«Ռուսաստանը մեզ թելադրում է խաղի կանոնները ու շարունակում է իր կոշտ պրոադրբեջանական քաղաքականությունը». Ստեփան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը

– Պարո՛ն Գրիգորյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցով Վրաստանում է: Ինչպե՞ս կգնահատեք այդ այցն ու ի՞նչ սպասելիքներ ունեք:

– Պաշտոնական հանդիպումների վերաբերյալ տրված հաղորդագրությունների համաձայն՝ խոսվել է երկկողմ հարաբերությունների, տնտեսական, քաղաքական, առողջապահական, հումանիտար ու տարածաշրջանային խաղաղության մասին:

Ընդհանուր առմամբ, դրական է, որ ընտրություններից հետո վարչապետը պաշտոնական այցով եղավ Ռուսաստանում, Իրանում, այժմ էլ՝ Վրաստանում: Բնական է, որ այդ ցանկում պետք է լիներ նաև Վրաստանը, որովհետև Վրաստանի միջոցով մենք աշխատում ենք աշխարհի հետ, բացի այդ էլ, բարեկամ երկիր է:

Կասկած չունեմ, որ տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության մասին խոսելիս կողմերն անդրադարձել են Ռուսաստանից ու Թուրքիայից եկող նախաձեռնություններին, իսկ Վրաստանը կտրականապես դեմ է այդ նախաձեռնությանը:

Իհարկե, Հայաստանն ասում է, որ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ սկսել ինչ-որ գործողություններ, բայց Վրաստանն այդ հարցում ունի լուրջ վերապահումներ, քանի որ ասում է, որ տարածաշրջանում այդ երեք երկրներով անվտանգություն ապահովելն անհնար է, պետք է ներգրավված լինեն նաև Եվրամիությունն ու ԱՄՆ-ն:

Հայաստանը, պարզ է, Ռուսաստանի ճնշման տակ լինելով, չի խոսում Վրաստանի այս վերապահման մասին, ավելին՝ նշում է, թե պատրաստ են խոսելու Թուրքիայի հետ: 

– Նկատի ունեք, երբ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնում Թուրքիայի հետ երկխոսելու՝ պայմանավորված է Ռուսաստանի ճնշմա՞մբ:

 – Միանշանակ, Մոսկվայի առաջարկով, ճնշմամբ՝ հիմա դժվարանում եմ ասել, բայց դա Մոսկվայի նախաձեռնությունն է, որովհետև Աֆղանստանի դեպքերից հետո, երբ Կենտրոնական Ասիայի ապակայունացման վտանգը մեծ է, Ռուսաստանն ուշադրություն կդարձնի հենց Կենտրոնական Ասիայի վրա՝ թուլացնելով ուշադրությունը Հարավային Կովկասում:

Եվ Ռուսաստանին պետք է, որ այդ վակուումը, որը մասամբ կլինի, զբաղեցնի Թուրքիան, ոչ թե Եվրամիությունը կամ ԱՄՆ-ն: Այս պատճառով էլ հայ-թուրքական ինչ-որ գործընթացների թիկունքում, այո՛, կանգնած է Մոսկվան:

Իսկ քանի որ ռուս-թուրքական խաղաղության կոնցեպտին դեմ է Վրաստանը, որովհետև չի հավատում, որ Ռուսաստանը կարող է օբյեկտիվ լինել Հարավային Կովկասում, ուզում են, որ տարածաշրջանում լինեն Եվրամիությունն ու ԱՄՆ-ն: Նկատենք, որ վերջիններիս ներկայությունը նաև մեզ է ձեռնտու:

– Պարո՛ն Գրիգորյան, այս պարագայում, երբ Վրաստանը դեմ է, կողմերը, ըստ ձեզ, ինչպե՞ս են ընդհանուր հայտարարի գալու:

