«Արսենը մի ամբողջ դիվիզիա ա ոչնչացրել, լսել ա, որ ԱԹՍ-ն մոտենում է, ինքը մինչև վերջ կրակել է»․ մայրը որդու խոսքն է հիշում՝ ես գալու եմ

52-ամյա Մարո Դավթյանը որդու նկարի հետ հաճախ է զրուցում։ Հուզմունքով ասում է՝ բացատրություն է ուզում և՛ տղայից, և՛ Աստծուց՝ ինչի՞ համար։

Մարոն պատերազմի ժամանակ կորցրել է 19-ամյա որդուն։ Ասում է՝ մինչ այժմ էլ չեն հավատում ու սպասում են որդուն։

«Ինքը միշտ ասում էր՝ ես գալու եմ, ինձ ոչ մի բան չի լինի»,- հիշում է Մարոն որդու խոսքը ու խոր հոգոց հանում։

Արսեն Կիրակոսյանը ժամկետային զինծառայող էր, ծառայել է Մարտունի 2-ում, երբ սկսվել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ 

Արսենը թշնամու դեմ պայքարել է թեժ կետերում։ Մեկ անգամ ընտանիքի անդամներին զգուշացրել է՝ եթե կապի դուրս չգա, իրեն փնտրեն Ֆիզուլիում։

«Մարտական ընկերները պատմում էին՝ որ մի կերպ փրկվել են Ֆիզուլիում, ասում են՝ ոնց որ անձրև գար, կարկուտ գար։

Հոկտեմբերի 27-ին գիշերը Մարտունի Ճարտար են բարձրացել 6 ընկերներով, որ վերևից պահեն, մյուսները ներքևում կռվեն։ Արսենը մի ամբողջ դիվիզիա ա ոչնչացրել ամբողջ գիշեր, անգամ լսել ա, որ թռչող սարքը մոտենում է, ինքը մինչև վերջ կրակել է։ 

Երեխեքին գոռացել ա՝ փախեք, բայց ինքը տեղից չի շարժվել։ ԱԹՍ-ն անմիջապես հարվածել ա իրան»,- հուզմունքով պատմում է մայրը որդու մարտական ընկերների հայտնած տեղեկությունը։

Մարոն ասում է՝ այդ դեպքից հետո որդուց լուր չեն ունեցել, 2 օր անց՝ հոկտեմբերի 29-ին, մեծ տղայի ծնունդն էր, և հույսով սպասում էին, որ այդ օրը Արսենը անպայման կզանգի։

«Մենք մինչև պատերազմը որոշել էինք, որ Արսենը հոկտեմբերի 28-ին տուն գա, մեծ եղբորը սյուրպրիզ անի։ Որ չզանգեց, մենք խառնվեցինք, հետո զանգեցինք, ոչ մեկը չէր պատասխանում… 

Հրամանատարի հետ կապվեցինք, հրամանատարն ասեց՝ սարից չի իջել, չգիտենք՝ զոհվել ա, թե փախել ա, բայց հավանականությունը մեծ ա, որ զոհված ա»,- պատմում է մայրը ու նշում, որ Արսենին փնտրում էին ամենուր, հույս ունեին՝ գուցե ողջ լինի, սակայն միաժամանակ գիտեին՝ Արսենը չէր փախչի։

«Ամենասոսկալի բանն ա՝ մարդ չգիտի՝ իրա երեխուն կգտնի, թե չէ։ Հրադադարից ուղիղ 100 հետո նոր գտել ենք մարմինը ԴՆԹ-ով»,- ցավով ասում է Մարոն։

Արսեն Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։

Արսենը շատ շփվող էր, ընկերասեր, հոգատար՝ պատմում է մայրը։ Ասում է՝ որդին սիրել է սպորտը, զբաղվել կարատեով և լողով։ 

Մինչ բանակ գնալը ընդունվել է պոլիտեխնիկ՝ ծրագրավորման բաժին։ Որոշել էր ծրագրավորող դառնալուց հետո դերասան դառնալ։ «Ինքն ուզում էր դերասան դառնար, մենք ուզում էինք՝ ծրագրավորող դառնար։ Ընդունվելուց հետո ասեց՝ սկզբում ծրագրավորող կդառնամ, հետո դերասան»։

Արսենը նաև տարբեր թեմաներով՝ գարնան, սիրո, բանաստեղծություններ է գրել։ Մայրն ասում է՝ որդին սիրած աղջիկ էլ ուներ․ «Ասում էր՝ բանակից գամ, ամեն ինչ լավ կլինի։ Բայց չեկավ»,- հուզվում է մայրը ու նշում որդու ընկերուհին այդ բանաստեղծություններով գիրք է հրատարակել։

Մարոն ասում է՝ կարոտը խեղդում է, որդու տեղը ոչ ոք չի կարող լրացնել, որևէ սփոփանք չկա վշտի համար։ «Ուժ չեմ գտնում մինչև հիմա, չեմ հարմարվում»,- ասում է ու կրկին հուզվում մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am