Հայաստանում համերգով հանդես կգա աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը

Հայաստանում համերգով հանդես կգա աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ  Փեհլիվանյանը
Հայաստանում համերգով հանդես կգա աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը

15 տարվա բացակայությունից  հետո Հայաստանի պետական կամերային նվագախմբի հրավերով  աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ  Փեհլիվանյանը կրկին  հանդես  կգա հայրենիքում:

«Սպասված վերադարձ» խորագրով համերգը տեղի կունենա հունիսի 28-ին 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում և նվիրված կլինի դիրիժոր Ջորջ  Փեհլիվանյանի 50-րդ տարեդարձին: Հոբելյանական համերգին Հայաստանի պետական կամերային նվագախումբը դիրիժորի ղեկավարությամբ կկատարի Չայկովսկու, Միրզոյանի, Կոմիտասի և Ասլամազյանի գլուխգործոցները:

Ջորջ Փեհլիվանյանն ավարտել է Լոնգ Բիչի և Ինդիանայի համալսարանը՝ ստանալով ջութակահարի և նվագավարի երկու վկայական: Հանդես է եկել իբրև մենակատար և Ինդիանայի «Պրո Մյուզիք» նվագախմբի կոնցերտմեյստեր: 1991 թվականի սեպտեմբերին մասնակցել է Բզանսոնի (Ֆրանսիա) նվագավարների միջազգային մրցույթին՝ արժանանալով առաջին և միակ մրցանակին: Նա առաջինն էր Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որ  արժանացել է   այդ  պատվավոր  մրցանակին: 

Ֆրանսիական «Լը Մոնդ», «Ֆիգարո» և այլ թերթեր Ջորջ Փեհլիվանյանի մասին գրել են. «Փեհլիվանյանը գյուտ է, որին պետք է հետևել, նա անուրանալի անհատականություն է, որն իր տաղանդով գերազանցեց մրցակիցներին»:

Ջորջ  Փեհլիվանյանի  ղեկավարությամբ աշխարհի լավագույն նվագախմբերը կատարել են  Վիվալդի, Բախ, Հայդն, Մոցարտ, Բեթհովեն, Պագանինի, Բրամս, Բարտոկ, Ստրավինսկի, Չայկովսկի, ինչպես նաև Կոմիտաս ու Խաչատրյան: 

«Սպասված վերադարձ» համերգի տոմսերը կարող եք ձեռք բերել Կամերային երաժշտության տան տոմսարկղում: Մեծ քանակությամբ տոմսեր գնելու դեպքում` կկազմակերպվի անվճար առաքում: Լրացուցիչ հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 095 90 90 08 կամ 010 526718:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պետական կամերային նվագախմբի մամլո հաղորդագրությունը:

© Medialab.am