Փաշինյանը ներկայացրեց քաղավիացիայի ոլորտում առկա խնդիրների պատճառները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց այն պատճառները, որոնց արդյունքում խնդիրներ են առաջացել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի ոլորտում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փաշինյանն այս թեմային անդրադարձավ ապրիլի 15-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին։

«Ներկայացնում եմ մի հատված` Հաշվեքննիչ պալատի տեղեկանքից, որն ինձ տրամադրվել է 2019թ. աշնանը. «01.10.2018թ. դրությամբ` ՀՀ-ում գրանցված 28 օդանավերից 18-ը բազավորված են աֆրիկյան երկրներում` Հարավային Սուդան, Չադ։ Աֆրիկյան երկրներում բազավորված օդանավերը հիմնականում իրականացնում են բեռնափոխադրումներ։ Ավիացիայի վարչությունը, պարբերաբար, ՀՀ ԱԳՆ-ի միջոցով, ՄԱԿ-ից ստացել է Անվտանգության խորհրդի բանաձևերի պահանջների կատարման գրություններ։

Ներկայացվել են նաև տեղեկատվություններ, որ ՀՀ-ում գրանցված օդանավերն աֆրիկյան երկրներում  ներգրավված են զենքի անօրինական փոխադրումներում»,-  ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ եվրոպական համապատասխան հանձնաժողովն արձանագրել է, որ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չի կարողանում վերահսկել ավիաընկերությունների գործունեությունը ՀՀ-ում։

Վարչապետը նշեց, որ տեղեկանքում ներկայացված է նաև, թե ինչու չի կարողանում վերահսկել։

«Ավիացիայի կոմիտեն Հայաստանում և Աֆրիկայում բազավորված օդանավերի նկատմամբ ունի պարտավորություններ, բայց մեր կարգավորումներով` չունի լծակներ այդ պարտավորությունները կատարելու, և դրա արդյունքում տեղի են ունեցել մի շարք զարգացումներ»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նաև մեկ այլ խնդիր, որն առաջացել է ոլորտում։

«2019թ. աշնանը եվրոպական կազմակերպությունը ստուգել է Հայաստանի ավիաընկերություններից մեկը, և դրա մասին նախնական զգուցացնող տեղեկանք է ուղարկել Ավիացիայի կոմիտե։ Ավիացիայի կոմիտեի պաշտոնյան, որն ի պաշտոնե պարտավոր էր անմիջապես զեկուցել կոմիտեի ղեկավարին, չի զեկուցել, և Ավիացիայի կոմիտեի ղեկավարն այդ տեղեկանքի մասին իմացել է երկու ամիս անց, Եվրոպայում տեղի ունեցած մի քննարկման ժամանակ, երբ իրեն տեղյակ են պահել եվրոպացի իր գործընկերները։ Այդ աշխատողն ազատվել է աշխատանքից և մի քանի օր հետո աշխատանքի է անցել այն ավիաընկերությունում, որում խախտումները հայտնաբերվել են»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Քաղաքացիական ավիացիայում առկա խնդիրների առնչությամբ երկու քրեական գործ կա հարուցված, եղել են նաև պաշտոնանկություններ։