«Իշխանությունը պատրաստվում է ինչ-որ գործարքի, որի կատարմանը Սյունիքի ուժեղ համայնքապետները կխոչընդոտեն». Աննա Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանը

– Տիկի՛ն Գրիգորյան, Քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարը, տեղակալը մեղադրվում են պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս փաստն ու ընդհանրապես Սյունիքի համայնքապետների ձերբակալությունները:

-Գործի իրավական սնանկությունը դեռ հնարավորություն կունենանք ապացուցել դատարանում: Սա մենք որակում ենք բացառապես քաղաքական հետապնդում այն պատճառով, որ ենթադրյալ հանցանքը տեղի է ունեցել 2017 թվականին, այսինքն՝ չորս տարի անց հանկարծ գործող իշխանությունը հիշում է, որ տարիներ առաջ ինչ-որ բան է տեղի ունեցել:

Փորձել են հասկանալ, թե ինչ կարելի է վերագրել պարոն Զաքարյանին, որևէ այլ բան չեն գտել, չեն կարողացել ցուցմունքներ կորզել նրա դեմ և վերադարձել են մի գործի, որը տեղի է ունեցել 2017-ին, ու, մեծ հաշվով, այդ գործի իրավական սնանկությունը դեռ կտեսնեք:

Կրկնում եմ՝ սա քաղաքական հետապնդում է, եթե կարող էր նման գործ հարուցվել, ինչո՞ւ նախորդ երեք տարիներին իշխանությունը չի զբաղվել այդ գործով և միայն հիմա է սկսել զբաղվել դրանով:

-Եթե համարում եք քաղաքական հետապնդում, ո՞րն է քաղաքական նպատակը, և ինչո՞ւ Սյունիքի համայնքապետները:

-Երկու նպատակ կարող եմ առանձնացնել. առաջինը Սյունիքի համայնքապետներն էին, որ հաշվի առնելով հետպատերազմական իրավիճակը, ոտքի կանգնեցին և ասացին, որ գործող իշխանության կառավարման հետևանքով մենք նորանոր կորուստներ ենք ունենում, հետևաբար պետք է այս իշխանությունները հեռանան։

Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ներել, որ համայնքապետները կարողացել են դեմ կանգնել իր կառավարմանը:

Իսկ երկրորդ հանգամանքն այն է, որ Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ Պուտինը խոսեց որոշակի սուր և զգայուն թեմաների լուծման մասին: Սուր թեմաներ ասելով՝ կարող ենք հասկանալ, այսպես կոչված, անկլավների վերադարձը։

Արցախյան հիմնահարցի լուծումը, ինչպես նաև Մեղրիի միջանցքը, և եթե դրան գումարում ենք նաև Ալիևի հայտարարությունները, կարող ենք ասել, որ իշխանությունը պատրաստվում է ինչ-որ գործարքի, որի կատարմանը Սյունիքի ուժեղ համայնքապետները կխոչընդոտեն, հետևաբար ուզում է, որ տեղում ուժեղ համայնքապետներ չլինեն, նրանց փոխարեն նշանակվեն իր խամաճիկները, որոնց լուռ համաձայնությամբ էլ տեղի կունենան հերթական զիջումները:

-Ձեր խոսքում նշեցիք, որ իշխանությանը չի հաջողվել ցուցմունք կորզել Մեղրիի նախկին համայնքապետի դեմ։ Հավաստող նյութեր, փաստեր ունե՞ք, տիկի՛ն Գրիգորյան, որ համայնքի բնակիչներին ստիպում են ցուցմունք տալ:

-Այո՛, տարբեր եղանակներով, տարբեր համայնքներում փորձում են ցուցմունք կորզել ինչպես գործող, այնպես էլ նախկին համայնքապետների դեմ: Որոտանի դեպքում ձայնագրությունը, որ տարածվել էր, ակներև էր, թե ինչպես են նույնիսկ այն անձին, որը Նիկոլ Փաշինյանին էր ընտրել, ասում՝ եկեք ու ցուցմունք տվեք, որ համայնքապետից ֆինանսական աջակցություն եք ստացել: Սա պարզապես աբսուրդ է:

Մարդիկ ասում են, որ պատերազմի հետևանքով զրկվել են շատ բաներից և այդ պարագայում դիմել են համայնքապետին, որն էլ սոցիալական աջակցություն է ցուցաբերել բնակիչներին։ Ու հիմա նրանց ստիպում են, որ թեկուզ այդ աջակցությունը ընտրություններից ամիսներ առաջ է եղել, գրեն, որ այդ աջակցությունը ստացել են, որ ընտրեն «Հայաստան» դաշինքը:

Սա պարզապես աբսուրդ է, տեռորի են ենթարկում մի ամբողջ գյուղ, կոնկրետ Որոտանի ամբողջ բնակչությանը հարցաքննել են: Բոլոր համայնքապետների դեմ ցուցմունք կորզելու այդ տեռորը շարունակվում է:

