ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացնել հնարավորինս շուտ, երբ դա տեխնիկապես և ֆիզիկապես հնարավոր կլինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Երբ պատրաստ լինենք, կգնանք ընտրությունների: Ես կարծում եմ, որ պետք է անցկացնել այդ ընտրությունները»,-ասաց Սիմոնյանն ու շեշտեց, որ ՀՀ քաղաքացիներին պետք է հնարավորություն տան որոշում կայացնել:
Անդրադառնալով հարցին, թե ե՞րբ կլինեն այդ ընտրությունները՝ Սիմոնյանը պատասխանեց, որ ինքն ուզում է լինեն րոպե առաջ: «Դա պետք է բոլորիս՝ այն տրամաբանության մեջ, որ պետք է շունչ քաշենք այն հարվածից հետո, որ ստացել ենք ու հասկանանք, թե մեր ապագան ինչպես ենք կառուցում՝ մեր սխալները գնահատելով: Հնարավորինս շուտ, երբ դա տեխնիկապես և ֆիզիկապես հնարավոր լինի: Կարծում եմ՝ այլ կարծիք չի կարող լինել»,-ասաց ԱԺ փոխնախագահը:
Նա շեշտեց, որ իշխանությունը ձևավորելու է միայն ժողովուրդը, ժողովուրդն է որոշում կայացնելու: