Բարձր ռիսկայնության պարագայում կանայք և անչափահաս երեխաները պետք է անհապաղ տեղափոխվեն ապահով տուն․ հայտարարություն

Կանանց աջակցման կենտրոն ՀԿ հայտարարությունը՝ մարտի 11-ին տեղի ունեցած կնասպանության դեպքի վերաբերյալ

Ս․թ․ մարտի 11-ին, Զովունի գյուղի դպրոցի մոտ նախկին ամուսինը՝ հետապնդելով կնոջը գործադրել է նռնակ, որի պայթյունի հետևանքով նրանք զոհվել են։

Ցավոք կնասպանության զոհ դարձած կինը եղել է Կանանց աջակցման կենտրոնի շահառուն։

Դեպքից մի քանի օր առաջ՝ մարտի 3-ին նա դիմել է աջակցման կենտրոնին, որից հետո կատարվել է դեպքի գնահատում։ Անվտանգության գնահատման ընթացքում պարզվել է, որ նախկին ամուսինը շարունակաբար հետևում ու հետապնդում է կնոջը, սպառնում է վնասել նրան ու երեխաներին, կինը վստահեցրել է, որ այդ սպառնալիքները իրական են և նախկին ամուսինն ի վիճակի է իրագործել դրանք։ Կինը նշել է նաև, որ փորձել է ինքնասպանություն գործել՝ խեղդամահ լինելու կամ դեղամիջոցներ ընդունելու միջոցով։ Արդյունքում,  ի հայտ է եկել ռիսկայնության բարձր աստիճան և կնոջն առաջարկվել է անչափահաս երեխաների հետ տեղափոխվել ապահով տուն (ապաստարան)։ Նելլի Ն․-ի հետ քննարկվել են ռիսկերը, քննարկվել է նաև չափահաս որդու անվտանգության հարցը, սակայն մայրը տեղեկացրել է, որ որդին սովորում է բժշկական համալսարանում և չի կարող կտրվել դասերից։ Կինը գրավոր հրաժարվել է ապահով տան ծառայությունից և նշել, որ նպատակահարմար է գտնում միասին լինել, միաժամանակ ընդգծելով, որ տեղեկացված է և անհրաժեշտության դեպքում կդիմի ապաստարանի ծառայությունից օգտվելու համար։ 

Այս ողբերգությունը ևս մեկ անգամ ամրագրում է այն փաստը, որ բարձր ռիսկայնության պարագայում կանայք և անչափահաս երեխաները պետք է անհապաղ տեղափոխվեն ապահով տուն՝ խուսափելու համար աղետալի զարգացումներից։ Այս ուղղությամբ անհրաժեշտ է աշխատել միասնաբար, թե՛ սոցիալական ծառայությունները, թե՛ ոստիկանությունն ու իրավապահ ամբողջ համակարգը պետք է գիտակցեն խնդրի լրջությունը։ 

Ամեն վայրկյան հապաղումը կարող է կյանք արժենալ։

Խորին ցավակցություն ենք հայտնում կնոջ հարազատներին, երեխաներին, ևս մեկ անգամ հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ աջակցել յուրաքանչյուր կնոջ»։