Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վարքագիծը ԱԺ էթիկայի հանձնաժողովում քննելու պահանջով։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս արտահայտել է հստակ դիրքորոշում, որ բռնությունը մեր կյանքում տեղ չունի: Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները շարունակում են նախկին նախահեղափոխական ռեժիմի բարձրաստիճան ներկայացուցիչների արատավոր բարքերը։
Համաձայն մամուլի հաղորդումների՝ 2023 թվականի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացի Կարեն Մկրտչյանի միջև հանրային վայրում տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ վերջինս Ա. Սիմոնյանին տեսնելիս նրան անվանել է «դավաճան»։ ԱԺ նախագահը հրահանգել է իր անվտանգության աշխատակիցներին բռնել Մկրտչյանին, իսկ ինքը, մոտենալով քաղաքացուն, նվաստացրել է վերջինիս՝ հայհոյելով ու թքելով դեմքին։ Դեպքից հետո, Ա. Սիմոնյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ոչ միայն չի զղջացել, այլև արդարացրել է իր արարքը։
Ափսոսանքով ենք արձանագրում, որ ՀՀ խորհրդարանի ղեկավարն իր անձնական օրինակով խրախուսում է պահպանել պետական կառավարման նախկին խայտառակ ավանդույթները, իր վարքագծով արդարացնում է հակահասարակական վարվեցողությունը։
Խստորեն դատապարտելով ԱԺ ղեկավարի նման պահվածքը՝ պահանջում ենք Ազգային Ժողովի պատգամավորներից, և հատկապես քաղաքական մեծամասնությունից, ջանքեր գործադրել բացառելու հանրային պաշտոնյաների՝ իրավական պետության արժեքներին անհարիր, ցինիկ և անպատասխանատու վարքագիծը:
Հորդորում ենք ՀՀ Ազգային ժողովի մեծամասնությանը՝ հրատապ ձևավորել էթիկայի հանձնաժողով և քննության առնել տեղի ունեցածը, ինչպես նաև դիտարկել ԱԺ նախագահի պատասխանատվության ենթարկելու հարցը։
Տեղի ունեցածը նաև պետք է քննության առարկա դառնա իրավապահ մարմինների կողմից, մասնավորապես, քրեական վարույթի շրջանակներում՝ խուլիգանության հանցակազմի մասով:
Հայաստանում մեկընդմիշտ պետք է վերջ դրվի խուլիգանական մեթոդներով հարցեր լուծելու պրակտիկային, խստագույն պատասխանատվություն պետք է սահմանվի անգամ ամենասուր քննադատությանը բռնությամբ արձագանքելու համար:
ՀՀ Ազգային ժողովի յուրաքանչյուր պատգամավոր իր ամենօրյա վարքով, պահվածքով, խոսքով պետք է ապացուցի, որ արժանի է լինելու իր ժողովրդի ընտրյալը:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ինֆորմացիայի ազատության կենտրոն
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Կանանց ռեսուրսային կենտրոն
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ
Էկոլուր ՀԿ
Իրավունքի ուժ ՀԿ
«Փինք» իրավապաշտպան ՀԿ
Հանրային լրագրության ակումբ