Պուտինը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները վերադարձել են փակուղի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Ուկրաինան հետ է կանգնել Ռուսաստանի հետ ձեռք բերված ստամբուլյան պայմանավորվածություններից՝ գործընթացը վերադարձնելով փակուղի»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կրեմլի ղեկավարը այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

Պուտինի խոսքով՝ նախորդ օրը Կիևը ինչ-որ բան է փոխել իր դիրքորոշման մեջ բանակցությունների կապակցությամբ, սակայն մանրամասները դեռ հայտնի չեն:

«Գլխավորն այն է, որ ուկրաինական կողմը հետ է կանգնել Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածություններից: Այժմ արդեն անվտանգության պահանջները առանձին են, իսկ Ղրիմի, Սեվաստոպոլի և Դոնբասի առնչությամբ հարաբերությունների կարգավորման հարցերը դուրս են բերվել այդ պայմանավորվածությունների շրջանակից: Այսինքն՝ Ուկրաինան իրեն և մեզ բոլորիս վերադարձրել է փակուղային իրավիճակ», – ասել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահը հավելել է, որ ճիշտ է, իրեն հաղորդել են, որ նախորդ օրը  ուկրաինական կողմը կրկին ինչ-որ բան է փոխել, բայց այդ փոփոխության մանրամասները դեռ հայտնի չեն:

Մարտի 29-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի էր ունեցել ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը, որի ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց առաջարկները հակամարտության խաղաղ կարգավորման և բանակցվող խաղաղության պայմանագրի վերաբերյալ: Ռուսական պատվիրակության ղեկավարը հայտարարեց, որ Ռուսաստանը հսկայական քայլեր անում խաղաղության հասնելու համար՝ կրճատելով ռուսական զորքերի ակտիվությունը Կիևի ուղղությամբ: Ուկրաինական կողմը իր հերթին մի շարք առաջարկներ էր ներկայացրել բանակցվող խաղաղության պայմանագրի բովանդակության վերաբերյալ: Առաջարկների թվում կա կետ Ուկրաինայի կարգավիճակի մասին: Ուկրաինան համաձայնում է ամրագրել իր չեզոք և ոչ միջուկային կարգավիճակը, եթե իրեն տրվեն անվտանգության երաշխիքներ, որոնք «բովանդակությամբ և ձևով պետք է նման լինեն Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանագրի 5-րդ հոդվածին»: Դա ներառում է նաև ռազմական օգնություն և ոչ թռիչքային գոտու ստեղծում: Ըստ Կիևի առաջարկի՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավորների թվում կարող են լինել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունները (ներառյալ Ռուսաստանը), ինչպես նաև Գերմանիան, Իսրայելը, Իտալիան, Կանադան, Լեհաստանը և Թուրքիան: