«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը
– Հաստատված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը հիմնովին ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը: Սա, իհարկե, նմանատիպ առաջին դեպքը չէ, և գնահատականների համաձայն՝ այդ գործողությունները միտված են տարածաշրջանում հայկական մշակութային հետքի վերացմանը։ Պարո՛ն Սիմոնյան, Ձեր կարծիքով՝ միջազգային իրավական ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեր Հայաստանը՝ նման դեպքերը կանխելու համար, և ի՞նչ կարող է անել այժմ՝ հետագայում դրանց կրկնությունը բացառելու նպատակով։
– Բնականաբար զարմանալի որևէ բան չկա, ու Ադրբեջանն այդպես էլ պետք է վարվի ցանկացած հայկականի հետ, ինչ կա Արցախի տարածքում: Սա Ադրբեջանը չի էլ թաքցնում, այնքան է լկտիացել, որ ցեղասպանությունը չի թաքցնում, որովհետև մշակութային ժառանգության ոչնչացումը ցեղասպանության գործողությունների դրսևորումներից մեկն է, որը ոչ միայն կոնվենցիոն ամրագրում ունի, այլ նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պրակտիկան է դա հուշում:
Մասնավորապես Ցեղասպանության հետ կապված խորհրդատվական եզրակացությունում է այդպես գրված. Բոսնիայի և Հերցեգովինայի հետ կապված գործի շրջանակներում այդ միտքն արտահայտվել է. երբ դու մշակութային հուշարձաններ ես ավերում, ուզում ես կոնկրետ ազգի, կոնկրետ էթնոսի հետքը վերացնել կոնկրետ տարածության վրա, դա հենց ցեղասպանության շարունակությունն է ու տրամաբանական ակտերից մեկը:
Ինչ պետք է անի այն պետությունը, որ այդ ազգի ներկայացուցիչն է, տվյալ պարագայում՝ Հայաստանի Հանրապետությունը: Նախ՝ պետք է մեկ պարզ որոշում ընդունի՝ պաշտպանել ազգային շահը: Այսօրվա Հայաստանի Հանրապետությունը չի պաշտպանում հայ ազգի շահը: Սա նշանակում է, որ հայ ազգը այսօր չունի պաշտպանություն, չունի մի պետություն, քաղաքական կազմակերպություն, որը մեր շահերի պաշտպանությամբ կզբաղվի: Եթե ազգային շահը պաշտպանելու որոշումը կայացներ, ապա առկա իրավական մեխանիզմները կօգտագործվեին, որպեսզի նախ՝ հնարավոր եղանակով կանխվեր մշակութային հուշարձանների ոչնչացումը, ու երկրորդը՝ ոչնչացումից հետո առաջանար պատասխանատվություն այդ պետության ու քաղաքական իշխանության ներկայացուցիչների համար, տվյալ պարագայում՝ Ադրբեջանի:
Իրավական մեխանիզմները շատ են՝ ՄԱԿ-ի շրջանակներում գործող իրավական մեխանիզմներից սկսած մինչև տարածաշրջանային իրավական մեխանիզմներ, Եվրոպայի խորհուրդն օրինակ, բայց Հայաստանը չի օգտագործում դրանք: Չի էլ օգտագործել սրանից առաջ, ես չեմ ասում, որ միայն այս իշխանությունները չեն օգտագործում, նախորդներն էլ չեն օգտագործել, երբ, օրինակ՝ Նախիջևանում ոչնչացվում էին մեր պատմամշակութային հուշարձանները:
– Բայց էական արդյունք լինելո՞ւ էր:
