Հստակ պատասխան չստանալու դեպքում, մեղավորներին կփնտրենք պարսպի ներսում. Չարխչյանը` Չարենցի գերեզմանը պղծելու մասին

Հստակ պատասխան չստանալու դեպքում, մեղավորներին կփնտրենք պարսպի ներսում. Չարխչյանը` Չարենցի գերեզմանը պղծելու մասին
Հստակ պատասխան չստանալու դեպքում, մեղավորներին կփնտրենք պարսպի ներսում. Չարխչյանը` Չարենցի գերեզմանը պղծելու մասին

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը այսօր հայտարարություն է տարածել, որտեղ տեղեկացնում է այն մասին, որ ինչ-որ մարդիկ այլանդակել են Եղիշե Չարենցի գերեզմանը:

Չարխչյանի հայտարարության մեջ ասվում է. «Այսօր մի խումբ հեռուստալրագրողների եւ բանաստեղծ Արեւշատ Ավագյանի հետ մենք այցելեցինք այն վայրը, որտեղ գտնվում է Եղիշե Չարենցի գերեզմանը: Չեմ կարող բառերով նկարագրել զգացումը, որ ունեցանք բոլորս, երբ տեսանք այն, ինչը բոլորովին չէինք սպասում տեսնել: Եղիշե Չարենցի գերեզմանը պղծված էր, ոչնչացված էր այնտեղ տեղադրված խաչը, բանաստեղծի դիմանկարը եւ ցուցանակը, որի վրա նշված էր նրա մահվան օրը»,- գրել է Չարխչյանը:

Նրա խոսքով, գերեզմանաթումբը «հարթեցված էր, իսկ այնուհետև ծածկված շինարարական աղբով, քարերով եւ մետաղե թիթեղներով»:

«Թե ո՞վ կամ ովքե՞ր են մարդկային կերպարանքով այն թերմածքները, որ հանդգնել են ձեռք բարձրացնել այդ սրբավայրի վրա, առայժմ հատնի չէ: Սակայն ուզում եմ նշել կարևոր մի հանգամանք: Շատերին է հայտնի, որ Չարենցի թաղման վայրը գտնվում է Երևանից Էջմիածին տանող մայրուղու ձախ կողմում, Հրազդանի կիրճի եզրին, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան պարսպի կողքին: Այդ տարածքը հսկվում է օրուգիշեր ոչ միայն թիկնապահների կողմից, այլև պարսպի տարբեր հատվածներում տեղադրված տեսախցիկներով: Ընդ որում, տեսախցիկներից մեկը գտնվում է հենց Չարենցի գերեզմանի մոտ: Բացառվում է, որ այն արձանագրած չլինի այն պահը, երբ վանդալները հողին էին հավասարեցնում շիրմաթումբը: Ուզում եմ հավատալ, որ ամենակարճ ժամանակում մենք Ռ. Քոչարյանի գրասենյակից կստանանք մեզ հուզող հարցերի գոնե մի մասի պատասխանը»,- գրել է Չարխչյանը:

Վերջինս հիշեցրել է, որ դեռևս 1996 թվականին գտնվեցին Չարենցի մասունքները, իսկ վերջին տարիներին այդ վայրը դարձել էր Չարենցի պոեզիայի երկրպագուների ուխտավայրը:

Չարենցասերների ջանքերով այն հնարավորինս բարեկարգվել էր, տեղադրվել էին հիշատակի խաչն ու հուշատախտակը:

«Եթե առաջիկա 2 օրերի ընթացքում Քոչարյանի գրասենյակը հստակ պատասխան չտա, մենք մեզ իրավունք կվերապահենք մեղավորներին փնտրել հենց այդ պարսպի ներսում»,- «Մեդիալաբին» ասաց Հովիկ Չարխչյանը:

Medialab.am