Ձեր գործընկեր, իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը, ինչպես և դուք, Սյունիքի մարզից եք, մեզ ասում է, որ սյունեցիների հետ շփումներից պարզ է դառնում, որ այդ համայնքապետներին բնակիչները չեն ընդունում, և հանրային կարծիքն իրենց ստիպում է, որ իրավական գործընթացներն ավելի հատու լինեն: Դուք նման տպավորություն ստացե՞լ եք սյունեցիների հետ շփումներից:

-Բացարձակապես նույն տպավորությունը չունեմ: Մի բան է համայնքային ընտրությունը, այլ բան՝ համապետական, կարծում եմ, սա նրա համար պետք է ակներև լիներ:

Թույլ տվեք նաև հիշեցնել, որ մինչև պատերազմը նրանք մեծ սիրով ու լայնէկրան ժպիտներով քայլում էին Գորիսի վերանորոգված փողոցներով և մեծ գովասանքներ շռայլում տեղի համայնքապետներին, նույն Մեղրու համայնքապետին, Գորիսի, Կապանի, Քաջարանի:

Այսինքն՝ մինչև պատերազմը տեղի համայնքապետների հետ առճակատման որևէ խնդիր չի եղել, ավելին՝ գովասանքի են արժանացել կատարած աշխատանքի համար: Բայց պատերազմը փոխում է ամեն բան, երբ համայնքապետը տեսնում է, որ կորսվում են իր համայնքի տարածքները, երբ տեսնում են, որ իր համայնքում հայտնվել են թշնամական զորքեր, բնական է, որ նրա վերաբերմունքը կփոխվեր և փոխվել է:

Հետևաբար այն պնդումը, որ համայնքապետները պետք է փոխվեն, ընդհանրապես անընդունելի է, մարդիկ շարունակում են սատարել իրենց համայնքապետներին՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից, որովհետև տարիների ընթացքում տեսել են նրանց կատարած աշխատանքը:

Այդ մարդիկ նույնիսկ տեղյակ չեն, թե ինչ է նշանակում «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենք, չեն հասկանում, որ մարզպետի ցանկությամբ չէ, որ համայնքապետը պետք է փոխվի: Համայնքապետն ընտրվում է տեղի համայնքի բնակիչների կողմից, նոր ընտրություններ կլինեն, և իրավիճակն այդժամ կպարզվի:

Ի՞նչ է նշանակում՝ նրանք պետք է հրաժարական տան, սա անընդունելի է և կարելի է դիտարկել որպես քաղաքական ճնշում և, այսպես կոչված կադրային ջարդ, որը հարիր չէ ժողովրդավարական երկրին:

-Իսկ իշխանությունն այսկերպ կկարողանա՞ հասնել ձեր մատնանշած քաղաքական նպատակներին:

-Կոնկրետ մեր մասով՝ բնականաբար չի հասնի, մենք մեր պայքարը մղել ենք ոչ թե ինչ-որ պաշտոն վերցնելու համար, այլ կասեցնելու այն գահավիժումը, որն այսօր տեղի է ունենում մեր երկրում: Օրինակ՝ նույն Մանվելը Փարամազյանը՝ Քաջարանի համայնքապետը, չի հանդիսացել պատգամավորի թեկնածու, չի եղել մեր դաշինքի անդամ:

Պատերազմի ողջ ընթացքում եղել է առաջնագծում, մասնակցել է Սյունիքի ինքնապաշտպանությանը, այսինքն՝ համայնքապետներն աշխատել են ի նպաստ իրենց համայնքի ու երկրի: Երբ վարչապետը գնացել է Գորիս ու հավաքել բոլոր համայնքապետներին և ասել, որ պետք է ինքնապաշտպանական ջոկատներ կազմել, բոլորը լծվել են այդ գործին, բայց երբ տեսել են, որ իրենց թիկունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Սյունիքի անվտանգության գոտին զիջելու, այլևս չեն լռել:

Բայց նրանցից և մեզանից ոչ ոք չի ընկճվել, և եթե իշխանությունը հանում է ուժեղ համայնքապետներին, ժողովուրդը՝ անկախ նրանից, որ մի մասն ընտրել է Նիկոլ Փաշինյանին, հերթական զիջման, հակապետական քայլի դեպքում նորից ոտքի է կանգնելու:

Թող չմտածեն, որ եթե Սյունիքում որոշակի քանակությամբ ձայներ են ստացել, ապա դա իրենց լեգիտիմ իրավունք է տալիս այլ զիջումների գնալու, ժողովուրդը դա թույլ չի տալու:

– Տիկի՛ն Գրիգորյան, իսկ ձեր դաշինքը ի՞նչ որոշում է ակնկալում Սահմանադրական դատարանից:

– Մենք ներկայացրել ենք մեր ունեցած բոլոր փաստերը և ակնկալում ենք, որ ՍԴ-ն ընտրությունների արդյունքներն անվավեր կճանաչի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am