՝ սցենարները բազմաթիվ են, ու դրանք կախված են հնարավոր պատերազմի ընթացքից, արդյունքներից ու նաև հայկական կողմի գործողություններից:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am