«Մեցցո Պրոդաքշն»-ը ներողություն է խնդրել Վահան Արծրունուց

«Մեցցո Պրոդաքշն»-ը ներողություն է խնդրել Վահան Արծրունուց
«Մեցցո Պրոդաքշն»-ը ներողություն է խնդրել Վահան Արծրունուց

«Մեցցո Պրոդաքշն» ընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրում հայ մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Վահան Արծրունուց՝ Մեսրոպ Մաշտոցի շարականի նրա մշակումից 29 վայրկյան տևողությամբ հատված Հանրապետության Հրապարակում հոկտեմբերի 6-ին WCIT 2019 համաժողովի բացման պաշտոնական համերգին առանց կոմպոզիտորին տեղյակ պահելու ներկայացնելու համար:

WCIT 2019 համաժողովի բացման պաշտոնական համերգը երկարատև, մեծ և պատասխանատու աշխատանք էր պահանջում, և «Մեցցո Պրոդաքշն» ընկերության թիմը մեծ պատասխանատվությամբ է մոտեցել նման լայնամասշտաբ և աննախադեպ համերգի կազմակերպման գործին:

«Այնուամենայնիվ, տեղի է ունեցել թյուրիմացություն, որի կապակցությամբ հայցում ենք Վահան Արծրունու ներողամտությունը: Այսուհետև առավել ուշադիր կլինենք հետագա աշխատանքներում՝ նմանատիպ բացթողումներից խուսափելու նպատակով: Ուրախ ենք, որ համերգը մեծ արձագանք է գտել ոչ միայն հայ, այլև համաշխարհային հանդիսատեսի շրջանում՝ արժանանալով նման բարձր գնահատականի: Առաջիկայում պատրաստվում ենք էլ ավելի աննախադեպ նախագծեր ներկայացնել հայ ունկնդրին: Օգտվելով առիթից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին, բոլոր նրանց, ովքեր աջակցել են համերգի իրականացմանը»,- նշում է միջոցառման և ընկերության գլխավոր պրոդյուսեր Կամո Մովսեսյանը:

Հիշեցնենք, որ Factor.am-ի հետ զրույցում երգահանն ասել էր, որ  եթե համաժողովի և համերգի կազմակերպիչները դիմեին իրեն, անվարձահատույց կտրամադրեր երաժշտությունը:

«Խնդիրն այն է, որ ծրագրում այդ շարականի օգտագործումը համաձայնեցված չէր ինձ հետ, ես տեղեկացված չէի դրա մասին, հետևաբար՝ ո՛չ արտոնությունը, ո՛չ էլ օգտագործելու իրավունքը որևէ ձևաչափով ես չէի տվել: Այս պարագայում, երբ ես կանգնում եմ փաստի առաջ, նայում եմ ռեպորտաժը և լսում եմ իմ սեփական երաժշտությունը՝ առանց որևէ նշումի, ես սա ընկալում եմ որպես հեղինակային իրավունքի անտեսում: Իսկ լայն իմաստով, քանի որ ՏՏ համաժողովն առաջին հերթին ինտելեկտուալ սեփականության կամ ինտելեկտուալ գործունեության հետևանք է, ես սա դիտարկում եմ որպես այդ ինտելեկտուալ սեփականության իրավունքի կոպտագույն ոտնահարում»,- ասել էր երաժիշտը: