«Մոխրաման չենք տալիս, բայց ծխում են, մոխիրը թափում գետնին, կուլոկներ են սարքում կամ տուփի մեջ լցնում». ծխելու արգելքը՝ նոր մարտահրավերների առիթ

Շուրջ երկու շաբաթ է՝ գործում է հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի ու ծխախոտային արտադրատեսակների արգելքի մասին պահանջը, և տնտեսվարողներն ասում են՝ արդեն սկսել են զգալ դրա բացասական հետևանքները:

The KondHouse-ում, օրինակ այցելուների թիվը 20%-ով նվազել է: «Դժգոհություններ, իհարկե, կան բոլորի կողմից, շատ անհարմար իրավիճակ է ստեղծվել, որովհետև ավելի ճիշտ կլիներ, որ մենք որոշեինք, թե որտեղ կարելի է ծխել, որտեղ՝ չէ: Այցելուների թիվը մոտ 20%-ով պակասել է, բայց մեր մշտական հյուրերը շարունակում են գալ»,- «Մեդիալաբին» ասում են The KondHouse-ից:

Հանրային սննդի օբյեկտների, այդ թվում՝ բացօթյա սրճարանների, ռեստորանների, բարերի, բուֆետների և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտների այցելուները մարտի 15-ից զրկվել են ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հնարավորությունից:

Առողջապահության նախարարության այս որոշումը բազմաթիվ դժգոհություններ էր առաջացրել հիմնականում ծխողների ու սպասարկման ոլորտի ներկայացուցիչների շրջանում:

Տնտեսվարողները պնդում էին, որ այս պահանջը հերթական հարվածն է լինելու ոլորտին, որովհետև այս որոշման պատճառով բազմաթիվ մարդիկ կհրաժարվեն հանրային սննդի վայրեր այցելելուց, հատկապես երբ արգելվում է անգամ բացօթյա տարածքում ծխախոտի կամ դրա փոխարինիչների օգտագործումը:

Հիշեցնենք, որ արգելված վայրերում ծխելու նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինը Ոստիկանությունն է: Այս խախտումն առաջացնում է տուգանք՝ պաշտոնատար անձի նկատմամբ` 150 հազարից մինչև 200 հազար դրամ, իսկ ֆիզիկական անձի նկատմամբ` 50 հազար դրամի չափով: Նույն արարքը 3 ամսվա ընթացքում կատարելու դեպքում պաշտոնատար անձը դարձյալ կենթարկվի տույժի՝ այս անգամ նախկինում սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

Առողջապահության կազմակերպիչները բացատրում էին, որ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նպատակը «ներկա և ապագա սերունդներին պաշտպանելն է առողջության վրա ծխախոտի բացասական ազդեցության, ծխախոտի ծխի վնասակար հետևանքներից, սոցիալական, տնտեսական ոլորտների և շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ներգործությունից»:

Օրենքի կիրառումը հանրային առողջապահության տեսանկյունից մեծ ձեռքբերում է համարել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը.

«Այն նպաստելու է, որ մենք ավելի առողջ ապրելակերպ վարենք, նպաստելու է, որ մեր երիտասարդ սերունդները չունենան վատ սովորություններ, որ ազդում են առողջության վրա»,-նշել է Ավանեսյանը։

Սակայն, նախարարի ոգևորությունը և լավատեսությունը չեն կիսում «Կովկաս» հյուրանոցառեստորանային համալիրում։

«Այս որոշումն ազդել ու շարունակում է ազդել այցելուների հոսքի վրա. 30-40% նվազում կա արդեն, բախտներս բերել է, որ ռուսներն են այստեղ, նրանց շնորհիվ վիճակը մի փոքր մեղմանում է, հակառակ դեպքում առանց այն էլ կաթվածահար եղած ոլորտը ավելի կվատանար»,- «Մեդիալաբին» ասում է պանդոկի պատվերների ամրագրման պատասխանատու Անուշ Նազարյանը։

Նազարյանի խոսքով՝ մարդիկ, որոնք իմանում են, որ չեն կարող ծխել, չեղարկում են ամրագրումները, մարտի 15-ից խաշ ուտել ցանկացողներ չեն գնացել, հիմնականում զանգում ու տուն են պատվիրում խաշը:

Երեւանում գործող մեկ այլ ռեստորան-պանդոկում «Մեդիալաբին» տեղեկացնում են, որ իրավիճակը բարդանում է վերահսկողության տեսանկյունից հատկապես կուպեներում։

«Կուպեների հաճախորդները մատուցողին ասում են՝ մեզ չխանգարես ու անընդհատ չգնաս-գաս, և չնայած մոխրաման էլ չենք տալիս, բայց իրենք կուպեում ծխում են, մոխիրը թափում են գետնին, կուլոկներ են սարքում կամ տուփի մեջ լցնում: Դա անվերահսկելի պրոցես է դառնում. անընդհատ պետք է կոնֆլիկտ լինի հաճախորդի, մատուցողի ու մենեջերի միջև: Գործն ավելի է բարդանում հաճախորդի մի քանի բաժակ խմելուց հետո»,- նշեցին ռեստորանում՝ նախընտրելով անանուն մնալ։

Վերջիններս նաև վտանգավոր են համարում այն, երբ մի քանի խմած տղամարդ, որոնք իրար բացարձակապես չեն ճանաչում, դուրս են գալիս ռեստորանից՝ հատկացված վայրում ծխելու համար, ինչը կարող է կռվի պատճառ դառնալ:

