«Բուքմեյքերները ցանկանում են, որ գազալցակայաններից խաղային ապարատները չհանվեն»․ Բաբկեն Թունյան

«Բուքմեյքերների բողոքը կապված է այս պահին գազալցակայաններում տեղադրված շահումով խաղերի հետ»,- Ազգային ժողովում լրագրողներին ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Նա խորհրդարանում այսօր հանդիպեց բողոքի ակցիա անող բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցների հետ։ Քննարկումից հետո նա լրագրողներին ասաց, «Վիճակախաղերի մասին» օրենքի նախագծով այդ խաղային ապարատների մասին արգելքը միանգամից ուժի մեջ կմտնի։ «Հիմա իրենք ցանկանում են, որ թույլ տանք այդ ավտոմատները որոշ ժամանակ շահագործեն։ Մենք խոստանացանք, որ հանձնաժողովի նիստում նախագծի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում այդ առաջարկը կքննարկենք, կտեսնենք ինչ է հնարավոր անել»,- նշեց Բաբկեն Թունյանը։

Հանձնաժողովի նախագահը նաև ասաց, որ նոր նախագծով աշխատատեղերի կրճատման հարց չկա, որովհետև մեկ ու կես տարի առնվազն ձեռք չեն տալու բուքմեյքերական կետերին։ «Այդ մեկ ու կես տարվա ընթացքում նաև օնլայն տիրույթում խաղադրույքներ կատարելու հետ կապված որոշակի փոփոխություններ կլինեն, որ այնպես չլինի ընկերություններից մեկը շահի, մյուսը կորցնի»,- ասաց Թունյանը։