Ղազախստանը ահաբեկիչների դեմ գործողությունը մինչև վերջ առաջ կմղի. ով չհանձնվեց, կոչնչացվի. Տոկաև

Ղազախստանում ձերբակալված ահաբեկիչների թվում կան շատ օտարերկրացիներ, որոնց վարձատրել են հանցագործություններ կատարելու համար: Ալմաթիում հարձակումն իրականացրել են 20 հազար խուլիգաններ: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

«Ղազախստանը ստիպված է եղել գործ ունենալ ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրացի ավազակների ու ահաբեկիչների հետ», -հայտարարել է նա, փոխանցում է «ՌԻԱ-նովոստի» գործակալությունը:

Նա նաև ասել է, որ հրաման է տվել առանց նախազգուշացման կրակել ահաբեկիչների վրա:

«Ղազախստանը ահաբեկիչների դեմ գործողությունը մինչև վերջ առաջ կմղի. ով չհանձնվեց, կոչնչացվի», -ընդգծել է Ղազախստանի նախագահը՝ նշելով, որ ահաբեկիչների գործողությունների հետևանքով Ալմաթիում սպանվել են հարյուրավոր քաղաքացիներ ու զինվորականներ: