«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը
– Պարո՛ն Սարգսյան, մի քանի ժամից ԱՄՆ նոր նախագահը երդմամբ կստանձնի պաշտոնը։ Ի՞նչ ենք ունենալու մենք ԱՄՆ նոր նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։ Հայ-ամերիկյան հարաբերությունների բարելավման ի՞նչ հույսեր կան։ Հնչում են կարծիքներ, որ ողջունելի է այն, որ Բայդենը հայամետ դիրքորոշում ունի։ Արդյոք սպասելիքները կարդարանա՞ն։
– Երբ Բայդենը զբաղեցնում էր Միացյալ Նահանգների սենատորի պաշտոնը, երբ զբաղեցնում էր Միացյալ Նահանգների փոխնախագահի պաշտոնը, բնականաբար, ուներ որոշակի հայամետ հայացքներ, սակայն փոխնախագահ եղած ժամանակ երկրի ղեկավարի՝ Բարաք Օբամայի ամենակարևոր խոստումը չկատարեց, խոսքը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին է։
Եվ, բնականաբար, այդ հանգամանքը ԱՄՆ հայ համայնքի դժգոհությունը հարուցեց, որովհետև Օբաման համայնքին էր խոստացել ցեղասպանության ճանաչումը:
Հիմա նույնպես Բայդենը որպես նախագահի թեկնածու խոստացել է, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Բոլոր թեկնածուներն էլ խոստանում են, Թրամփը այդ հարցում բացառություն էր:
Բայդենն իրոք մեր տարածաշրջանին տեղյակ մարդ է, հայ համայնքի հետ մշտական կապի մեջ է եղել իր կարիերայի ամենատարբեր փուլերում:
Ես չեմ կարծում, որ Վաշինգտոնը մեր նկատմամբ քաղաքականություն է փոխելու, բայց կարծում եմ, որ վերաբերմունքի փոփոխություն կլինի: Բայց նաև ինքներս պետք է աշխատենք այդ ուղղությամբ:
Եթե մենք աշխատենք այնպես, ինչպես վերջին 2,5-3 տարիների ընթացքում ենք աշխատել, ապա բնականաբար ոչինչ էլ չի փոխվի, մենք որևէ համագործակցության եզր Վաշինգտոնի հետ չենք կարող գտնել ո՛չ քաղաքական, ո՛չ էլ տնտեսական ոլորտներում:
– Պատերազմի ընթացքում մեծ ակնկալիքներ կային Արևմուտքից, ԱՄՆ-ից, բայց տեսանք, որ այդ ակնկալիքները որևէ կերպ չարդարացան, առարկայական ոչինչ տեղի չունեցավ: Այս առումով ի՞նչ անելիքներ կան, որ հետագայում մեր ակնկալիքներն արդարանան:
– Վերջին տարիների ընթացքում մեր արտաքին քաղաքականությունն այնքան էր կաղում, այնքան պասիվ էր, այնքան ներգրավվածություն չուներ միջազգային պրոցեսներում, որ բնական է, այդպես էլ պետք է լիներ: Ես կարծում եմ, որ ավելի հետևողական աշխատանքի շնորհիվ մենք կարող էինք որոշակի դիրքորոշումներ ակնկալել որոշ բարեկամական երկրներից խորհրդարանների մակարդակով, բայց դա տեղի չունեցավ:
Սա բացառապես կապված է ադրբեջանցիների ակտիվ և հետևողական աշխատանքի և մեր ոչ հետևողական աշխատանքի հետ: Ընդհանուր պատկերը սա է:
– Պատերազմի օրերին նշվում էր, թե ԱՄՆ-ում նախընտրական շրջան է, դրա համար էլ, մեծ հաշվով, արձագանք չեղավ:
– Ընտրությունների վրա մեղքը բարդելը սխալ է, որովհետև պետքարտուղարության համապատասխան պաշտոնյաներն ու համապատասխան դեսպանները չէին ընտրվում, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը չէր ընտրվում, համապատասխան դեպարտամենտների ղեկավարները չէին ընտրվում: Այնպես որ, ամեն ինչ բարդել ընտրությունների վրա այնքան էլ ազնիվ չէ:
– Իսկ տարածաշրջանային զարգացումների առումով ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ Բայդենի նախագահության օրոք:
– Որոշակի ակտիվություն կնկատվի ԱՄՆ քաղաքականության մեջ, որովհետև Թրամփի օրոք ԱՄՆ-ը մեկուսացել էր միջազգային պրոցեսներից, առաջնահերթություն էր դարձել բոլոր ռեսուրսները կենտրոնացնել Ամերիկայի զարգացման վրա:
Իսկ հիմա մենք ականատես կլինենք նրան, որ Բայդենի վարչակազմը առավել ակտիվ կներգրավվի միջազգային պրոցեսներում, կվերադառնա այն պայմանագրերին, որոնցից Թրամփը դուրս է եկել, առավել ակտիվ կաշխատի Իրանի հետ, առավել ակտիվ գուցե կփորձի լեզու գտնել Ռուսաստանի հետ, առավել ճկուն քաղաքականություն կվարի Թուրքիայի հետ և այլն:
Այսինքն, բնականաբար, ամերիկյան քաղաքականության ակտիվություն կնկատվի, այդ թվում՝ մեր տարածաշրջանում որոշակի շեշտադրումներ կփոխվեն: Բայց սկզբունքային դիրքորոշումները, կարծում եմ՝ փոփոխությունների չեն ենթարկվի:
– Այստեղ ի՞նչ դեր կարող է ունենալ ՀՀ իշխանությունների որդեգրած գիծը արտաքին քաղաքականության մեջ:
– Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե այսօրվա մեր իշխանությունները արտաքին քաղաքական գի՞ծ ունեն, թե՞ գործում են պահի տակ կողմնորոշվելու սկզբունքով: Ես կարծում եմ, որ այդ տեսանկյունից ռազմավարություն և մարտավարություն մենք չունենք, պահի տակ ինչ ստացվում է՝ դա էլ անում են:
– Ի՞նչ պետք է աներ այս իշխանությունը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, որ չի արել:
– Կարող էր առնվազն ծրագրեր առաջարկել ամենատարբեր ուղղություններով, մանավանդ որ ամերիկացիները պատրաստ էին տարբեր տեսակի ծրագրեր, բարեփոխումներ ֆինանսավորել:
Դա չարվեց, փոխարենը հայտարարվեց, որ ամերիկացիները որևէ կերպ չեն աջակցել հետհեղափոխական Հայաստանին, ինչը, բնականաբար, բացասաբար ընդունվեց Վաշինգտոնում:
Մեր զորախումբը Սիրիա գործուղելը նույնպես բացասական ազդեցություն ունեցավ հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, որովհետև ամերիկացիները չէին հասկանում, թե ինչպես ենք մենք ուղարկում Սիրիա այն զինվորականներին, որոնց իրենք են պատրաստել:
Բացի դրանից, Սիրիա ենք ուղարկում ականազերծողների, միաժամանակ ԱՄՆ-ից ֆինանսական աջակցություն ենք ստանում Ստեփանակերտում ականազերծման աշխատանքների համար:
Այսինքն՝ բազմաթիվ հարցեր կային, որոնց պատասխանները ամերիկյան կողմը չստացավ: Սա ինչ-որ առումով ազդեց հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակի վրա, որն իջավ պատմականորեն ամենացածր մակարդակի:
Մանե Հարությունյան
MediaLab.am