ԵՄ-ում կրկնել են Լաչինի միջանցքի ապաշրջափակման կարևորությունը

Եվրոպական Միությունում ջանքեր են գործադրում Լեռնային Ղարաբաղի հայերի առջև ծառացած հումանիտար իրավիճակի լուծման ուղղությամբ և համարում են, որ Աղդամ-Ասկերան ճանապարհով ռուսական հումանիտար բեռի անցումը կարևոր քայլ է, որը պետք է նպաստի Լաչինի միջանցքի վերաբացմանը։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի անունից տարածված հայտարարության մեջ։

Հայտարարությունում նշվում է, որ Միշելը վերջին մի քանի օրերի ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, այլև թեման քննարկել է Թուրքիայի նախագահի հետ կայացած հանդիպման ընթացքում։ Բացի այդ, ըստ հայտարարության՝ Եվրոպական խորհրդի նախագահի գրասենյակը և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ամենօրյա շփումներ են ունենում Երևանի, Բաքվի, ինչպես նաև Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ, որոնք ուղղված են լարվածության նվազեցմանը և Ղարաբաղի հայերի համար հումանիտար օգնության ապաշրջափակմանը։

«Այս համատեքստում մենք նշում ենք այսօր (խմբ․՝ սեպտեմբերի 12-ին) ռուսական մարդասիրական օգնության անցումը Աղդամ-Ասկերան երթուղով։ Մենք հասկանում ենք այս զարգացման հետ կապված բոլոր զգայուն խնդիրները, մենք ակնկալում ենք, որ դա խթան կհանդիսանա տեղի բնակչությանը մարդասիրական կանոնավոր մատակարարումների վերսկսման համար: Իրավիճակը տեղում արագորեն վատթարանում է։ Կարևոր է ապահովել Ղարաբաղի հայերին առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը։ Աղդամ-Ասկերան երթուղու բացումն այսօր կարևոր քայլ է, որը պետք է նպաստի նաև Լաչինի միջանցքի վերաբացմանը։ Մենք բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում ցուցաբերել պատասխանատվություն և ճկունություն՝ ապահովելու, որ օգտագործվեն ինչպես Լաչինը, այնպես էլ Աղդամ-Ասկերան երթուղին», – գրված է հայտարարությունում։

Շառլ Միշելի գրասենյակում կրկնել են Լաչինի միջանցքի ապաշրջափակման կարևորությունը՝ նախկին համաձայնագրերի և Միջազգային քրեական դատարանի որոշման համաձայն, նաև շեշտել են «մատակարարումների այլ ուղիների օգտակարությունը»։

«Տեղում ծանր իրավիճակը չափազանց երկար է շարունակվել։ Այժմ կարևոր է գտնել տևական և փոխադարձ ընդունելի լուծումներ՝ ապահովելու հումանիտար հասանելիություն՝ աշնան և ձմռան ամիսներին ընդառաջ», – նշել են Շառլ Միշելի գրասենյակում։

ԵՄ-ում հույս են հայտնել, որ ռուսական հումանիտար օգնության մատակարարմանն առաջիկա օրերին և շաբաթներին կհաջորդեն ավելի կոնկրետ քայլեր, նաև «Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսության առումով՝ կապված նրանց իրավունքների և անվտանգության հետ, հաշտեցման ջանքերի և, ընդհանուր առմամբ, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հետ»։