Ի տարբերություն ծխելու արգելքը մարտահրավեր համարող տնտեսվարողների, «Դոլմամա» ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյանը խնդրահարույց չի համարում փակ տարածքներում ծխելն արգելելու որոշումը, ավելին՝ 4 տարի առաջ սեփական ռեստորանում ինքնակամ արգելել է ծխելը, բացառությամբ բացօթյա հատվածի:

«Արդեն չորրորդ տարին է՝ մեր ռեստորանում ինքնակամ արգելել ենք ծխելը, բայց, իհարկե, բացօթյա տարածքում չծխելուն դեմ ենք, և երբ ամառվանից գործի մեր բացօթյա հատվածը, չեմ բացառում, որ բողոքի որոշակի քայլեր կձեռնարկենք, չնայած, հուսամ, մինչ այդ կչեղարկեն բացօթյա տարածքում ծխելն արգելող անտրամաբանական արգելքը»,- «Մեդիալաբին» ասում է «Դոլմամա» ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյանը:

Ավանյանի խոսքով՝ չորս տարի առաջ կայացրած իր այդ որոշումը դժգոհության տեղիք է տվել և՛ հաճախորդների, և՛ իր ընկերների շրջանում, ազդել է հաճախորդների թվի վրա, բայց ռեստորանի սեփականատերը համոզված է, որ ամեն հարցում չէ, որ պետք է առաջնորդվել գումարով:

Գործող օրենքից չեն դժգոհում նաև «Բիթլզ» ակումբի ներկայացուցիչները, ավելին՝ ամբողջ անձնակազմով մեծ ուրախությամբ են ընդունել այս որոշումը:

«Կոնկրետ մեզ վրա ազդեցություն չի ունեցել, ոչ մի հաճախորդ չենք կորցրել, մեր ամենօրյա վիճակն է, մեզ մոտ ոչինչ չի փոխվել, մենք օրենքին ի սկզբանե կողմ ենք եղել, ու մեր հաճախորդներն էլ, թեև զգալի մասը ծխող է, դժգոհությամբ չեն ընդունել օրենքը»,- «Մեդիալաբին» ասում են «Բիթլզ» ակումբից ու հավելում, որ հաճախորդներն անտրտունջ դուրս են գալիս համապատասխան վայրում ծխում ու հետ գալիս ակումբ:

Գրեթե նույն պատկերն է նաև «Շերեփ» ռեստորանում, որտեղ ևս չկան դժգոհություններ ու հաճախորդների հոսքի նվազում: Մարտի 15-ից այստեղ աշխատում են նոր օրենքի համաձայն:

«Մինչև այս օրենքը մենք ունեցել ենք առանձնացված սրահներ, բայց ամսի 15-ից աշխատում ենք սահմանված կանոնների համաձայն, ու որևէ էական փոփոխություն չի եղել մեր հաճախորդների թվի մեջ, մարդիկ գրեթե նույն տեմպերով շարունակում են հաճախել»,- «Մեդիալաբին» ասում են «Շերեփից»:

«Փարիզյան» սրճարանում էլ են աշխատում նոր օրենքի համաձայն, բայց այստեղ նկատելի են և՛ դժգոհությունները, և՛ հաճախորդների թվի նվազումը:

«Կոնկրետ թիվ չեմ կարող ասել, բայց, իհարկե, նվազման միտում կա, ծխողները բնականաբար դժգոհում են, բայց մեր մշտական հաճախորդները շարունակում են այցելել սրճարան»,- «Մեդիալաբին» ասում են սրճարանից:

2021-ի տարեվերջին հրապարակված «Ծխախոտի դեմ պայքարի ուղղությամբ ներդրումային հետազոտության» զեկույցում նշվում է, որ Հայաստանում 18-ից 69 տարեկան բնակչության ավելի քան մեկ քառորդը (28 տոկոս) ներկայում օգտագործում է ծխախոտի որևէ տեսակ: Հետազոտությունն իրականացվել է ՀՀ առողջապահության նախարարության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի (ԾՊՇԿ) քարտուղարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից համատեղ՝ Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ։

«Ամեն տարի ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված հիվանդությունների հետևանքով գրանցվում է ավելի քան 5500 մահ, ինչը կազմում է երկրում մահացության ցուցանիշի մոտ 20 տոկոսը: Այս մահացության դեպքերից մոտ 2255-ը տեղի է ունեցել սրտի իշեմիկ հիվանդության, 906 մահ՝ թոքերի քաղցկեղի և ավելի քան 500 մահ՝ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության և ստորին շնչուղիների վարակների հետևանքով»,- նշված է զեկույցում։

ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, որը սահմանափակումների երկարամյա ջատագով է, վստահ է՝ ծխախոտի և դրա փոխարինիչների օգտագործման սահմանափակումները դրական ազդեցություն են ունենալու Հայաստանում հանրային առողջության վրա։

Շնորհավորելով բոլորին փոփոխության կապակցությամբ՝ առողջապահական ոլորտի մասնագետը նշում է, որ հանրային առողջապահական ծրագրերն ունեն առանձնահատկություններ, կարող են լինել ոչ պոպուլյար, անգամ, մարդկանց կողմից դժվար ընկալվող, բայց ունենում են հսկայական դրական ազդեցություն բնակչության առողջության վրա։

«Ծխախոտային արտադրատեսակների օգտագործումից ազատ հանրային սննդի հաստատությունները այժմ իրականություն են։ Մեզ մնում է ջանք չխնայել և պահպանել այն։ Ու հանկարծ ետ քայլ չանել։ Ու մի քանի տարի անց առնվազն մի քանի տասնյակ հազար մարդ կլինի ավելի առողջ »,-իր ուղերձում նշել է Բազարչյանը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am