Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանին

Հուլիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով և կարևորել երկու երկրների միջև հարաբերությունների ու գործակցության ընդլայնումը՝ նկատելով, որ դեսպանի մշտական ներկայությունը Հայաստանում էլ առավել պիտի արդյունավորի նրա աշխատանքը:

Նորին Սրբությունն անդրադարձել է հայ-սերբական պատմական կապերին՝ ընդգծելով Հայաստանյայց Առաքելական և Սերբ Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունները: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքն է բերել սերբ ժողովրդին արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած զորակցության համար։

Իր հերթին դեսպան Ցվետկովիչը, անդրադարձ կատարելով երկու ժողովուրդների պատմական անցյալին, ընդգծել է հայ և սերբ ժողովուրդների կյանքում առկա նույնական խնդիրները համատեղ, գործակցության ոգով հաղթահարելու անհրաժեշտության մասին:

Այս առիթով Վեհափառ Հայրապետը հաստատել է, որ քրիստոնեական միևնույն արժեքներ դավանող հայ և սերբ ժողովուրդները դարերի ընթացքում հույսով ու հավատքով են վերապրել բոլոր փորձությունները և լավատեսության ոգով հաղթահարել դրանք:Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքներն է բերեց նորանշանակ դեսպանին` մաղթելով վերջինիս արգասաբեր գործունեություն: