Ինչու է իրականում փակվում «HSBC Հայաստանը». Fip

Նախորդ շաբաթ բրիտանական HSBC բանկի հայաստանյան մասնաճյուղը հանդես եկավ հայտարարությամբ, որ համաձայնություն է ձեռք բերվել «HSBC Հայաստանը» «Արդշինբանկ» ՓԲԸ-ին վաճառելու շուրջ:

Հայտարարության մեջ նշվում էր նաև, որ «HSBC Հայաստանը» վաճառելու որոշումը կայացվել է ռազմավարական վերանայման արդյունքում, ըստ որի՝ «HSBC խմբի նպատակն է կապիտալը վերաբաշխել կապերի ապահովման և ռազմավարական նշանակության տեսանկյունից ավելի լայն հնարավորություններ ընձեռող համաշխարհային ուղղություններ»։

HSBC Հայաստանի վաճառքի մասին մեկնաբանությունները

«HSBC Հայաստանի» վաճառքի մասին հայտարարությանը հաջորդեցին տարատեսակ մեկնաբանություններ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների և լրատվամիջոցների կողմից։ 

Մասնավորապես, 168.am կայքում «Բիզնեսը կորցնում է վստահությունը» վերնագրով նյութ հրապարակվեց, որում գործարքի պաշտոնական պատճառաբանությունները ներկայացվում էին պարզապես որպես պատրվակ՝ բիզնեսը Հայաստանից հանելու համար: «Ու ինչպես վկայում է HSBC բանկի օրինակը, նույնիսկ նման խոշոր ներդրողներն են հակված հեռանալ։ Դա կպատճառաբանվի հետաքրքրությունների փոփոխություններով, կապիտալի վերաբաշխմամբ, թե այլ կերպ, նշանակություն չունի։ Պատճառներ միշտ էլ կարելի է գտնել»,- ասվում էր հոդվածում, որում, հարկ է նշել, ներկայացված չէր որևէ փորձագետի կարծիք կամ գնահատական:

Թեմային անդրադարձել էր նաև Panorama.am-ը, որի հետ զրույցում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը, մեկնաբանելով բանկի ՀՀ-ից հեռանալու մասին նորությունը, կարծիք է հայտնում, որ անվտանգային հարցերը կարող են որոշակի դեր ունենալ նման որոշման կայացման գործում: Միաժամանակ, սակայն, Քթոյանը նշում է, որ գլխավոր պատճառն այլ տեղ է․ «HSBC-ի հեռանալը ես կհամարեի ոչ այնքան ոչ նպաստավոր ներդրումային միջավայրի դրսևորում, որքան այն, որ այդ բանկի տեսանկյունից երկարաժամկետ զարգացման առումով շատ ավելի հետաքրքիր շուկաներ կան և իրենք, միգուցե, ցանկանում են շատ ավելի կենտրոնանալ այդ շուկաների վրա, այն իրենց ռազմավարական տեսլականից բխող որոշում է, ինչը կարելի է հասկանալ, բայց այն մեզ համար այդքան էլ լավ չէ»։ 

Ո՞րն է բանկի նոր ռազմավարությունը 

Դեռևս 2023 թվականի մայիսին Reuters միջազգային լրատվական կայքում լույս տեսավ հոդված՝ «Բացառիկ. Դեպի Ասիա կենտրոնացած HSBC-ն դիտարկում է դադարեցնել գործունեությունը 12 երկրներում» վերնագրով: Դրանում նշվում էր, որ բանկը, տեղի տալով բաժնետեր հանդիսացող չինական Ping An ապահովագրական ընկերության կողմից ճնշումներին, որպես առաջնահերթություն է սահմանում ասիական շուկան։ Նաև նշվում էր, որ ուշադրության կենտրոնում կարող են հայտնվել բանկի՝ հատկապես Եվրոպայում և Լատինական Ամերիկայում գտնվող մասնաճյուղերը:

Ըստ Reuters–ի հոդվածի՝ վերջին երկու տարիներին HSBC-ի կենտրոնացումը դեպի Ասիա արդեն իսկ արագացրել է մասնաճյուղերի ամբողջական կամ մասնակի վաճառքները Ֆրանսիայում, Հունաստանում, Ռուսաստանում և Կանադայում: 

Այսպես, օրինակ, HSBC-ն այս տարվա հունվարի 1-ին ավարտել է իր ֆրանսիական բիզնեսի վաճառքը CCF-ին՝ My Money Group-ի դուստր ձեռնարկությանը: Իսկ դեկտեմբերի վերջին Կանադան հավանություն է տվել բանկի կանադական մասնաճյուղի վաճառքին Royal Bank of Canada-ին:

Հայաստանը, ըստ այդմ, բնավ միակ երկիրը չէ, որտեղից HSBC-ն որոշել է հեռանալ վերջին ամիսների ընթացքում։ 

Հաշվի առնելով այս ամենը, 168.am-ի «Բիզնեսը կորցնում է վստահությունը» հոդվածի վերնագիրը և դրանում տեղ գտած պնդումները չեն արտահայտում «HSBC Հայաստան» բանկի վաճառքի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը և մանիպուլյատիվ բնույթ են կրում՝ ներկայացնելով ավելի շատ հեղինակի կարծիքը, քան իրական փաստերի վերլուծությունը։ 

Fip.am