Այս տարի Ստեփանակերտից կթռչի՞ առաջին օդանավը. օդանավակայանի չավարտվող շինարարությունը

Այս տարի Ստեփանակերտից կթռչի՞ առաջին օդանավը. օդանավակայանի չավարտվող շինարարությունը
Այս տարի Ստեփանակերտից կթռչի՞ առաջին օդանավը. օդանավակայանի չավարտվող շինարարությունը

Ամենայն հավանականությամբ այս տարի արդեն Ստեփանակերտի օդանավակայանից կիրականացվի առաջին թռիչքը, որը կիրականացվի դեպի Երեւան: Այդ մասին «Մեդիալաբի» հետ զրույցում տեղեկացրեց ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը:
«Ներկայում լայնածավալ աշխատանքներ են իրականացվում թռիչքուղու վրա»,- նշեց Ադբաշյանը: Վերջինս տեղեկացրեց, որ այս պահին լայնացվում է թռիչքուղու լայնությունը. այն կառուցվել է 37 մետր լայնությամբ, այժմ այն դարձնում են 45 մետր` ապահովելու համար թռիչքների անվտանգությունը:

Դմիտրի Ադբաշյանի խոսքով, դա արվում է այն պատճառով, որ թռչելու եւ վայրէջքի ժամանակ ինքնաթիռը կարող է մի քանի մետր աջ կամ ձախ թեքվել, ուստի այժմ թռիչքուղին լիովին փորձում են համապատասխանեցնել միջազգային նորմատիվներին: Թե կոնկրետ երբ կավարտվեն թռիչքուղու հետ կապված աշխատանքները, Ադբաշյանը դժվարացավ պատասխանել` նշելով, որ դա կապված է մի քանի գործոններից. եղանակային պայմաններ, ասֆալտապատման համար անհրաժեշտ միջոցներ եւ այլն:

Ադբաշյանը տեղեկացրեց, որ համենայնդեպս, շինարարությունն իրականացնողները իրեն խոստացել են մինչեւ սեպտեմբերի կեսերը ավարտին հասցնել թռիչքուղու հետ կապված աշխատանքները: Բացի թռիչքուղուց այժմ տեղադրման փուլում են ռադիոնավիագացիոն համակարգերը: Ըստ նրա, այս պահին մնացել է միայն բազմադիրքային ռադիոլակացիոն համակարգի տեղադրումը, որը շուտով պետք է հասնի Ստեփանակերտ:

«Սեպտեմբերին ավարտին կհասցվի օդանավակայանի այսպես կոչված ցամաքային բազան, ինչից հետո կմնա միայն օդանավերի պարկի խնդիրը»,- նշեց Ադբաշյանը:

Ադբաշյանը տեղեկացրեց, որ մինչ այդ պահը իրենք շարունակում են մնալ այն կարծիքին, որ Ստեփանակերտի օդանավակայանի համար լավագույն տարբերակը կանադական 50 տեղանոց CRG 200 օդանավաներն են: Ադբաշյանը, սակայն, չասաց, արդո՞ք իրենք արդեն տվել են այդ օդանավերի պատվերը. նա դա համարեց կոմերցիոն գաղտնիք:

Քաղաքացիական ավիացիայի վարչության պետը տեղեկացրեց նաեւ, որ 230 հեկտար տաչածք զբաղեցնող օդանավակայանը, արդեն իսկ համագործակցության առաջարկներ է ստացել մի քանի երկրներում գործող ուղեւորափոխադրող ընկերություններից եւ տուրիստական կազմակերպություններից:

Թե ո՞ր երկրներից են այդ ընկերությունները, Ադրբաշյանը կրկին չմանրամասնեց, սակայն հավելեց, որ այս տարի արդեն կարելի է հաստատակամորեն ասել, որ տեղի կունենա առաջին թռիչքը: Ադբաշյանի խոսքով, առաջին օդանավը, (որի տոմսի գինը, ըստ նախնական հաշվարկների, կլինի 15-20 հազար դրամի սահմաններում), Ստեփանակերտից կուղեւորվի Երեւան:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Հայաստանում գտնվող Շվեցարիայի Համադաշնության նախագահ Միշել Կալմի-Ռեյի հետ համատեղ ասուլիսում` փորձելով ցրել դեպի Ստեփանակերտ թռիչքների անվտանգության հետ կապված հարցերը` Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Երեւան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղեւորն ինքն է լինելու։

Այս հայտարարությունն արվել էր, ի պատասխան ադրբեջանական կողմի` Ստեփանակերտի օդանավերը ոչնչացնելու վերաբերյալ հնչող սպառնալիքների:

Հիշեցնենք նաեւ, որ սկզբնական շրջանում նախատեսվում էր Ստեփանակերտի օդանավակայանը բացել անցյալ տարվա հոկտեմբերին:

Անցյալ տարվա սկզբին` օդանավակայանի եւ ուղեւորային համալիրի կառուցման կապալառու «Հորիզոն-95» շինարարական ընկերության տնօրեն Գագիկ Գալստյանը «Արմենպրեսին» տեղեկացրել էր, որ երկարատեւ դադարից հետո Ղարաբաղում առաջին օդանավն արդեն կարող է վայրէջք կատարել 2010 թվականի հոկտեմբերին:

Հոկտեմբերին, սակայն, օդանավակայանը չբացվեց, եւ դրանից հետո սկսեց շրջանառվել հենց մայիսի 9-ը: Մասնավորապես, «Ազգ» օրաթերթն այս տարվա սկզբին, հղում կատարելով ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչությանը, նշել էր, որ օդանավակայանը շահագործման կհանձնվի հենց մայիսի 9-ին: ԼՂՀ իշխանությունները, սակայն, հետո հերքեցին այդ տեղեկությունը:

«Ոչ մեկը օր չէր նշել, եւ ես չգիտեմ, թե որտեղի՞ց է շրջանառվել այդ օրը: Բացումը նախատեսված է եղել մայիսին, բայց ոչ թե հենց մայիսի 9-ին: Մեզ համար օրը կամ ամիսը կարեւոր չէ, մեզ համար կարեւոր է, որ օդանավակայանը լինի ապահով եւ համապատասխան չափանիշներով կառուցված»,- ավելի վաղ «Մեդիալաբին» ասել էր ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am