«Ներողություն եմ խնդրում իմ թույլ տված բոլոր սխալների համար»․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան

Հատված վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության հրապարակում հրավիրված հավաքի ելույթից․

«Սիրելի ժողովուրդ,Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, 2021 թվականի մարտի 1-ը մենք դիմավորում ենք բոլորովին այլ իրավիճակում։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ծանր հետևանքները, մեր հազարավոր զոհերի փաստը, մեր անհետ կորածների առկայությունը, մեր բազմաթիվ եղբայրների և քույրերի գերեվարված լինելու հանգամանքը, բռնության շարունակական քարոզը, զինված ուժերը և դատական համակարգը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը մեր առաջ դրել են նորանոր մարտահրավերներ։

Այդ մարտահրավերներն ունեն անվտանգային, արտաքին քաղաքական, տարածաշրջանային, ներքաղաքական բնույթ, և դրանց կառավարումից է կախված մեր ժողովրդի ապագան։

Հիմա արդեն հասել ենք մի կետի, որ սպառում ենք սխալվելու մեր հնարավորությունները։ Մեր անկախության 31 տարում մենք թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները։ Վերջին 2 տարի 10 ամսում, նկատի ունեմ՝ հեղափոխությունից հետո նույնպես, մենք թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները: Խոսքը մեր կառավարության մասին է, խոսքն անձամբ իմ մասին է, և ես ուզում եմ ձեզանից բոլորից, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից, Սփյուռքի բոլոր հայերից, Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներից ներողություն խնդրել իմ թույլ տված բոլոր սխալների համար»։