– Դժվարանում եմ ասել, աշխարհում շատ դինամիկ է ամեն բան փոխվում, կարող է այնպիսի զարգացում լինել, որ այս խնդիրն էլ ակտուալությունը կորցնի: Ամեն օր տեսնում ենք նոր զարգացումներ աշխարհում:

Ռուս-թուրքական նախաձեռնություններին պետք զգուշավորությամբ մոտենանք, ու մեր գիծը պետք է հստակ լինի, պետք է սկսենք ավելի ակտիվ աշխատել աշխարհի հետ: Տարածաշրջանի ու մեր գործերի մեջ անպայման պետք է ներգրավենք Եվրամիությանը ու ԱՄՆ-ին, քանի որ նրանք հետաքրքրվում են, թե ինչ է կատարվում, տեսնում են, որ հայ ժողովրդին ճնշում են, բոլոր հարցերը մեր դեմ են լուծվում:

Եվ քանի որ Ռուսաստանը տարածաշրջանում ակնհայտորեն սպասարկում է միայն Ադրբեջանի շահերը, փորձում է Եվրամիությանն ու Միացյալ Նահանգներին համոզել, որ Ադրբեջանի օրակարգով շարժվենք, ու հենց այստեղ է, որ Վրաստանի դերը շատ կարևոր է:

Այնպես ստացվեց, որ մեր շահերը համընկան, այն է՝ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն լինեն տարածաշրջանում, ակտիվ աշխատեն: Հույս ունեմ, որ մենք օգտակար դաշտերում ենք համագործակցելու, բայց չգիտեմ՝ հայկական կողմն ինչպես կվարվի:

– Կարծում եք՝ հայկական կողմը կկարողանա՞ չանսալ, ինչպես դուք եք ասում, Ռուսաստանի ճնշումներին և այս հարցում համագործակցել Վրաստանի հետ, եթե նկատի ունենանք նաև այն, որ Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ, կարծեք, վերջին շրջանում ավելի սերտ են դարձել, վերջերս էլ առանցքային պաշտոնյանները Մոսկվայում էին:

– Ձեր ասած պաշտոնյաներին կանչում են, նրանք էլ գնում են: Բնական է՝ նոր կառավարություն, նոր պաշտոնյաներ, պետք է գնան, ծանոթանան, բայց պետք է նկատի ունենալ, որ պատերազմից հետո մեր սուվերենության մակարդակը իրոք շատ է թուլացել, և դրա պատճառով էլ Հայաստանը, ուզած-չուզած, հաշվի է նստում Ռուսաստանի հետ, բացի այդ էլ, տարածաշրջանում Ռուսաստանի դերը մեծ է: Բայց, չեմ կարծում, թե այդ հարաբերություններում հավասար կանոններ են, Ռուսաստանը մեզ թելադրում է խաղի կանոնները ու շարունակում է իր կոշտ պրոադրբեջանական քաղաքականությունը: 

Վրաստանը վատ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, կտրականապես դեմ է, որ Հարավային Կովկասում անվտանգությունը Ռուսաստանն ապահովի Իրանի ու Թուրքիայի հետ, նրանք ուզում են, որ այդ խաղի մեջ լինեն նաև Եվրամիությունը և ԱՄՆ-ն, ինչն օգտակար է մեզ համար, ու պետք է դա օգտագործել:

– Իսկ կառավարության կողմից՝ այն օգտագործելու նախադրյալներ, հիմքեր այս պահին ձեզ համար տեսանելի՞ են, պարո՛ն Գրիգորյան:

– Առանձին հայտարարությունների մակարդակում տեսանելի են նմանատիպ տարրեր, բայց գործնականում՝ դեռ չեմ տեսնում: Տեսանելի է, որ շատ զգուշավոր են, իսկապես գտնվում են Ռուսաստանի ճնշման տակ ու առանձին դեպքերում չեն համարձակվում ինքնուրույն քայլեր անել, ինչն ակնհայտ երևում է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am