– Գոնե մենք իրավական փաստաթղթի տեսքով ամրագրում կունենայինք, որ այդպիսի եղեռնագործություն տեղի է ունեցել: Իրավական տեսանկյունից մենք Եվրոպական դատարանի մեկ որոշում ունենք Շվեյցարիայի հետ կապված, երբ թուրք գործիչը ժխտել էր Հայոց ցեղասպանությունը, ու Շվեյցարիան պատասխանատվության էր ենթարկել, բայց Եվրոպական դատարանում այդ թուրք գործիչը հասավ նրան, որ Եվրոպական դատարանը համարեց, որ Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ու խոսքի ազատության մեջ տեղավորվում էր Հայոց ցեղասպանության ժխտումը: Հիմնավորումը գիտե՞ք որն էր, որ իրավաբանորեն դեռևս ապացուցված չէ, որ Հայոց ցեղասպանությունը Հոլոքոստի նման ևս պատմական փաստ է:
Եթե մենք ինչ-որ դատարանից մեկ որոշում ունենայինք, որը Եվրոպայի դատարանի համար հիմք կլիներ, ապա դատարանը նման որոշում չէր կայացնի: Հիմա էլ, եթե ունենանք մեկ փաստաթուղթ միջազգային ինչ-որ դատական ատյանից կամ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ինչ-որ մի կոմիտեից՝ ՄԱԿ-ի շրջանակներում գործող, կամ ՅՈՒՆԵՍԿՕ-ից, որը ՄԱԿ-ի առանցքային կառույցներից մեկն է, որը կդատապարտեր մշակութային հուշակոթողների նկատմամբ նման եղեռնագործությունը, ապա այդ պետությունը մի քանի անգամ կմտածեր նման քայլ կատարելուց առաջ: Իրականացնողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը, ես չեմ կարող դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ես սուբյեկտ չեմ, ո՛չ էլ՝ դուք, պետությունն է սուբյեկտ, ՄԱԿ-ի անդամ պետությունը:
– Պարո՛ն Սիմոնյան, այս համատեքստում շատ է շրջանառվում այն խոսույթը, որ այս վանդալիզմի դրսևորումը չի տեղավորվում խաղաղության համատեքստում: Այս մասով ձեր դիրքորոշումը ո՞րն է:
– Անշուշտ, բայց հարցն այն է, որ Ադրբեջանն ամենևին չի թաքցնում, որ ինքը տրամադրված չէ խաղաղության, ինքը տրամադրված է հերթական պատերազմի, որի նպատակը հայկական պետականության վերացումն է ու հայ էթնոսին Հայկական լեռնաշխարհից ընդհանրապես վերացնելը, որը տեղավորվում է դեռևս հարյուր տարի առաջ մշակված պանթյուրքական քաղաքականության մեջ: Եթե մենք խաղաղություն ասելով նկատի ունենք հայկական տարրի բացակայությունը Հայկական լեռնաշխարհում ու այն փոքր հատվածը, որ մնացել է այսօր, այդ տրամաբանությամբ՝ եթե այստեղ հայեր չլինեն, այո՛, խաղաղ կլինի այստեղ, որովհետև միայն թուրքեր կլինեն, բայց հայերի ու թուրքերի համակեցություն՝ դրանց ադրբեջանական տարբերակով կամ օսմանյան ժառանգորդների տարբերակով, հնարավոր չէ:
Այդ մարդիկ չեն ուզում ընկալել, որ այս տարածքներում պետք է հայերը լինեն, առավելևս՝ հայկական պետականություն ունենան: Դրա համար էլ իրենց քաղաքականությունը գնում է նրան, որ առավելագույնս ճնշման գործիքներ օգտագործելով հասնեն հայկական պետականության ձևականացմանը, գոյության դադարեցմանը, որի հետևանքով կլինի նաև էթնոսի դադարում: Առնվազն պետք է քաղաքական տգիտությամբ տառապել, պատմական հիշողություն չունենալ, որպեսզի հավատաս, որ քո թշնամին, որը մորթել է քո զավակներին ու գլխատել, հիմա հանկարծ բարի է դարձել և ուզում է բարեկամություն անել քեզ հետ:
– Ձեր գնահատմամբ՝ ինչո՞վ է բացատրվում գործող իշխանության այս մոտեցումը՝ Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսելը:
– Միգուցե բոլորը միասին:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















