«Եթե մենք չենք ուզում պատերազմ լինի, ապա պետք է դադարենք նրանց հետ սուտ խաղաղասիրական խաղեր տալ». Արման Աբովյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը «Մեդիալաբի» հետ զրույցում «լկտի և անբարո» է որակում Ադրբեջանի նախագահի հակահայկական դրսևորումները, մասնավորապես՝ ռազմական պուրակի բացումը:

«Թուրքիան ու Ադրբեջանը երբեք չեն դադարի իրենց հակահայկական քարոզչությունը, որովհետև նրանց հիմնական ազգային գաղափարախոսությունը կառուցված է հակահայկականության վրա»,- ասում է Աբովյանը:

Նրա կարծիքով՝ եթե Հայաստանում ցանկանում են, որ պատերազմ չլինի, ապա երկիրը պետք առավելագույնս պատրաստ լինի պատերազմի: 

«Եթե մենք չենք ուզում պատերազմ լինի, ապա պետք է դադարենք նրանց հետ սուտ խաղաղասիրական խաղեր տալ: Իրենք դա ընկալում են որպես թուլություն և հարվածելու են: Տեռորիստների, ֆաշիստների հետ չի կարելի կառուցողական լինել, որովհետև կառուցողականությունը նրանք ընկալում են որպես թուլություն: Այս պարզ և հստակ միտքը ուղենիշ պետք է լինի Հայաստանի բոլոր իշխանությունների համար»,- ընդգծում է «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Բաքվում բացվել է  2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակի»։

Ադրբեջանական «պուրակում» հայկական զինտեխնիկայի հետ միասին տեղադրված էին հայկական զինված ուժերի ծառայողների մանեկեններ, որոնց ցուցադրությամբ ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը փորձել է հայ զինծառայողներին ներկայացնել նվաստացուցիչ վիճակում: 

Ալիևյան պուրակում, բացի հայ զինծառայողների մանեկեններից, ցուցադրված են եղել նաև մեր զինվորների անձնական իրերը, զինվորական սաղավարտները, ինչպես նաև հայ գերիներին վերաբերող տեսարաններ: 

 ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել է, որ «Բաքվում արցախյան պատերազմին նվիրված այսպես կոչված «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության ու ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է»։

https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1671333176387473

«Զինվորականների իրերի ցուցադրումն արված է՝ ակնհայտ իմանալով, որ դա լրացուցիչ տառապանքներ է պատճառելու նրանց ընտանիքներին, հայաստանյան ու արցախյան հասարակությանը, գեներացնելու է նոր ատելություն ադրբեջանական հասարակությունում»,- իր հայտարարության մեջ նշել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ տեղեկացնելով, որ պատրաստվում է հարցով դիմել միջազգային կառույցներին։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am