Ադրբեջանը պատերազմ է հայտարարել ՅՈՒՆԵՍԿՕ-ին

Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված վերջին արյունոտ պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հարուստ հոգևոր և պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցը դարձել է հայ և միջազգային հանրության մտահոգության առարկան։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանը և Ֆրանսիան, ինչպես նաև ԵՄ-ը հատուկ ընդգծել են Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական քրիստոնեական ժառանգության պաշտպանության կարևորությունը և աջակցել են այդ գործընթացում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավմանը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն դեռևս անցյալ տարվա նոյեմբերի 20-ին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հուշարձանների պաշտպանության անհրաժեշտության և դրանց ինքնության խեղաթյուրման փորձերի անընդունելիության մասին։ Իր հայտարարության մեջ նա նաև առաջարկել է առաքելություն գործուղել տարածաշրջան՝ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Գլխավոր տնօրենի առաջարկն արժանացել է կազմակերպության անդամ պետությունների հավանությանը, որն արտացոլվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի 2020 թ. դեկտեմբերի 11-ին ընդունած հայտարարության մեջ։

Միջազգային հանրության դրսևորած մտահոգությունները միանգամայն հասկանալի են և բնական՝ հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների կողմից տարիներ շարունակ դրսևորած վերաբերմունքը իր վերահսկողության ներքո գտնվող հայկական մշակութային ժառանգության հանդեպ։ Ամբողջ աշխարհին է հայտնի, թե ինչպես Ադրբեջանի իշխանությունները 1997-2006 թթ. ընթացքում ոչնչացրել են պատմական հայկական տարածք Նախիջևանի հայկական հարուստ ժառանգությունը՝ 89 միջնադարյան եկեղեցի, 5840 խաչքար և 22000 տապանաքար։ Ցավոք, պետք է արձանագրել, որ միջազգային հանրությունն այն ժամանակ բավարար քայլեր չձեռնարկեց կանխելու համար այդ բարբարոսությունը։

Մանրամասները՝ Armenpress․am-ում.