«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ կառավարության: Մարուքյանը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել գործադիրի այն որոշումը, որով Արարատ լեռան պատկերը հեռացվելու է պետական սահմանը հատելու կնիքի վրայից:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Մարուքյանի կարծիքով՝ կառավարության որոշումը հակասում է Սահմանադրությանն ու օրենքներին. «Որպես քաղաքացի դիմել եմ դատարան, ես պնդում եմ, որ Սահմանադրությամբ պաշտպանված իմ ազգային ինքնության իրավունքը, իմ ազգային իրավունքին գումարած մարդկային արժանապատվությունն այս իմաստով նաև ոտնահարվելու է և քանի դեռ չի սկսել ոտնահարվել, դատարանից պահանջում եմ կասեցնել և անվավեր ճանաչել:
Եթե մեզ հաջողվի այս փուլում այս ամեն ինչի դեմն առնել, մենք թույլ չենք տա, որ նրանք հասնեն նաև զինանշանին»:
Գործադիրն որոշումն ընդունել է սեպտեմբերի սկզբին չզեկուցվող ընթացակարգով, այն ուժի մեջ է մտնելու նոյեմբերի 1-ից: Պատճառների մասին փաստաթղթում չկա ոչ մի հիմնավորում: Հետագայում արդեն, երբ թեմայի վերաբերյալ աղկում բարձրացավ, և հնչեցին քննադատություններ, իշխանական տարբեր ներկայացուցիչներ բացատրեցին, որ Հայաստանի կնիքները չպետք է վտանգավոր մեսիջներ ուղարկեն հարևաններին՝ համահունչ լինելով իրական Հայաստանի գաղափարախոսությանը:
Նման մի բացատրություն էլ անուղղակի կերպով տվել էր վարչապետը. «Դու քո տոնը կառուցել ես քո կադաստրային գծից ներս, բայց տանդ, առավել ևս արտաքին պատերին նկարել ես նկար, որը խորհրդանշում է քո ընկալումը, որ հարևանդ արժանի չի ունենալ այն, ինչ ունի, և ամեն գարուն այդ նկարի գույները թարմացնում ես, և այլն, նոր էլեմենտներ ես ավելացնում … Սկզբունքորեն ի՞նչ ա՝ մեկ ա սահմանիդ մեջ ես և այլն, բայց դա նյարդ ա, դա նյարդայացնելու է ու դառնալու է վեճ, կոնֆլիկտ, կռիվ, պատերազմ»:
Էդմոն Մարուքյանի գնահատմամբ՝ այն հիմնավորումները, որոնք ներկայացնում են ՔՊ-ականները Հայաստանի պետական սահմանահատման կնիքից Արարատի պատկերը հանելու համար, նույն պատճառաբանություններով այն կհանեն նաև զինանշանի վրայից:
«Սակայն զինանշանի վրայից հանելու համար պետք է Սահմանադրություն փոխեն, օրենք փոխեն, և մեծ պրոցես է, բայց մենք՝ որպես ՀՀ քաղաքացիներ, որպես ժողովուրդ, հանդուրժո՞ւմ ենք այս ամեն ինչը», – հարցնում է ԼՀԿ ղեկավարը:
Որոշման ուժի մեջ մտելուն երկու շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել: Մարուքյանը նաև պահաջնել է դատարանից հայցի ապահովման միջոց կիրառել և թույլ չտալ՝ այն ուժի մեջ մտնի, մինչև բուն վճիռը կկայացվի:



















