Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, ապա ինչո՞ւ է հարյուր միլիոնավոր դոլարների զենք գնում․ Ալիևը՝ Հնդկաստանի դեսպանին. «Ազատություն»

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ընդունելով այդ երկրում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Շրիդհարան Մադհուսուդհանանի հավատարմագրերը, իր ելույթում անդրադարձել է նաև հայ – ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Ադրբեջանի առաջնորդը կրկին պնդել է, թե Հայաստանում գործում են «ռևանշիստական ուժեր, որոնք դեռևս տարածքային հավակնություններ ունեն»։

«Խոսելով այն մասին, որ Հայաստանի սրընթաց սպառազինվելը նոր սպառնալիքներ է ստեղծում, պետության ղեկավարը նշել է, որ եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ցանկանում Ադրբեջանի հետ, ապա ինչո՞ւ պետք է հարյուր միլիոնավոր դոլարների զենք գնի», – ասվում է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության հաղորդագրությունում:

Աղբյուրի համաձայն, Ալիևը պնդել է՝ Հայաստանի այդ քաղաքականությունը «կարող է հանգեցնել տարածաշրջանի համար նոր սպառնալիքների»։

44-օրյա պատերազմից հետո խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը պնդող Ադրբեջանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ Բաքուն շարունակում է հսկայական գումարներ ծախսել բանակի վրա:

«Ինչո՞ւ, որովհետև մենք պետք է միշտ պատրաստ լինենք։ Մեծանում են սպառնալիքները, մեծանում է վտանգը, և մենք միշտ պետք է ի վիճակի լինենք հաղթահարելու ցանկացած սպառնալիք», – անցած օրերին իր ելույթներից մեկում պնդում էր Իլհամ Ալիևը: