Հովիկ Աբրահամյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

Հովիկ Աբրահամյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Հովիկ Աբրահամյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

Ապրիլի 16-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել մարզերի խնդիրներին նվիրված խորհրդակցություն: Կառավարության ղեկավարը նշել է, որ մեծ ակնկալիք ունի մարզպետներից՝ կառավարության տարբեր ծրագրեր հաջողությամբ իրականացնելու գործում: 

«Մարզերը մեզ համար ունեն մեծ կարևորություն և այստեղ միասին ունենք մեծ աշխատանք իրականացնելու: Որպես վարչապետ լինելու եմ ձեր կողքին, յուրաքանչյուր հարց գտնվելու է իմ ուշադրության կենտրոնում: Պետք է կայացնենք ոչ ստանդարտ որոշումներ, գնահատենք լավը, իսկ վատը քննադատենք»,- դիմելով մարզպետներին՝ ասել է Հովիկ Աբրահամյանը: 

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը վարչապետին է զեկուցել ՀՀ կառավարության կողմից մարզերում իրականացվող ծրագրերի մասին: Մասնավորապես, մանրամասն ներկայացվել են 2014 թվականի մարտին ցրտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվող աջակցության ծրագրերը: Շեշտվել է, որ կառավարության օժանդակության ծրագրերից օգտվող տնտեսությունների ցուցակներն առաջիկայում պետք է հրապարակվեն մարզպետարանների կայքէջերում: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մարզպետներին մանրամասն ուսումնասիրել տնտեսությունների կրած վնասը՝ անհատական կարգով օժանդակություն ցուցաբերելու համար: 

Վարչապետին տեղեկացվել է նաև, որ ընթացիկ տարում բոլոր մարզերում տեղադրվել են 80 հակակարկտային կայաններ, որոնք գործելու են Արտակարգ իրավիճակների նախարարության միասնական կառավարման համակարգի ներքո: 
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվող աջակցությանը, մասնավորապես, պարարտանյութի, դիզվառելիքի, սերմացուի տրամադրման աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր: 

Անդրադառնալով մարզերում կառավարության կողմից իրականացվող 5-րդ հրատապ ծրագրին՝ Արմեն Գևորգյանը նշել է, որ մարզերում տարբեր ոլորտներում ընթացիկ տարում նախատեսվում է իրականացնել 442 ծրագիր՝ բնակֆոնդի արդիականացման, բնակարանաշինության, նախադպրոցական հասատատությունների վերանորոգման, ջրամատակարարման, մշակույթի օբյեկտների կառուցման և այլ ուղղություններով: 
Վարչապետը պահանջել է իրավասու մարմիններից՝ բոլոր ծրագրերով անվերապահորեն ապահովել աշխատանքների բարձր որակ և նշել, որ այդ հարցը գտնվելու է իր ուշադրության կենտրոնում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրությունը:

© Medialab.am