«Լաչինի միջանցքի բացման մասով ԱՄՆ-ն նոր շեշտադրում է անում՝ առևտրային նշանակությամբ ապաշրջափակում». Արմեն Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը

– Պարո՛ն Պետրոսյան, ԵՄ խորհուրդը քաղաքացիական առաքելություն կուղարկի Հայաստան, այս անգամ՝ երկու տարի ժամկետով։ Ի՞նչ է տալու այդ առաքելության ներկայությունը Հայաստանին։

– Ընդհանուր առմամբ՝ Եվրամիության այս որոշումը 2022 թվականին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքների ամրապնդումն է։ Այս որոշումը մեր տարածաշրջանում Եվրոպական միության քաղաքական ազդեցության նոր որակի ներգրավվածություն է ապահովում, այսինքն՝ սա որակական առումով նոր ձեռքբերում ու նոր դերակատարում է մեր տարածաշրջանում ընթացող գործընթացներում։

Սա որքանով մեծացնում է ԵՄ-ի քաղաքական ազդեցությունը, որոշակի առումով նաև խնդրահարույց է, որովհետև այս առաքելությունը գործարկվելու է որպես մրցակցային իրողություն Ռուսաստանի ռազմաքաղաքական ազդեցության և, մասնավորապես, ՀԱՊԿ-ի հնարավոր դերակատարման, այսինքն՝ այս տեսանկյունից արդեն կարելի է ակնկալել Ռուսաստանի որոշակի առումով հակազդեցության հնարավորություններ։

Երկրորդ խնդրահարույց իրողությունը, որ կարելի է ակնկալել, բնականաբար, Ադրբեջանի դիրքորոշումն է, ինչն արդեն տեսանք՝ ԱԳՆ հայտարարությամբ, քանի որ եթե Պրահայի առաջին հանդիպման ժամանակ ԵՄ առաքելության գործուղումը փոխհամաձայնեցված էր նաև Ադրբեջանի հետ, ապա այս դեպքում, ինչպես տեսնում ենք՝ այդ առաքելության գործարկումը պայմանավորված է ԵՄ-Հայաստան առանձին փոխհամաձայնությամբ, հետևաբար այդ առաքելությունը, նաև վստահաբար, որոշակիորեն նպաստելու է Հայաստանի դեմ ադրբեջանական սադրանքների նվազեցմանը։

Այս առաքելության գործարկումը կարող է որոշակի առումով խնդիրներ առաջացնել Իրանի դիրքորոշման տեսանկյունից՝ հատկապես հաշվի առնելով վերջին շրջանում Իրան-Եվրամիություն հարաբերություններում արձանագրվող լարվածությունը՝ պայմանավորված Իրանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների չորրորդ փաթեթի կիրառմամբ ։

Այսինքն՝ այս առաքելությունը, որքանով որ հնարավորություն է տալու Եվրամիությանը ամրապնդելու իր ազդեցությունը, այնուամենայնիվ, որոշակի առումով նաև խնդիրներ է առաջացնելու, որոնց պետք է պատրաստ լինել։

Այս առաքելությունը, բնականաբար, Հայաստան-ԵՄ համագործակցության նոր փուլ է անվտանգային հարթությունում, ինչը չափազանց կարևոր է, մյուս կողմից՝ չափազանց կարևոր են Ադրբեջանից բխող սպառնալիքները։ Այս որոշումը կարող է պատճառ դառնալ Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, ինչու ոչ՝ նաև Թուրքիայի ընդհանուր հակազդեցության, որի դրսևորումները կարող են անկանխատեսելի լինել։

– Իսկ ձեր նշած պետությունների հակազդեցությանը Հայաստանը պատրա՞ստ է դիմակայելու։

– Այստեղ միայն Հայաստանի խնդիրը չէ, նաև ԵՄ-ի խնդիրն է, Արևմուտքի, որը պետք է կարողանա հիմնավորել ու նաև ապահովել իր առաքելության հնարավորինս նվազ խնդրահարույց իրականացումը մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ Հայաստանում։

Անշուշտ, այստեղ պատասխանատվությունը միայն ԵՄ-ի վրա թողնելը ևս ճիշտ չէ, որովհետև առնվազն մեր գործընկերներին, մասնավորապես, Ռուսաստանին ու Իրանին, այս քայլի հիմնավորումը ներկայացնելը Հայաստանի պատասխանատվության գոտում է, իսկ նման հիմնավորման առանցքը պետք է լինի անվտանգային խիստ անորոշ իրավիճակը՝ պայմանավորված Ադրբեջանի կողմից չդադարող հակահայկական ագրեսիվ գործողություններով։

Այս անվտանգային ու հումանիտար բաղադրիչի շեշտադրմամբ՝ մենք պետք է ներկայացնենք մեր քայլերի կարևորությունը գործընկեր երկրներին, որքան էլ դա բարդ լինի, ինչպես արդեն ասացի։

– Պարո՛ն Պետրոսյան, Արևմուտքի ակտիվացումը տարածաշրջանում ի՞նչ է տալու Հայաստանին, մեծ հաշվով՝ դա ավելի շատ օգնելո՞ւ է, թե՞ վնասելու։

– Արևմուտքի ակտիվացումը ես պայմանավորում եմ ուկրաինական ճգնաժամի հետևանքով առավել սրված Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների փաստով, որտեղ հավաքական Արևմուտքը հետապնդում է Ռուսաստանի ազդեցության գոտի համարվող տարածաշրջաններում Մոսկվայի դիրքերի թուլացման նպատակ:

Այս համատեքստում, իհարկե, կարելի է դիտարկել Հայաստանի ու Արևմուտքի շահերի համընկնում, բայց Հայաստանի տեսանկյունից ոչ թե այստեղ Ռուսաստանի դիրքերի թուլացման մասով, այլ ստեղծված իրողությունների պայմաններում, երբ Ռուսաստանը չի կարողանում կատարել Հայաստանի նկատմամբ իր դաշնակցային պարտավորությունները, ինչի հետևանքով Հայաստանը պարբերաբար բախվում է անդադար անվտանգային խնդիրների: Նման պայմաններում պարզապես համընկնում են Հայաստանի ու Եվրամիության շահերը, որի արդյունքում տեսնում ենք նման ակտիվություն ու համաձայնություն։

Ընդ որում, ուզում եմ նշել, որ սա եզակի օրինակ չէ, որովհետև մենք տեսնում ենք նույնպիսի ակտիվություն, օրինակ՝ Իրանի կողմից, որը իմպլեմենտացվում է հատկապես տնտեսական ու քաղաքական-դիվանագիտական հարթություններում։

– ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հորդորել է անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը «առևտրային փոխադրումների համար»: Ի՞նչ է ստացվում, որ ԱՄՆ-ն ակնարկում է միջանցքի մասնակի՞ բացում։ Արդյոք Ալիևն անսալո՞ւ է այս հորդորին։

– Նոր շեշտադրում է այդ առևտրային կամ կոմերցիոն նշանակությամբ ապաշրջափակումը։ Այսինքն՝ սա իր բովանդակությամբ նշանակում է, որ ԱՄՆ-ն, ըստ էության, կոչ է անում, որ ճանապարհը բացվի գոնե առաջին անհրաժեշտության մթերքի ու ապրանքի մատակարարումների մասով, որպեսզի մեծ հաշվով բացառվի հումանիտար ճգնաժամն Արցախում։

Ինչ վերաբերում է միջանցքի բացման մասով այս կոչի ազդեցությանը, ես կդժվարանամ միանշանակ գնահատական տալ։ Ճիշտ է, վերջին շրջանում այդ կոչերը բավական հասցեական են, բայց թե որքանո՛վ դրանք հաջողություն կարձանագրեն՝ դժվարանում եմ ասել, որովհետև Լաչինի ճգնաժամը, մեծ հաշվով, վերածվել է բավականաչափ լայն ընդգրկում ունեցող տարածաշրջանային դիմակայության շրջափուլի, որտեղ ոչ միայն առանձին երկրների շահեր են բախվում, այլ նաև՝ անձերի, իհարկե նկատի ունեմ Իլհամ Ալիևի ու Վլադիմիր Պուտինի հանգամանքը, որոնք որոշակի առումով ընդհանուր մոտեցումներ ունեն տարածաշրջանում արձանագրվող իրողությունների վերաբերյալ, ինչով էլ պայմանավորված բարդանում է արևմտյան կոչերի արդյունավետությունը։

Ես ավելի շատ կանխատեսում եմ, որ Արևմուտքի ակտիվացումը կարող է դրդել Ադրբեջանին, Ռուսաստանին, գուցե նաև Թուրքիային, ավելի առանձին պայմանավորվածությունների գնալ, ինչը կարող է խնդրահարույց լինել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am