Ֆրանսիան ողջունում է 15 հայ գերիների ազատ արձակումը և Ադրբեջանին կոչ անում ազատել բոլորին.Factor

Ֆրանսիան ողջունել է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատ արձակումը ականապատման քարտեզների դիմաց. ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել։

«Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից պահվող 15 Հայաստանի քաղաքացիների ազատ արձակումը, ինչպես նաև Հայաստանի կողմից Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների ականապատման քարտեզների փոխանցումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն նշել է, որ սա կարևոր քայլ է լարվածության թուլացման և կողմերի միջև վստահության վերականգման ուղղությամբ։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել կողմերին կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ բովանդակային երկխոսությունը և բոլոր հայ գերիների ազատ արձակումը։

Հայտարարության մեջ նշված է, որ Ֆրանսիան վերահաստատում է Կովկասում երկարաժամկետ խաղաղությանը  նպաստելու պատրաստակամությունը։ Հուլիսի 3-ին ՀՀ կառավարությունը հայտնեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ, հայկական կողմը, որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ:

Այս մասին հայտնում է Factor.am-ը