Մանանայի ամուսինն ու սկեսրայրը զոհվել են նույն օրը Քարինտակի կռիվներում․ «Իրենց զոհվելուց հետո գյուղն էլ տվին»

35-ամյա Մանանա Ասրյանի համար հոկտեմբերի 29-ից հետո կյանքը կանգ է առել, նույն օրը միաժամանակ զոհվել են ամուսինն ու սկեսրայրը, կորցրել է Քարինտակում երկար տարիների ջանքերով ու չարչարանքով ստեղծված ամեն ինչ՝ տուն, այգի, մեքենաներ։ Ասում է՝ կյանքում չէր պատկերացնի, որ իր հետ նման դաժան բան կպատահի:

«Լրիվ թողեցինք ու դատարկ դուրս եկանք տնից, դրանից հետո էլ էդ լուրը լսեցինք, վաբշե ահավոր էր։ Համ տուն կորցնես, համ երկու զոհ տաս ու մնաս դրսում»,- արտասվելով ասում է Մանանան։

Ասում է՝ այլևս նախկին աշխույժ ու ժպտերես Մանանան չկա, կոտրվել է․ «Մարդուն կարա մի կորուստ լինի, ոչ թե միանգամից։ Ես չեմ կարում էդ մտքի հետ հաշտվեմ»,- հուզմունքով ասում է նա։

Մանանայի ամուսինը՝ 36-ամյա Կամո Առաքելյանը, սկեսրայրը՝ 62-ամյա Արթուր Առաքելյանը, պատերազմի լուրն առնելուն պես կամավոր մեկնել են: Զոհվել են Շուշիի շրջանի Քարինտակ գյուղի պաշտպանության ժամանակ։

«Սկեսրայրս կարար ընդհանրապես չմասնակցեր, ինքը թոշակառու էր, մասնակցել էր մյուս պատերազմներին, էս պատերազմի ժամանակ իրեն հրամանատար նշանակեցին գյուղը պաշտպանելու: Հոկտեմբերի 29-ին նույն օրը մահացան երկուսն էլ գյուղապետի հետ միասին։ Իրենց զոհվելուց հետո գյուղն էլ տվին»,- կսկիծով ու ցավով ասում է կինը:

Մանանան ասում է՝ ամուսնու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 28-ին, հաջորդ օրն առավոտյան սպասել է զանգի, որն այդպես էլ չի եղել:

«Չզանգեց։ Հետո անընդհատ ինձ զանգում էին, հարցնում՝ Մանա՛ն, ինչ կա-չկա, ասում էի՝ բան չկա… Իրենք գիտեին, ես չգիտեի… Հետո մաման զանգեց՝ թե բա, Մանա՛ն, սենց բան եմ լսել, չգիտեմ՝ ճի՞շտ ա, թե չէ։ Զանգեցի գյուղ, չէին վերցնում, չէին պատասխանում, ինքն էլ արդեն անհասանելի էր: Հետո կապվեցի գյուղում մեր հարևանի հետ, ասեց՝ հա, ճիշտ ա, Մանանա՛»,- հուզմունքով հիշում է կինը։

Մանանան ասում է՝ մինչ այսօր էլ չի կարողանում հավատալ եղելությանը։ Պատերազմի թեժ օրերին չեն թույլատրել Արցախ գնալ, այդ պատճառով ոչ կարողացել է ամուսնու դին տեսնել, ոչ էլ հուղարկավորությանը մասնակցել։ Ասում է՝ մինչ այսօր էլ սպասում է, որ ամուսինը տուն կգա, ներս կմտնի։ Համակերպվել իրականությանը անկարող է։

«Ես ասում էի՝ ո՞վ ա տեսել, ասում էին՝ սկեսրայրիդ տեսել ենք, ասում եմ՝ բա Կամոյի՞ն ով ա տեսել, տեսնող եղե՞լ ա… Ես չեմ կարում պատկերացնեմ, միգուցե գերի են վերցրել կամ վիրավոր ա, ասում են՝ ճիշտ ա, Կամոյին մի քիչ ուշ են գտել, երեսի վրա ընկած էր, բայց ինքն էր… նկարագրեցին՝ հագին ինչ շոր էր, սկսեցի հավատալ, բայց որ ես չեմ տեսել, ոնց որ մինչև հիմա էլ սպասում եմ»,- ասում է կինը։

Մանանան ասում է՝ ամուսնուց անգամ որևէ իր որպես հիշատակ չի մնացել, ամեն ինչ Քարինտակում է, անգամ ընտանեկան  լուսանկարների մեծ մասը տան համակարգչի մեջ է:

«Միշտ ասում էի՝ գոնե իրանից մի հիշատակ մնա, ասեցի՝ գոնե մեքենան գտնենք, հիշատակ պահենք իրա տղայի համար… Էդ էլ չկա, մեկը մնացել ա թուրքերի մոտ, էն մեկն էլ չենք գտնում»,- նշում է կինը:

Ասում է՝ եթե ամուսինն այդքան լավ անձնավորություն չլիներ, իրար հանդեպ այդքան սիրով չլինեին, գուցե այդքան չտանջվեր, բայց հիմա ցավը խեղդում է, որովհետև կորցրել է տան հենարանին, բարի, հոգատար ամուսնուն, բոլորին միշտ հասնող ու օգնող Կամոյին։

«Մենք միասին էինք ստեղծում, ամեն ինչ անում-դնում էինք, միանգամից կոտրվեցի, ես աշխույժ մարդ էի, բայց հիմա ընդհանրապես չեմ էլ ուզում խոսամ, մեկը որ իմ մոտ ծիծաղում ա, շատ ժամանակ ջղայնանում եմ։

Ինքը բոլորի, նույնիսկ անծանոթի հանդեպ էր շատ լավ, բարի, հոգատար: Գյուղից որ մեկը զանգում էր իրեն, թեկուզ հացի ժամ լիներ, իրա հացը կիսատ էր թողում, գնում էր, էդ մարդուն օգնության հասնում, շատ ուրիշ էր՝ բոլորին հասնող։ Անասնաբույժ էր, Շուշիում էր աշխատում, թե մեկը զանգեր, ասեր՝ կարա՞ս հասնես, էսինչ անասունը լավ չի, ինքն էլ չէր սպասում՝ մեքենա կլինի-չի լինի, իրա մեքենայով հասնում էր, բայց էդ պահին ոչ մեկը իրան չկարողացավ հասներ, թեկուզ փրկեին՝ չթողեին գնա»,- հուզմունքի պատճառով խոսքն ընդհատում է Մանանան։

Այնուհետև ընդգծում է՝ ոչինչ ու ոչ ոք չի կարող սփոփել դառնացած ու ցաված հոգին:

«Ոչ մեկն ինձ էսօր չի կարա սփոփի։ Ես էս ամենից հետո էլ ապագա չեմ պատկերացնում… Որ երեխաներիս ապագան լավ լինի, միգուցե էդ ժամանակ մի փոքր փոփոխություն մտնի, բայց հիմա՝ չէ՛, ես լավ ապագա չեմ տեսնում, մանավանդ հիմա էլ, որ ամեն ինչ լսում ես, տեսնում, վաբշե հետագայում չես պատկերացնում ապագան՝ ոնց կլինի»,- ասում է Մանանան։

Արփինե Արզումանյան

MediaLab.am